Եռակողմ հայտարարությունը չի լուծել ԼՂ հիմնախնդիրը․ ԱԺ նախագահը՝ ՌԴ դեսպանին

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը այսօր՝ հունվարի 27-ին, ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ աշխատակազմից։

Ըստ հաղորդագրության՝ Արարատ Միրզոյանը բարձր գնահատել ռուսական կողմի ակտիվ ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղում թե՛ մարտական գործողությունների դադարեցման և թե՛ ստեղծված հումանիտար խնդիրների հաղթահարման առումով: ԱԺ նախագահը շեշտել է, որ հայկական կողմի համար օրակարգային կարևորագույն հարցն այս համատեքստում շարունակում է մնալ հայ ռազմագերիների և գերեվարված անձանց վերադարձը հայրենիք։ Նա վստահություն հայտնել, որ ռուս գործընկերներն այս ուղղությամբ կշարունակեն միջնորդական ջանքեր գործադրել, որպեսզի ի կատար ածվի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության համապատասխան դրույթը:

Խորհրդարանի խոսնակն ընդգծել է նաև, որ եռակողմ հայտարարությունը չի լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, և հայկական կողմը պատրաստակամ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում վերսկսել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ՝ հիմք ընդունելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

ՌԴ դեսպանն իր հերթին նշել է, որ հիմնախնդրի ամբողջական կարգավորման, այդ թվում և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման համար անհրաժեշտ է շարունակել խաղաղ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

Մեկնաբանել