Անձամբ Ձեր անձի նկատմամբ Իրանում մեծ հարգանք են տածում․ Զարիֆը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը։

«Մենք այսօր շատ կարևոր հարցեր ունենք քննարկելու՝ մեր երկկողմ հարաբերությունների զարգացման և խորացման հարցը, այդ թվում նաև տարբեր հարթակներում մեր համագործակցության հարցերը: Իհարկե, տարածաշրջանում այսօր առկա իրավիճակը մեր քննարկումների կարևոր թեմաներից է լինելու: Տարածաշրջանի կայունությունը, խաղաղությունը և կայուն զարգացումը, կարծում եմ, մեր ընդհանուր հետաքրքրությունների տիրույթում է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Իրանի արտգործնախարարի խոսքով՝ Հայաստանը Իրանի լավ հարևանն է, և Հայաստան-Իրան հարաբերությունները շատ ջերմ են․ «Անձամբ Ձեր անձի նկատմամբ Իրանում մեծ հարգանք են տածում, այն քաջության վերաբերյալ, որ Դուք խաղաղության ուղղությամբ այդ քայլը վերցրեցիք»,- դիմելով վարչապետին ասել է Զարիֆը:

«Մենք ձեզ հետ ունենք ընդհանուր տարածաշրջանային մտահոգություններ: Այդ հակամարտության հենց առաջին իսկ օրվանից և՛ ձեզ հետ, և՛ տարածաշրջանի այլ երկրների հետ միշտ կապի մեջ ենք եղել և ցանկանում ենք այդ կապը պահպանել՝ ունենալով համագործակցության հեռանկարներ: Անշուշտ, Դուք գիտեք Իրանի դիրքորոշումը ճգնաժամի վերաբերյալ. դա միջազգային իրավունքի, ժողովուրդների, փոքրամասնությունների, ինչպես նաև տարածքային ամբողջականության պահպանումը և ուժի չկիրառումը: Անշուշտ, Դուք տեղյակ եք նաև մեր հոգևոր առաջնորդի պնդման մասին, որը հայերի անվտանգության պահպանումն է, ինչպես նաև նրանց արժանապատիվ կյանքի ապահովումը»,- նշել է Մոհամմադ Զարիֆը։

Ըստ հաղորդագրության՝ ՀՀ վարչապետը և Իրանի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել արցախյան պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և զարգացումների շուրջ:

Վարչապետը նշել է, որ դեռևս չլուծված են մնում շատ հարցեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, և Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:

«Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև հումանիտար խնդիրների շուրջ: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ կարևորագույն առաջնահերթություն է շարունակում մնալ ռազմագերիների վերադարձը, և հայկական կողմի ընկալումն այն է, որ նոյեմբերի 10-ի հայտարարության 8-րդ կետը պետք է կատարվի առանց նախապայմանների: Պարոն Զարիֆը նշել է, որ Իրանը հասկանում է Հայաստանի մտահոգությունները և պատրաստ է օժանդակել մարդասիրական ջանքերին»,- ասվում է հաղորդագրությունում։

Նիկոլ Փաշինյանը և Մոհամմադ Ջավադ Զարիֆն անդրադարձել են նաև երկկողմ հարաբերությունների օրակարգին և տնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարներին: Զրուցակիցները կարևորել են տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը և վերագործարկումը, ինչը կնպաստի առկա տնտեսական ներուժի իրացման ծավալների ավելացմանը:

Մոհամմադ Զարիֆը տարածաշրջանային այցի շրջանակում հունվարի 26-ին ժամանել էր Երևան։ Այսօր՝ հունվարի 27-ին, Իրանի ԱԳ նախարարը հանդիպել էր ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանին։

Մինչ Երևան ժամանելը, Իրանի արտգործնախարարը այցելել էր Բաքու և Մոսկվա։ Երևանից հետո Զարիֆը մեկնելու է Թբիլիսի։

Մեկնաբանել