Հպանցիկ «անհպումի» մասին

Լուսինե Հովհաննիսյան

Նոյեմբերի 10-ից չգիտենք՝ ինչպես են անում ու ինչ են անում նման դեպքերում, մեր դեպքին նման դեպքերում։

Նոյեմբերի 10-ին կարծում էի` բոլորս մեղք ենք, նույնիսկ՝ մեղավորները։ Բայց մութ հարցերը շատ են, մեղավորները սկսեցին խոսել, հռետորաբանությունը վերականգնվում է կամաց-կամաց, պատասխանատուները օր-օրի վերագտնում են անկոտրում կեցվածքը։

Բոլոր բարձրաստիճան ղեկավարների մեջ ամենից շատ դրական գնահատականները տալիս էինք պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, կամ գոնե ամենից քիչ բացասական բաները լսվում էին նրա հասցեին։ Կար համակրանք։ Ինչով էր պայմանավորված, չգիտեմ։

Հունվարի 25-ին «Մեդիամաքսին» տված հարցազրույցում, պատերազմից առաջ և պատերազմի ժամանակ պաշտապանության նախարար եղած Դավիթ Տոնոյանը, որին ՀՀ հասարակությունը չտեսավ և չլսեց  պատերազմի երկար քառասունհինգ օրվա ընթացքում և հաջորդ ծանրագույն օրերին, ինչպես նշվում է՝ «բացառիկ» հարցազրույցի ընթացքում, ասելիքը սովորական մի բանի մասին և կարևորը՝ սովորական պատմողական նախադասություններով պատմում է մեզ պատերազմի մասին։ Դասագրքրերում պատմողական նախադասությունը բնութագրվում է որպես նախադասություն, որտեղ «հնչերանգը, ռիթմը, տեմպը շատ «խաղաղ են»»։ (Վիգեն Ավագյան, «Շարահյուսություն», Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար)։

Լրագրողի առաջին հարցին, թե չի ափսոսում արդյոք «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» արտահայտության համար, պատերազմի ամբողջ ընթացքում և պատերազմին նախորդած երկու տարիների պաշտպանության նախարար աշխատած մարդն ասում է․ «Նույն տրամաբանությամբ պատերազմ կարող էր սկսվել ամեն օր, քանի որ Ադրբեջանի ղեկավարները մշտապես խոսում էին խնդրի ռազմական լուծման վերաբերյալ»։

Նախ՝ տրամաբանությունը նույնը չէր, ինչպես մի քանի նախադասություն հետո ապացուցում է նախկին նախարարը, որովհետև իրենք պատրաստ էին այդ պատերազմին, իսկ մենք, ինչպես պարզվում է՝ ոչ։

Բաց թողնելով «նույն տրամաբանության» մասին պնդումը, անցնենք հաջորդին։

Եթե «պատերազմ կարող էր սկսվել ամեն օր», ապա ինչու էինք մենք անպատրաստ։

Իսկ որ անպատրաստ էինք, հայտնում է նախարարը, ոչ՝ ես։

Հերթականությամբ անդրադառնանք նախկին նախարարի խոսքին։

Դավիթ Տոնոյանը հարցազրույցի ընթացքում ասում է․

«Իմ խորին համոզմամբ, 1994-ից հետո հայկական զինված ուժերի զբաղեցրած աշխարհագրական բնագծերի պայմաններում ամրաշինությունը, առաջնագծում մարտական հերթապահության կազմակերպումը և սպառազինությամբ և տեխնիկայով երկարաժամկետ առումով չէին լուծում արցախահայության անվտանգության ապահովման ու տնտեսական զարգացման գերխնդիրը։ 

Ո՞րն էր վերոհիշյալ բնագծերով սահմանազատված տարածքների պահպանման վերջնանպատակը՝ պատմական արդարության վերականգնո՞ւմը, արցախահայության և Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ և կայուն անվտանգության ապահովո՞ւմը, տնտեսական զարգացո՞ւմը, թե՞ Արցախի միջազգայնորեն ճանաչված կարգավիճակի դիմաց տարածքների վերդարձման վերաբերյալ վարվող բանակցային գորընթացի համար բարենպաստ պայմանների ստեղծումը»։

Նախկին նախարարը բացատրում է, որ առաջին երեքը չէին, իհարկե, քանի որ ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում խնդիրը վաղ թե ուշ հասցնելու էր պատերազմի, և տարածքների պահպանման վերջնանպատակը միջազգայնորեն ճանաչված կարգավիճակի դիմաց տարածքների վերադարձման վերաբերյալ վարվող բանակցային գործընթացի համար բարենպաստ պայմաններ ստեղծելն էր։

Հրաշալի տարբերակ  է։ Բայց ինչու դրան չէիք նախապատրաստում ժողովրդին։

Չէ՞ որ ժողովուրդը կարծում էր Արցախը Հայաստան է և վերջ, և Արցախ ասելով հասկանում էր նաև հետևողականորեն հայկական անուններով հիշատակվող Քարվաճառը, Քաշաթաղը, Կովսականը, Ջրականը։

Չէ՞ որ շարքային հայաստանցին չգիտեր, որ իր տղան վտանգում է կյանքը անհասկանալի տարածքներում, որ մի օր «շահեկան» տարբերակով դրանք վերադարձվեն կարգավիճակի դիմաց։

Չէ՞ որ զինվոր տվող քաղաքացին արժանի է տեղեկացված լինելու, գոնե որևէ ձևով, մի կերպ լուսավորված լինելու, հասկանալու, գոնե որպեսզի ամեն հաջորդ իշխանությանը չմեղադրի ինչ-որ տարածք հանձնելու ծանր մեղքի մեջ։

Չէ՞ որ սա կարևոր էր ոչ միայն ժողովրդի, այլև յուրաքանչյուր իշխանության համար։

Չէ՞ որ հակառակի մեջ էիք համոզում զինվոր տվող մարդկանց՝ հորն ու մորը, ասում էիք՝ եթե նոր պատերազմ լինի, նոր տարածք կլինի։

Եվ, ապա հաջորդ հարցը, որ հիմա տալիս է ամեն մարդ՝ ինչո՞ւ էր պետությունը, սփյուռքը միլիոնավոր դոլարներ ներդնում Քարվաճառի, Քաշաթաղի, մյուս՝ թեկուզև շահեկան տարբերակով հակառակորդ կողմին հանձնելու ենթակա տարածքներում։ Մի՞թե տարածքները պիտի պարտադիր հէկերով կամ հարյուրավոր կիլոմետր բարձրակարգ մայրուղիներով վերադարձվեին։

Իսկ պարոն նախկին նախարարն այդ տարիներին՝ 2004-2007-ին ՆԱՏՕ-ում ՀՀ ԶՈւ ներկայացուցիչ էր, 2007-2008 ՀՀ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության և պաշտպանական ծրագրերի վարչության պետ, 2008-2010 ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ,  2010-ից ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ,  2017-ին՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար,  2018-ից՝ ՀՀ պաշտպանության նախարար։ Պատահական մարդ չէր վաղուց։ Հայրենիքի «անիմաստ» ծախսերի մասին խոսե՞լ է երբևէ։

Բայց ամենակոնկրետ անկեղծությունն առջևում է։ Լրագրողի հարցին, թե նախարարն ասել էր, որ «պատերազմի դեպքում հայկական կողմը պետք է գործողություննները տեղափոխի հակառակորդի տարածք, և անհրաժեշտության դեպքում մեր գրոհայինները կարող են քաոս ստեղծել հակառակորդի թիկունքում, ինչու դա տեղի չունեցավ», արդեն նախկին նախարարը պատասխանում է․ «Մենք չհասցրեցինք պատրաստվել «անհպում» պատերազմին»։

Այսպես կարող էր ասել գեղասահքի մարզիչը աշխարհի առաջնության ժամանակ իր սաների անհաջող ելույթի մասին, օրինակ՝ «մենք չէինք հասցրել կատարելության հասցնել «тройной аксель»-ը (ներողություն, գեղասահքի հայերեն տերմինաբանությանը չեմ տիրապետում, քանի որ չկա հայկական գեղասահք): Բայց ոչ երբեք պատերազմող երկրի պաշտպանության նախարարը, այն էլ այդպիսի, դեպի սովորականը տանող ոճով։

«Մենք ճանապարհի սկզբին էինք»,- ասում էի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Քանի որ դուք այդպես սովորական ու հանգիստ «ճանապարհի սկզբին էիք», մենք այսօր ճանապարհի փակուղում ենք և ունենք մոտ չորս հազար զոհված տղա։ Երեկվա դրությամբ, պատերազմից մոտ երեք ամիս անց, այդ՝ շահեկանորեն  վերադարձվելիք տարածքներից հանել են 65 անճանաչելի դիակ, ծնողները ստանում են դիակներն ու ուրախանում։

Մենք ունենք մոտ չորս հազար այլևս ընդմիշտ դժբախտ մայրեր, մեղավոր հայրեր, բամզահազար տեղահանվածներ՝ անտուն ու անհեռանկար։ Ունենք կուրացած, անդամալույծ տղաներ։ Թշնամուն հանձնված Հադրութ, Շուշի, Քարինտակ ու էլի մի շարք գյուղեր։ Միայն այն պատճառով, որ պետությունը, բանակը մնացել էր ճանապարհի սկզբին և պատրաստ չէր «անհպում» պատերազմի։

Իսկ եթե, ինչպես նախարարն է ասում հարցազրույցում, «պատերազմը կարող էր սկսվել ամեն րոպե», և «մենք ճանապարհի սկզբին էինք» ու «պատարստ չէինք «անհպում» պատերազմի», արդյոք չէ՞ր նշանակում, որ վաղուց պետք է հնչած լիներ «չհասցրած» և «անպատրաստ» նախարարի հրաժարականը՝ փոխանակ պատերազմի ժամանակ ռադարներից անհետանալու, պատերազմից հետո ինքնամոռացվելու, որ պատերազմից որոշ ժամանակ անց,- պետք է ենթադրել՝ կարծելով, թե արդեն զոհված հասարակությունը խաղաղված կլինի,- սովորական տեմբրով բացառիկ հարցազրույց տալու։

Ասում է՝ «հայաստանյան որոշ քաղաքական գործիչների մելամաղձության դրսևորումները պարզապես անվտանգության սպառնալիք են»։ Հայաստանի քաղաքական գործիչների թեման շատ անհեռանկար թեմա է, բայց նրանց մելամաղձից հաստատ տասնութ տարեկան տղաները չեն մեռնում, չեն կուրանում, չեն այրվում, չեն հաշմվում․․․ գոնե։

Ոչ միայն պաշտպանության նախկին նախարարը, Փաշինյանն ու նրա մերձավոր շրջապատը ևս, բայց նաև նախարարը, որոշ ժամանակ ռադարներից անհետանալուց հետո հասարակական հարթակներում հայտնվում են «բայց ի՞նչ է պատահել» կեցվածքով։ Ամենայն հավանականությամբ, կիրառելով «ինքնուսույցով» հոգեբանություն սերտած մեկի խորհուրդը։

Պատահել է։ Շատ լուրջ բան է պատահել։ Շատ ծանր բան է պատահել։ Անկեղծ ասած՝ հաստատ չգիտեմ, բայց ենթադրություններ ունեմ, թե ինչու է հասարակությունը ինդիֆերենտ արձագանքում բոլոր պաշտոնյաների հանկարծ սովորական կերպարանքով հայտնվելուն, և այդ ենթադրությունները հոգեբանական առումով առանձնապես լավ բան չեն խոստանում։

Պատահել է։ Շատ լուրջ բան է պատահել։ Շատ ծանր բան է պատահել։ Անկեղծ ասած՝ հաստատ չգիտեմ, բայց ենթադրություններ ունեմ, թե ինչու է հասարակությունը ինդիֆերենտ արձագանքում բոլոր պաշտոնյաների հանկարծ սովորական կերպարանքով հայտնվելուն, և այդ ենթադրությունները հոգեբանական առումով առանձնապես լավ բան չեն խոստանում։

Մարդիկ գուցե միամիտ էին ու խեղճ, բայց քառասուներեք օրում  չորս հազար տղա կորցնելը հոգեբանության դասագրքի խորհրուրդներով լուծելու խնդիր չէ։ Բարդ է լինելու։

Հարցազրույցների, ելույթների, մարդաշատ վայրերում երևալու ակնհայտ նպատակային «սովորականությունը» չի կարողանալու լուծել խնդիրը։ Այս ծանրության խնդիրները լուծում են միայն ծանր հարցերին լուրջ փաստարկված պատասխանելով, և չունեն վաղեմության ժամկետ այս ծանրության և այս ծավալի դեպքերը։

Անհպում պատերազմին, իհարկե, պատրաստ չէիք դուք, բայց դա չի նշանակում, որ տղաներ կորցրած կանայք ու տղամարդիկ էլ պատրաստ չեն «պատերազմելու» հանցավոր անպիտանության, հանցավոր լռության, հանցավոր համակերպվածության կամ ավելի վատ բաների դեմ։

Գեղասահքի մարզչի վերլուծականին համարժեք տեքստերով այսպիսի պատերազմի մասին չեն խոսում։