Ո՞րը պետք է լինի հայության նոր հայրենասիրությունը

Էրիկ Հակոբյան

Հայկական իրականության ներկա հանգրվանը՝ Արցախյան պատերազմում կրած պարտությունից հետո, մեր բոլոր գաղափարներն ու մոտեցումներն ուսումնասիրելու պահն է։ Այն մեկնակետը, որտեղ կարելի է սկսել միավորել բոլոր հայերին Հայաստանում, Սփյուռքում և քաղաքական պառակտման երկու կողմերում, Նոր հայրենասիրությունն է։

Հայկական հայրենասիրությունն իր այժմյան իմաստով շատ դեպքերում անփոփոխ է մնացել 20-րդ դարասկզբի իր տարբերակի համեմատ, որը Հայոց ցեղասպանության համար արդարության որոնման և դրա հետ միասին կորցրած հողերի աշխարհագրության հետ կապված հայրենասիրություն էր։ Մինչդեռ վերջին 100 տարվա հայրենասիրությունից ազատվելու կարիք չկա, ժամանակն է թարմացնել այն և օգտակար դարձնել մեր ներկա ժամանակի համար։

Նոր հայրենասիրությունը պետք է սահմանվի և կազմակերպվի հետևյալ հինգ նպատակների շուրջ․

  • ժամանակակից տնտեսության կառուցում, որը կբարձրացնի Հայաստանում ապրող հայերի կենսամակարդակը,
  • ժողովրդավարական գործուն և շնորհալի պետական համակարգի ստեղծում,
  • աշխարհում լավագույն փոքրիկ բանակներից մեկի ստեղծում,
  • գիտության և կրթության մեջ զգալի ներդրումներ,
  • մեր մշակույթի և հավաքական խոսույթի խթանում, որը կմիավորի վերոգրյալ բոլոր արդիականացումները միասնական ու անկրկնելի հայկական պատմության մեջ և կկամրջի մեր անցյալն ու լուսավոր ապագան:

Նախքան աշխարհ գրավելը մենք պետք է գնահատենք ինքներս մեզ և հասկանանք մեր հավաքական թերությունները։ Մենք չկարողացանք գրագետ տնտեսություն, պետություն և բանակ կառուցել, որովհետև չափազանց երկար հանդուրժեցինք կոռուպցիան, միջակությունն ընդունեցինք որպես նորմ, և հնացած մտածողության ձևերը՝ որպես անցյալին հավատարմության նշան։ Նոր հայրենասիրության շարժիչ ուժը պետք է ստեղծի կոմպետենտության, բարձր չափանիշների, աշխատասիրության և անողոք պրագմատիզմի մշակույթ։ Այս նոր հայրենասիրությունը պետք է գնահատի մեր ազգի անցյալը, բայց հպարտանա միայն մեր այսօրվա ձեռքբերումներով։

Նոր հայրենասիրությունը տնտեսական զարգացման հարցում Համաշխարհային բանկի և ԱՄՀ-ի՝ մեր տնտեսության զարգացման համար գոյություն ունեցող մոդելը պետք է կիրառի հակադարձ։ Մենք պետք է արդյունաբերականացման գնանք այնտեղ, որտեղ դա տնտեսապես իրագործելի է՝ սկսած ռազմարդյունաբերական համալիրի ստեղծումից, որը պետք է դառնա հայկական տնտեսության վերաարդյունաբերականացման և գիտական հետազոտություններին ու զարգացմանը վերադառնալու գործիք։

Մենք նաև պետք է կենտրոնանանք ներկրումներին փոխարինող ծրագրերի վրա՝ տեղական արտադրությունը խթանելու համար, արագացնենք վերականգնվող էներգիայի աղբյուրներին անցումը՝ ինչպես տնտեսական, այնպես էլ անվտանգության նկատառումներից ելնելով, և զարկ տանք սննդամթերքի տեղական արտադրությանը՝ պարենային անվտանգության ամենաբարձր մակարդակին հասնելու համար, միաժամանակ կրկնակի թափ հաղորդենք մեր տնտեսության արդեն իսկ ուժեղ հատվածներին՝ բարձր տեխնոլոգիաներ, բանկային հատված և ծառայությունների ոլորտ։

Պետականաշինության մեջ նոր հայրենասիրությունը, ըստ էության, երկար ուղի է պետական ինստիտուտներով: Այս պահին մենք չունենք ռեսուրս, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետներում պետական ողջ ոլորտը հասցնենք մասնագիտական չափանիշների, ոչ էլ քաղաքական կամք ունենք՝ մեր անարդյունավետ պետական բյուրոկրատիայի զգալի մասից ազատվելու համար՝ հաշվի առնելով նման գործողությունների սոցիալ-տնտեսական բացասական հետևանքները։ Սակայն մենք կարող ենք սկսել առաջնային կարևորություն ունեցող ոլորտներում գերազանցության կղզյակներ ստեղծելուց, որոնց առաջին եռյակում են ռազմական ոլորտը, արտաքին գործերի նախարարությունը և արտերկրում հետախուզական ծառայությունների ստեղծումը։

Այս կատարելության կղզյակները կլինեն ոլորտներ, որտեղ կունենանք քանակապես քիչ, սակայն կոմպետենտ մարդկանց՝ մասնավոր հատվածին համաքայլ աշխատավարձերով, բարձր մասնագիտական գիտելիքներով։ Մենք արդեն ունենք նման համակարգ Հայաստանի Կենտրոնական բանկում՝ շատ լավ կառավարվող կազմակերպություն, որտեղ աշխատանքի վարձատրության մակարդակն ըստ օրենքի համապատասխանում է մասնավոր հատվածի մակարդակին։

Ռազմական ոլորտում նոր հայրենասիրությունը նախևառաջ մի բան է նշանակում։ ԱՅԼԵՎՍ ԵՐԲԵՔ ԹՈՒՅԼ ՉՏԱԼ, ՈՐ ԿՐԿՆՎԻ այն, ինչ մեզ հետ պատահեց 44-օրյա պատերազմի ժամանակ։ Մենք պետք է խոստանանք ինքներս մեզ, որ այդ սկզբունքը վեր է ամեն ինչից։

Մեր բանակը ամբողջական բարեփոխման կարիք ունի։ Իրականության մեջ դա նշանակում է, որ մենք պետք է ուսումնասիրենք պատերազմի ձախողումները, հեռացնենք կոռումպացվածներին, ոչ կոմպետենտներին և միջակներին ու փոխարինենք նրանց այն լավագույններով, որ երկիրն ունի: Մենք պետք է կառուցենք բանակ, որը կարող է պաշտպանել Հայաստանն ու Արցախի ժողովրդին ամենագրագետ ղեկավարվող ու սպառազինված հակառակորդներից։

Դա, անշուշտ, կպահանջի ապագայի սպառազինության վրա կենտրոնացած ռազմարդյունաբերական համալիրի ստեղծում, հատկապես կապի, ռոբոտաշինության, ինչպես նաև անօդաչու և հակադրոնային տեխնոլոգիաների ասպարեզում: Այլևս երբեք չպետք է մեր քաջ տղամարդկանց և կանանց խնդրենք ճակատամարտի գնալ թերի զենքով, մարտավարությամբ կամ առաջնորդության ներքո։

Նոր հայրենասիրությունը ներդրում է կատարում գիտության և տեխնիկայի մեջ։ Անհնար է լինել հաջողակ ժամանակակից երկիր՝ առանց կրթական և տեխնոլոգիական գերազանցության կղզյակներ ստեղծելու: Չնայած ռեսուրսների պակասին ՝ մենք պետք է հավաքական կերպով բերենք և վերակենդանացնենք գիտության և տեխնիկայի այն լուրջ ավանդույթները, որոնցով Հայաստանը հայտնի էր խորհրդային շրջանում։ Եթե Հայաստանում դժվար է ռեսուրսներ գտնել, ապա հենց այստեղ է, որ Սփյուռքը կարող է իր վրա վերցնել պատասխանատվության իր բաժինը՝ ստեղծելով բազմաթիվ Թումոներ և Ամերիկյան համալսարաններ, որպեսզի վերակենդանացնի մեր գիտությունն ու կրթությունը ՝ նպաստելով երկրի արդիականացմանը։

Մշակութային ոլորտում նոր հայրենասիրությունը նշանակում է թույլ չտալ, որ մեր երկիրը դառնա միանմանության և հարմարվողականության ևս մեկ ֆորպոստ՝ շարունակ միատարր դարձող աշխարհում, որն ունի արդիականության և ազատության միայն մեկ հայեցակարգ։

Մենք պետք է պատմենք մեր պատմությունը, Հայաստանի մեր բրենդինգը։ Մեր բրենդը, մեր պայմաններով, ազատության մեր հայեցակարգի համաշխարհայնացումն ու արտահանումն է։ Ազատություն՝ ապրելու համերաշխության մեջ՝ ի հեճուկս բռնապետության բոլոր տեսակների։ Ի տարբերություն Արևմուտքի, որտեղ ազատության հասկացությունը «ինչ որ բանԻՑ» ազատություն է, այլ ոչ թե «ինչ որ բան անելՈՒ» ազատություն։

Մենք պետք է յուրացնենք Նոր հայրենասիրության այդ գաղափարը, այդ նոր հայրենասիրությունը պետք է մճեզ վրա անձամբ ինչ-որ բան արժենա և իր մեջ ներառի զոհողություններ։ Այն երբեք չպետք է լինի էժանագին։ Յուրաքանչյուր նոր աշխատանք, յուրաքանչյուր նոր ձեռնարկություն, յուրաքանչյուր նոր հետազոտական լաբորատորիա, յուրաքանչյուր զինված և պատշաճ կերպով պատրաստված զինվոր, կրթություն ստացած յուրաքանչյուր կոմպետենտ դիվանագետ պետք է համարվի հայրենասիրության բարձրագույն ձև:

Այս ամենը հնարավոր է անել, իրականում մենք այլընտրանք չունենք դա կյանքի չկոչելու։

Թարգմանությունը ՝ Զառա Պողոսյանի

Read the article in English: The New Armenian Patriotism