Օրինաչափ կրակոցներ

Այն, ինչ կատարվում է Գյումրիում, կարելի է հանդիպել hոլիվուդյան լավագույն գանգստերական ֆիլմերի սցենարներում: Արդեն տևական ժամանակ է, ինչ Գյումրին նույնացվում է հանցագործ համբավ ունեցող քաղաքի հետ, որտեղ պարբերաբար հնչում են կրակոցներ և թափվում է մարդկային արյուն: Վերջին դեպքը դրա վառ վկայությունն է, երբ օրը ցերեկով մարդ են գնդակահարում հանրապետության երկրորդ քաղաքում: Իհարկե, նման դեպքեր լինում են թե՛ մայրաքաղաքում, թե՛ հանրապետության այլ քաղաքներում, պարզապես Գյումրում սպանությունները միշտ էլ աղմկոտ են, քանի որ կապված են մարզի և քաղաքի վերնախավի ու բարձրաստիճան պաշտոնյանների հետ: Շիրակի մարզում հատկապես և հանրապետությունում ընդհանրապես քաղաքական վերնախավն ու բարձրաստիճան պաշտոնյաններից ոմանք կարծես վատ սովորություն ունեն հարաբերությունները պարզել կրակոցների միջոցով:

Արդյո՞ք Գյումրիում տեղի ունեցած վերջին դեպքը, երբ գնդակահարվում է գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանի աղջկա փեսացուն, պատահականություն էր: Կարելի է ասել, որ հաստատված խաղի կանոնների պարագայում սա ավելի շատ օրինաչափություն է: Պատճառները բազմաթիվ են՝ ինչ-որ բան չի հաջողվում կիսել կամ ըստ իրենց պատկերացումների՝ որևէ մեկը դավաճանում է թիմին և այլն: Այդպիսի բաների համար կա՛մ գնդակահարում են, կա՛մ էլ լավագույն դեպքում մասշտաբային ծեծկռտուք սարքում:

Սակայն փաստը մնում է փաստ, որ վերջին տարիներին Գյումրիում տեղի ուենցած աղմկոտ սպանություններն ու կասկածելի մահերը շատ դեպքերում կապված են ՀՀԿ մարզխորհրդի նախագահ, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և նրա շրջապատի մարդկանց անվան հետ: Հետքարքիր է՝ ինչքան արյուն պետք է թափվի Գյումրիում, որ «Հավատանք, որ փոխենք»-ի հեղինակները նկատեն մի քանի հոգու պաճառով գանգստերական իմիջ ձեռք բերած քաղաքում տեղի ունեցող դեպքերի բուն պատճառները: Իսկ պատճառներն այնքան ակնհայտ են, որ դրանք չնկատելը պարզապես նշանակում է մեղքի մեծ բաժին ունենալ թափված արյան համար:

Հետաքրքիր է, որ Շիրակի մարզային ոստիկանության նորանշանակ պետ Կարեն Բաբակեխյանը անցած տարվա դեկտեմբերի 29-ին խոստացել էր, որ Գյումրիում աղմկահարույց կրակոցներ չեն հնչելու: Իսկ Բաբակեխյանի ընկեր, Շիրակի մարզպետ, գեներալ Աշոտ Գիզիրյանը նրան խորհուրդ էր տվել նման բան չխոստանալ: Գեներալը թերևս ավելի լավ է պատկերացնում այն համակարգի արատները, որի մեջ գտնվում է:

Մեկնաբանել