Մասնակցելու ենք և կրելու ենք․ Ռոբերտ Քոչարյանը՝ հնարավոր արտահերթ ընտրությունների մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել մի քանի լրագրողների։ Հարցազրույցը հեռարձակվել է «5-րդ ալիք» հեռուստաընկերությամբ։ Զրույցից Քոչարյանի որոշ հայտարարություններ ՍիվիլՆեթն առանձնացրել է ստորև։

Պատերազմի մասին

Խոսելով 44-օրյա պատերազմի մասին՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց․ «Վարչապետը արեց ամեն ինչ պատերազմ ունենալու համար և չարեց ոչինչ, պատերազմը կանգնեցնելու համար։ Արեց ամեն ինչ պատերազմում պարտվելու համար և չարեց ոչինչ պատերազմում չպարտվելու համար»։

Նրա խոսքով՝ մեկ պատերազմի համար չափից դուրս շատ էին սխալները։

«Իսկ ի՞նչ է ճիշտ արվել պատերազմ չունենալու համար և պատերազմում չպարտվելու համար։ Այս երկուսուկես ամսվա ընթացքում չի ասվել, թե ինչ է ճիշտ արվել իշխանության կողմից, վարչապետի կողմից այս իրավիճակին չհասնելու համար։ Ասում են՝ երեսուն տարի, նախկիններ, բայց կոնկրետ այս ընթացքում ինչ է արվել, չի ասվում»,- ասաց Քոչարյանը։

Նա թվարկեց սխալները, որոնք, ըստ իրեն, թույլ է տվել գործող իշխանությունը պատերազմից առաջ․

«Դիվանագիտական ձախողում, բանակցային գործընթացը փակուղի մտցնել, հրահրել Թուրքիային և Ադրբեջանին, քայլերով միավորել նրանց մեր դեմ, պատերազմի ժամանակ փորձառու հրամանատարների չեզոքացում, կանոնավոր բանակից անցում դեպի ջոկատներ»։

Քոչարյանի խոսքով՝ «ողջամիտ կասկած կա, որ սա եղել է նախօրոք պարտությունը պլանավորած պատերազմ»։

«Հայաստանը դարձել է Ռուսաստանի պրոտեկտորատ»

Անդրադառնալով պատերազմից հետո Սյունիքում ծագած խնդիրներին՝ Քոչարյանն ասաց․ «Մենք Սյունիքը չենք կորցրել մեկ պատճառով՝ Ռուսաստանի ռազմական բազայի և Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական պայմանագրի շնորհիվ։ Նման երկրների անունը պրոտեկտորատ է։ Այսօր մենք փաստացի Ռուսաստանի պրոտեկտորատն ենք Հարավային Կովկասում, որովհետև մեր անվտանգությունը ապահովում է Ռուսաստանը։ Բարեբախտաբար գոնե դա կա։ Ուրեմն այս իշխանությունը հզոր երկրի ռազմաքաղաքական դաշնակցի կարգավիճակից դարձել է այդ երկրի պրոտեկտորատը։ Ճակատագրի հեգնանքն այն է, որ դա արել են մարդիկ, որոնք Ռուսաստանի դեսպանատան դիմաց ցույցեր էին անում ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու պահանջով։ Այդ մարդիկ մեզ ռազմաքաղաքական դաշնակցից դարձրել են պրոտեկտորատ»։

Դիտարկմանը, որ գործող իշխանությունները հաճախ էին խոսում ինքնիշխանության մասին, Քոչարյանն ասաց․

«Մենք պետք է այժմ խոսենք ինքնիշխանության բեկորներից, եթե քո անվտանգությունը ուղղակի կախված է Ռուսաստանից։ Հիշո՞ւմ եք՝ մեկ տարի առաջ մի հանրահավաքի ժամանակ ասում էին` նախկինները պետությունը հասցրել էին «ճ» կլասի, օտարի սապոգ լիզողներ էին։ Երևի այդ օտարի սապոգը ենթադրվում էր ռուսական սապոգը։ Հիմա այդ ինքնիշխան լեզուն դառել է կոշիկ մաքրելու խոզանակ»։

Ըստ Քոչարյանի՝ Ռուսաստանին թույլ Հայաստանը ձեռնտու չէ, ձեռնտու չէ Հայաստանը, որը բեռ կլինի իրենց բյուջեին․ «Մենք պետք է վերականգնենք ռազմավարական դաշնակցի կարգավիճակը։ Ռուսաստանին այստեղ պետք է ուժեղ Հայաստան, և մեր շահերը համընկնելու են»։

Գերիների մասին

Ըստ Քոչարյանի՝ գերիների հարցն Ադրբեջանն օգտագործում է որպես ճնշում, որպեսզի Հայաստանից Արցախ զինվորականներ չուղարկվեն։ Նրա խոսքով՝ եթե անգամ ներկայում պահվող գերիները վերադարձվեն, չի բացառվում, որ Ադրբեջանը նորից գերիներ վերցնի։

Ճանապարհների ապաշրջափակման, Մեղրիի միջանցքի մասին

Խոսելով տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակման մասին՝ Քոչարյանը նշեց, որ դա դրական լինելով հանդերձ՝ մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի գյուղատնտեսության համար, քանի որ Ադրբեջանում էներգակիրներն էժան են, իսկ Թուրքիայում գյուղոլորտը լայնածավալ սուբսիդավորվում է։ Ըստ Քոչարյանի՝ Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի իր արտադրողներին և վերամշակող արդյունաբերությունը պաշտպանելու համար։

Անդրադառնալով 2001-ի Քի Վեսթի կարգավորման պլանին՝ նա ասաց․

«Մեղրիի ճանապարհը Ադրբեջանի համար այն հետաքրքրությունն էր, որի համար իրենք պատրաստ էին զիջումների։ Քի Վեսթում Ղարաբաղը միջանցքով միացվում էր Հայաստանին։ Միջանցքը նույն կարգավիճակը պետք է ունենար, ինչ Ղարաբաղը։ Դիմացը ընդամենը սուվերեն ճանապարհի հարց էր լուծվում Ադրբեջանի և Նախիջևանի միջև։ Ընդամենը։ Հիմա [Ադրբեջանը] սաղ վերցրել են, ամեն ինչ կա, և այդ ճանապարհն են ստացել։ Դա իրենց երազանքն էր։ Եվ այդ երազանքը մատուցվեց Ադրբեջանին։ Ինչ ենք ստանում դիմացը, ես չգիտեմ»։

Ներքաղաքական գործընթացների մասին

«Ինչո՞ւ 16-17 ուժերին չհաջողվեց իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին» հարցին Քոչարյանը պատասխանեց․

«Ես չեմ համարում, որ չի ստացվել։ Ամեն ինչ դեռ առջևում է։ [Պատերազմից հետո] Առաջին շաբաթվա այլընտրանքն այն էր՝ իշխանափոխությունը լինի սահմանադրակա՞ն ճանապարհով, թե՞ հեղափոխական։ Եթե մարդիկ մի քիչ նամուս ունենային, նաև՝ սեր սեփական երկրի նկատմամբ ու ամոթի զգացում, պետք է ներողություն խնդրեին ժողովրդից, հրաժարական տային։ Չարվեց։ Ընտրությունը դրա մեջ է՝ գնալ հերթական հեղափոխությամբ, թե լեգիտիմ ճանապարհով։ Իսկ լեգիտիմ ճանապարհը շատ պարզ ճանապարհ է։ Ընդամենը 20-25 պատգամավոր, եթե ունեն հայրենասիրական զգացում, պետք է դուրս գային [ԱԺ «Իմ քայլը»] խմբակցությունից, և կաշխատեր այն ծրագիրը, որի համար այս 17 կուսակցությունները միավորվեցին։ Չարեցին։ Սա է այսօր մեր գործող քաղաքական էլիտայի որակը»։

Ըստ Քոչարյանի՝ երկրում կա 200-300 հազար հոգի, որ պատրաստ է դուրս գալ փողոց։ Նրա խոսքով, երբ եղանակը տաքանա, կարող են քաղաքական պրոցեսներ սկսվել։

16-17 կուսակցությունների միավորման մասին նա նշեց, որ այդ գործընթացի առաջին հաջողությունն այն է, որ իշխանությունն սկսեց խոսել արտահերթ ընտրությունների մասին։

Քոչարյանի խոսքով՝ ողջամիտ մոտեցում է, երբ ժամանակավոր կառավարությունը ղեկավարի վարչապետ, որը չի հավակնում շարունակել ղեկավարել կառավարությունը արտահերթ ընտրություններից հետո, ինչը նշանակում է՝ նա չի կիրառելու վարչական ռեսուրս վերընտրվելու համար։

«Ինչ է ասում իշխանությունը՝ գնանք ընտրությունների, բայց ես պետք է մնամ։ Ես խոստանում եմ ազատ, արդար ընտրություններ։ Հիմա այս իշխանության խոսքին կարելի՞ է հավատալ։ Ո՞նց կարելի է հավատալ այն մարդկանց, որոնք օրը հինգ անգամ ստում են։ Եվ սուտը դառել է մեր քաղաքական մշակույթի անբաժանելի մաս»։

Հնարավոր արտահերթ ընտրություններին իր մասնակցության մասին

Պատասխանելով ընթացիկ և ապագա գործընթացներում իր դերակատարության մասին հարցին՝ Քոչարյանն ասաց, որ կոչ է արել իր կողմնակիցներին մասնակցել քաղաքական գործընթացներին, և նրանք ակտիվ մասնակցում են։

«Որոշ ներգրավվածություն ունեմ նաև ես՝ հանդիպումների ձևով, մտքերի փոխանակման ձևով։ Ինչո՞ւ ես ավելի ակտիվ չեմ ներգրավվել։ Պետք է ազնիվ լինեմ՝ պատճառը հետևյալն էր․ «Իմ քայլը» խմբակցության համար ես մի մարդ եմ, որին իրենք երկու տարի պահել են բանտում և, իրենց մտածելով, ինձ իշխանություն տալու պարագայում ես սուրը հանելու եմ և աջուձախ վրեժխնդիր եմ լինելու իրենց հետ։ Մինչև այսօր դա են ասում, սրսկում իրենց ուղեղները։ Այդ մարդիկ այդպես են մտածում, որովհետև հավանաբար իրենք այդպիսին են։ Պատճառը նաև դա էր, որ ես ինձ հեռու պահեցի այդ գործընթացներից, որ այդ նույն գործոնը չօգտագործվի այդ 20, 25, 30 պատգամավորներին վախեցնելու համար։ Տրամաբանական էր»։

Խոսելով հնարավոր արտահերթ ընտրություններին իր մասնակցության մասին՝ Քոչարյանն ասաց, որ ունեն քաղաքական պայքարի համար անհրաժեշտ ամբողջ գործիքակազմը, կա նաև թիմ։

«Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա շատ ավելի ճիշտ կլիներ, որ լիներ մի լագ, որի ընթացքում հնարավոր կլիներ վիճակը կայունացնել և շատ ավելի հանգիստ միջավայրում կազմակերպել ընտրություններ, որովհետև այսօր արտահերթ ընտրություններն այս մթնոլորտում, այս հակասությունների, անորոշությունների, զգայուն հարցերի պատասխանների բացակայության պարագայում իսկապես վտանգավոր են։ Դրա համար ճիշտը այդ ֆորմատն է, այդ լագն է։ Բայց այնուամենայնիվ, եթե իշխանությանը հաջողվի պարտադրել ընտրություններ ավելի արագ, իսկ իրենք ոնց որ այդ ձայներն ունեն խորհրդարանում, կրկին չեմ կարծում, որ ճիշտը չմասնակցելն է։ Կարծում եմ, որ մասնակցելը ճիշտ է։ Հակառակ դեպքում մենք հնարավորություն կտանք այս մարդկանց վերահաստատել իրենց իշխանությունը»։

Քոչարյանի խոսքով՝ եթե գործող իշխանություններն այնուամենայնիվ չեն հասկանում, որ ներկայիս պայմաններում ընտրությունները վտանգավոր են երկրի համար, և այնուամենայնիվ գնան այդ քայլին, ինքը մասնակցելու է․

«Ընտրություններում իրենց մենակ թողնել հանրության հետ, չեմ կարծում, որ ճիշտ է։ Դրա համար այո՛, մասնակցելու ենք և կրելու ենք»։

ՍիվիլՆեթ

Մեկնաբանել