Ադրբեջանը երբեք հենց այնպես չի վերադարձրել գերիներին․ զրույց Էմիլ Սանամյանի հետ

Հարավային Կովկասի հարցերով փորձագետ, լրագրող, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտի Focus on Karabakh ծրագրի խմբագիր Էմիլ Սանամյանը ՍիվիլՆեթի Ստելլա Մեհրաբեկյանի հետ զրույցում գնահատում է 44-օրյա պատերազմի ընթացքը, հետևանքները։ Զրույցը թարգմանաբար և խմբագրումներով՝ ստորև։ 

– Էմիլ, հետևելով Հայաստանում ընթացող գործընթացներին, իշխանությունների, մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին ռազմագերիների, Շուշիի մասին՝ ի՞նչ տպավորություն ունեք՝ որքանո՞վ են այսօրվա իշխանությունները ունակ լուծելու երկրի առջև ծառացած կենսական հարցերը։

– Իհարկե, Հայաստանի քաղաքացիներն են որոշում՝ ինչպիսի իշխանություններ ունենալ։ Սակայն կողքից դա շատ ողբերգական է երևում։ Ապաշնորհության այն մակարդակը, որը ցուցաբերեց Հայաստանի ղեկավարը պատերազմի ընթացքում, դրանից առաջ ու հետո, պարզապես չի տեղավորվում ուղեղի մեջ։ 

– Հայաստանի ընդդիմությունը պահանջում է Փաշինյանի հրաժարականը, սակայն նա կարծես չի պատրաստվում հեռանալ։ Ըստ ձեզ՝ երկրի ղեկավարի փոփոխությունը կարո՞ղ է ինչ-որ բան փոխել այս բոլոր խնդիրների՝ ռազմագերիների վերադարձի, անվտանգության հարցերի լուծման հարցում, և արդյոք հարմա՞ր է Փաշինյանը Մոսկվային։

– Որոշ հարցերում՝ իհարկե, հարմար է։ Եթե խոսում ենք Ռուսաստանի դիրքորոշման մասին, որն այսօր շատ կարևոր է, և կարևոր էր մինչև այս իրադարձությունները ևս․․․ ռուսների տեսանկյունից՝ իրենք լուծում են հարցեր, որոնք իրենց դեմ դրվում են։ Եթե կա Փաշինյանի նման առաջնորդ, որը նրանց առաջ ոչ մի հարց չի դնում և նրանց համար հարցեր է լուծում, ապա այդ տեսանկյունից նա իրենց համար հարմար է։ Սակայն Մոսկվայի համար երկարաժամկետ առումով Հայաստանում նման իշխանության գոյությունը թերևս,- հաշվի առնելով, որ Հայաստանը Ռուսաստանի համար այսպես, թե այնպես գործընկեր է,- չեմ կարծում նրա շահերին համապատասխանում է։ 

Չգիտեմ՝ որքան կձգվի այս իրավիճակը․ Ռուսաստանի իշխանությունները հստակ ցույց տվեցին, որ չեն պատրաստվում ուղղակիորեն խառնվել այս հարցին, և այսօր Հայաստանում տեղի ունեցողը ընդհանուր առմամբ նրանց ձեռնտու է։ 

– Հունվարի 11-ին Մոսկվայում հանդիպեցին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները, համաձայնության եկան եռակողմ աշխատանքային խմբի ստեղծման շուրջ, որը կզբաղվի տարածաշրջանում տրանսպորտային ու հաղորդակցության ուղիների ապաշրջափակմամբ։ Նախ, կցանկանայի լսել ձեր կարծիքը այս բոլոր գործընթացների, ապաշրջափակման վերաբերյալ այն պարագայում, երբ հայկական կողմի համար առաջնային է գերիների վերադարձը։ Ինչո՞ւ է Ալիևը արգելակում այս հարցի լուծումը, արդյոք կա՞ ինչ-որ կուլիսային սակարկություն, և եթե այո, ապա ինչի շուրջ է այն։

– Նախ, Ադրբեջանը երբեք հենց այնպես չի վերադարձրել ռազմագերիներին կամ գերիներին՝ որպես բարի կամքի դրսևորում։ Հայ-ադրբեջանական հակամարտության ամբողջ պատմության ընթացքում նրանք միայն փոխանակումներ են իրականացրել, երբեմն փոխել են ադրբեջանցի ռազմագերիներին բենզինի կամ սոլյարայուղի դիմաց։ Ինչ-որ բանի հետ փոխել են։ Այսօր Հայաստանը չունի ադրբեջանցի գերիներ կամ ռազմագերիներ, այդ պատճառով էլ ոչ մի բան ու ոչինչ չունենք՝ հայ ռազմագերիների հետ փոխանակելու։ Հաշվի առնելով այն, որ Ադրբեջանն ունի հայ ռազմագերիներ, և չի քննարկվել այն հարցը, թե ինչպես վաթսունից ավել մարդ հայտնվեց գերության մեջ, ուղղակի անհասկանալի է։ Ակնհայտորեն, այստեղ ինչ-որ լուրջ խնդիր կա ղեկավարության ու կազմակերպչական մակարդակով։ 

Ադրբեջանը Հայաստանից պահանջում է կատարել իր պահանջները, օրինակ՝ պաշտոնյաները Արցախ մեկնեն միայն Ալիևի թույլտվությամբ, որ հայկական զորամիավորումներ այլևս չլինեն Ղարաբաղում։ Կարծում եմ՝ Ալիևը կապում է գերիների վերադարձը նրա հետ, որ Հայաստանը լիովին հրաժարվի Ղարաբաղից։  

Կոմերսանտ թերթի հրապարակած՝ տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման քարտեզը։– Ի՞նչ կասեք առևտրային ու հաղորդակցությանն ուղիների մասին։

– Այդ ամենը դեռ օդում կախված է այդ քարտեզի վրա։ Այդ քարտեզի մեծ մասը գոյություն չունի։ Այսինքն՝ այնտեղ պետք է լրիվ զրոյից կառուցել։ Եթե նայենք Ռուսաստանի, նաև Ալիևի  առաջնահերթ նպատակներն, Ռուսաստանն այժմ Ղարաբաղում խաղաղապահների միավորում ունի, և կցանկանար ունենալ թե՛ զորակազմի, թե՛ զինտեխնիկայի՝ Ստեփանակերտ ուղիղ փոխադրման հնարավորություն։ Այսինքն, նրանք ցանկանում են Ալիևի թույլտվությունը՝ Ստեփանակերտում ավիաբազա բացելու համար։ Իսկ Ալիևի և ժամանակին Հեյդար Ալիևի ուզածը՝ Ադրբեջանից Մեղրիով Նախիջևան ուղիղ ճանապարհն է, որպեսզի այդ ճանապարհը վերահսկվի ռուսական զինվորականների կողմից, և որպեսզի նրանք անխոչընդոտ կարողանան մեքենայով ճանապարհորդել Ադրբեջանից Նախիջևան և հակառակ ուղղությամբ։ 

Հետագայում նրանք, հնարավոր է, ցանկանան ընդլայնել այդ ենթակառուցվածքները, զրոյից կառուցել երկաթուղի, քանի որ այն երկաթուղին, որ կա Օրդուբադի ու Հորադիզի միջև, գոյություն չունի։ Զրոյից պետք է կառուցել նաև Կարսի ու Նախիջևանի միջև ճանապարհը։ Դրա համար տարիներ կպահանջվեն։ Այն, ինչ Կոմերսանտ թերթը ներկայացրել է իր քարտեզում, շատ տեսական է։ Այսօր ուղիղ հարցերը հետևյալն են՝ Ռուսաստանը ցանկանում է թեթևացնել դեպի Ղարաբաղ զինծառայողների ու տեխնիկայի տեղաշարժի լոգիստիկան, իսկ Ադրբեջանը՝ տարբեր մարդկանց ու միջոցների լոգիստիկան դեպի Նախիջևան։  

– Ռուսաստանցի քաղաքագետ, ԱՊՀ երկրների հարցերով փորձագետ Արկադի Դուբնովը ՍիվիլՆեթի հետ զրույցում նկատեց, որ Մոսկվան այսօր շահագրգռված չէ կարգավիճակի հարցի լուծմամբ, սակայն հնարավոր է՝ որոշ ժամանակ հետո իր վերահսկողության տակ գտնվող տարածքը վերածի պրոտեկտորատի։ Այսինքն՝ Ղարաբաղը դառնա ռուսական։  

– Դա մեծապես կախված է Հայաստանում ու Ղարաբաղում իրադարձություներից։ Այս պահին Ղարաբաղի հայ բնակչության զգալի մասը վերադարձել է, սակայն վստահ չեմ՝ ինչ տոկոսային հարաբերակցությամբ, որովհետև ռուսական իշխանությունները խոսում են Ղարաբաղ վերադարձողների մասին, իսկ Ղարաբաղից դուրս եկողների մասին ոչ մի տեղեկատվություն չկա։ Այսինքն, հիսուն հազար մարդ է վերադարձել, սակայն չգիտենք՝ նրանցից որքանն է մնացել, որքանը հեռացել։ 

Մենք գիտենք, որ Քելբաջարից ու Լաչինից հայկական զորքերի դուրսբերումից հետո բնակչությունը լքել է այդ շրջանները։ Դա ավելի քան տասը հազար մարդ է, և այդ մասին չեն խոսում, որ տեղի ունեցավ հայկական զորամիավորումների դուրսբերման և Ռուսաստանի ու Ադրբեջանի պահանջի արդյունքում։ Որքանով կայուն կլինի Ղարաբաղի հայ բնակչությունը, մեծ հարցականի տակ է՝ հաշվի առնելով այն հանգամանքները, որոնց այժմ պարբերաբար ականատես ենք լինում՝ մարդկանց գերեվարում, ռազմագերիների սպանություն, սեփականության առգրավում և այլն։ Այսինքն, կցանկանա՞ն մարդիկ այնտեղ բնակվել։ Դա մեծ հարց է։ Եթե լինի նվազագույն անվտանգություն․․․ իհարկե, ամեն ինչ մեծապես կապված է Հայաստանի հետ։ 

Այսինքն, եթե Հայաստանում չկա կազմակերպված ղեկավարություն, որն ի վիճակի է Ղարաբաղում կազմակերպել նվազագույն ինքնապաշտպանություն, ապա իրավիճակը կշարունակի ընթանալ երկրի փլուզման և Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության փլուզման ուղղությամբ, որովհետև Ղարաբաղում Հայաստանի քաղաքացիներ են բնակվում։ Դա պետք է հաշվի առնել։ Եվ այն, ինչ տեղի է ունենում և՛ Ղարաբաղում, և՛ Սյունիքում, ցույց է տալիս, որ Հայաստանի քաղաքացիությունը չի ենթադրում որևէ անվտանգություն։ 

Եթե այդ մարդիկ ձգտեն ստանալ անվտանգության այլ մակարդակ, ապա այս պահին միակ տարբերակը Ռուսաստանն է։ Թե որքանո՞վ Ռուսաստանը հետաքրքրված կլինի դրանում, անհայտ է, քանի որ կարող ենք Ղարաբաղում ներկայիս իրավիճակը համեմատել Հարավային Օսիայում եղած իրավիճակի հետ 1992-2008 թթ․։ Այսինքն՝ կարելի է ասել՝ մեկուսացված անկլավ։ Այն ժամանակ Ցխինվալիի վերևի բարձունքները վրացական վերահսկողության տակ էին, այսինքն՝ իրավիճակը գնում էր դեպի Հարավային Օսիայի՝ Ռուսաստանի հետ ինտեգրմանը, սակայն վրաց ու օս ժողովուրդների միջև հարաբերությունները չունեն այնպիսի բնույթ, ինչպիսին հայերի ու ադրբեջանցիների հարաբերություններն են։ 

Այստեղ երկու տարբերակ կա՝ կա՛մ հայերը բոլորը կհեռանան, կա՛մ դա կլինի Հայաստանի տարածք։ Եթե Ռուսաստանը մի պահ որոշի լուծել այս հարցն այնպես, ինչպես լուծեց Հարավային Օսիայում․․․ դա միակ տարբերակն է, որ այսօր գոյություն ունի, բայց դրա համար Հայաստանում և բուն Ղարաբաղում անհրաժեշտ են լուրջ փոփոխություններ, որովհետև այսօր Ղարաբաղի իշխանություններն էլ են մեծ թուլություն դրսևորում։ 

– Այսօր Հայաստանում տարբեր կարծիքներ են հնչում, նաև այն մասին, որ պետք է ձգտել ռևանշի, հասնել հողերի ազատագրման։ Ըստ ձեզ՝ պե՞տք է ձգտել ռևանշի, թե՞ ընդունել իրականությունն այնպիսին, ինչպիսին կա, և կենտրոնանալ դրական օրակարգի վրա։ 

– Դե, երբեք չեն լինում նման սև ու սպիտակ որոշումներ։ Ինչպե՞ս կարելի է հարմարվել տեղի ունեցածի հետ։ Այսօրվա իրավիճակը, կոնֆիգուրացիան մշտական չէ։ Այն, որ Հայաստանը Ղարաբաղում ռուսական հովանու ներքո է, ռուսական զորքերը Սյունիքում են, պաշտպանում են Սյունիքը, չի կարող ընդմիշտ շարունակվել։ Կա՛մ Հայաստանը պետք է դառնա Ռուսաստանի մաս, կա՛մ պետք է հզորանա։ Այլ տարբերակ չկա։ Կա՛մ դու հզորանում ես, կա՛մ քեզ կուլ են տալիս։ 

Եթե հայերը ցանկություն ունեն պահպանելու իրենց պետությունը, ուրեմն իհարկե պետք է անել ամեն ինչ, որ երկիրը հզորանա։ Այսօրվա դրությամբ ինձ համար պարզ չէ՝ Հայաստանն ունի նման ռեսուրս, թե ոչ։ Անկախությունից շատ տարիներ են անցել, և այն, թե ինչպես ընդամենը մի քանի տարվա ընթացքում ստացվեց ոչնչացնել այն եզակի ինստիտուտները, որոնք կայացած էին Հայաստանում՝ զինված ուժեր, դիվանագիտություն, վկայում է, որ Հայաստանի հեռանկարներն այնքան էլ լավը չեն, ցավոք, և եթե ինչ-որ բան փոխվի Հայաստանի իշխանություններում, հնարավոր կլինի փոխել այդ միտումները։ 

Եթե հիշեք՝ ինչ վիճակում էր Հայաստանը 1990-ականների սկզբին,- անձամբ հիշում եմ իմ այցն այդ ժամանակ,- Հայաստանի տնտեսությունը խղճուկ վիճակում էր։ Տասը-տասնհինգ տարում հնարավոր եղավ այդ իրավիճակը շրջել, Հայաստանում կյանք հայտնվեց։ Այսինքն, նման բան արդեն տեղի է ունեցել։ Կարելի է հիշել պատմական այլ դրվագներ, երբ Հայաստանը շատ ավելի վատ դրության մեջ է եղել, քան հիմա։ 

Իրավիճակը հնարավոր է փոխել։ Պետք է նկատի ունենանք, որ եթե Հայաստանը շարունակի Թուրքիայի ու նրա այժմյան ղեկավարության հետ դիմակայությունը, ապա պարզապես չի կարողանա միայնակ դիմակայել, անկախ նրանից՝ ով կլինի իշխանության։ Նրանք պարզապես տարբեր քաշային կարգի են։ Թուրքիան ազդեցիկ տերություն է, որը գլոբալ դերակատար դառնալու հավակնություններ ունի, իսկ Հայաստանը շատ համեստ ռեսուրսների է տիրապետում։ 

Ուստի, եթե նման առճակատում լինի, ապա Հայաստանի կողմից միակ ողջամիտ որոշումը դաշնակից ունենալն է, որը կարող է դիմակայել այդ ուժին։ Ցավոք, պատերազմը տեղի ունեցավ այն պատճառով, որ Հայաստանը չուներ դաշնակիցներ, որոնք պատրաստ էին ինչ-որ բան անել Թուրքիայի գործողությունների դեմ։ Եվ դա հանգեցրեց հայ ժողովրդի համար այս մեծ ողբերգությանը։

Դրա համար պետք է ղեկավարություն, որը կարող է հաշվարկել այս ամենը՝ ինչ ռեսուրսներ ունի Հայաստանը, ինչ ռեսուրսներ ունի հակառակորդը, կարող է Հայաստանը դիմակայել դրան, որքանով։ Ցավոք, ապաշնորհության մակարդակը, որ ցուցաբերեց Հայաստանի ղեկավարությունը, ցույց տվեց, որ նրանք կարող էին ո՛չ պատրաստվել այդ իրադարձություններին, ո՛չ էլ գործել դրանց տրամաբանությանը համապատասխան։ 

Ոչ ոք չի ասում, որ Ռուսաստանը Հայաստանի համար անհատույց որևէ բան կանի, սակայն Հայաստանը պետք է առնվազն ինչ-որ պահանջներ ներկայացներ, որովհետև եթե Հայաստանի ղեկավարությունը հանրայնորեն նույնիսկ օգնություն չի խնդրում Ռուսաստանից, դա խոսում է այն մասին, որ Հայաստանը նրանց տալիս են անվճար տոմս։ Իսկ եթե Հայաստանը օգնություն է պահանջում, սակայն Ռուսաստանը չի արձագանքում, ապա դա լուրջ հարված է Ռուսաստանի նկատմամբ ունեցած վստահությանը։ Այս հարցերը պետք է հասկանալ, սակայն ես այդ միտումը չտեսա Հայաստանի ղեկավարության կողմից։ 

– Նախադրյալներ կա՞ն, ըստ ձեզ, որ Հայաստանը դառնա Ռուսաստանի մաս, ստեղծվի միութենական պետություն կամ ինչ-որ այլ ձևաչափ։ Այս մասին ևս հաճախ կարծիքներ են հնչում։

– Կարծում եմ՝ կան այդ նախադրյալները, որովհետև հայ հանրությունն այս տարիներին ցույց է տվել, որ այո՛, կա լեզվի ու մշակույթի պահպանման պահանջ, հայ լինելու լուրջ ցանկություն, բայց միաժամանակ կան լուրջ կասկածներ՝ արդյոք Հայաստանն ունի՞ ինքն իրեն Թուրքիայից պաշտպանելու կարողություն, կամ առանց դրսից ներդրումների տնտեսապես զարգանալու կարողություն։ Այդ պատճառով հայերի մեծ մասը կա՛մ բնակվում է Ռուսաստանում, կա՛մ պարբերաբար գնում է Ռուսաստան։ Հայաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունների խորացումը համապատասխանում է հայ ժողովրդի շահերին։ Այսինքն, այդ մասով պահանջարկ կա։ Սակայն դա չի կարող լինել հայ ժողովրդի նվաստացման համատեքստում, ինչը տեղի է ունենում հիմա։ Պետք է առնվազն նվազագույն արժանապատվություն լինի, հակառակ դեպքում նույնիսկ Ռուսաստանի նահանգի կարգավիճակում Հայաստանը չի ունենա լուրջ հեռանկարներ, որովհետև, եթե մենք նայենք Ռուսաստանում գոյության տարբեր ձևերին, կոպիտ ասած, ոչ բոլորն են այնտեղ լավ ապրում, և մեծամասամբ դա կախված է նրանից, թե ով է քո նահանգապետը, ինչպիսին է քո հանրությունը, ռեսուրսների քանակը և այլն։ 

Թարգմանությունը ՝ Զառա Պողոսյանի