Հայաստանի պաշտպանության բոլոր 14 նախարարները. 1918-2021

Հայկական բանակի օր նշվում է ամեն տարվա հունվարի 28-ը, քանի որ 1992-ի այդ օրը  Հայաստանի կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշումը:

1991-ի դեկտեմբերի 5-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով առաջին պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը, որն արդեն լինելով խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ՝ կամավորականների մեծ մասի ընդունելի հրամանատարն էր:

Իրականում, Հայկական բանակի ստեղծման ակունքները հասնում են մինչև 1990-ի օգոստոս, երբ Խորհրդային Հայաստանում իշխանության եկավ Հայոց համազգային շարժումը՝ մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթելով կոմունիստներին:

Ավելի վաղ Հայաստանը սեփական, ազգային բանակ ունեցել էր 1918-1920 թթ․, երբ գոյություն ուներ Հայաստանի Հանրապետությունը, ինչպես նաև՝ 1920-1922 թվականներին, երբ բոլշևիկյան Հայաստանը դեռ մաս չէր կազմել ԽՍՀՄ-ին:

Ծանոթանանք և հիշենք Հայաստանի պաշտպանության նախարարներին․

Հովհաննես Հախվերդյանը (1873-1931) եղել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության առաջին, այն ժամանակ՝ ռազմական նախարարը վարչապետ Հովհաննես Քաջազնունու կառավարության կազմում: Հախվերդյանը ծնվել է Սանկտ-Պետերբուրգում 1873 -ի հունիսի 29-ին ազնվական Բարսեղ Ֆյոդորովիչ Հախվերդյանի ընտանիքում: Եղել է ռուսական բանակի գեներալ-մայոր, հայտնի Իվան Վասիլևիչ Հախվերդով (Иван Васильевич Ахвердов) անունով, հայկական բանակի գեներալ-լեյտենանտ: Եղել է անկուսակցական: Գնդակահարվել է 1931-ին՝ «հակահեղափոխական գործունեություն ծավալելու» մեղադրանքով:

Քրիստափոր Արարատյանը (1876-1937) եղել է Հայաստանի Հանրապետության ռազմական երկրորդ նախարարը վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի կառավարության կազմում: Արարատյանը ծնվել է 1876-ի հունիսի 18-ին Թիֆլիսի նահանգի Մցխեթ քաղաքում ռուսական բանակի գեներալ-լեյտենանտ ազնվական Գերասիմ Ավետիքի Արարատովի ընտանիքում։ Եղել է ռուսական բանակի գնդապետ, հայտնի Քրիստափոր Գերասիմովիչ Արարատով (Христофор Герасимович Араратов) անունով, հայկական բանակի գեներալ-մայոր, Սարդարապատի ճակատամարտում հայկական կորպուսի հրետանային բրիգադի հրամանատար: Եղել է անկուսակցական: 1937-ին գնդակահարվել է որպես «ազգի թշնամի»:

Ռուբեն Տեր-Մինասյանը (1882-1951) եղել է Հայաստանի Հանրապետության ռազմական երրորդ նախարարը վարչապետ Համո Օհանջանյանի Բյուրո-կառավարությունում: Ծննդյան անունով՝ Մինաս Տեր-Մինասյան, ՀՅԴ անդամ: Ծնվել է 1882-ին Ախալքալաքում, հետագայում ծնողների հետ տեղափոխվել է Կարին: Մահացել է 1951-ի նոյեմբերին Փարիզում:

Դրաստամատ Կանայանը՝ Դրոն (1884-1956), եղել է Հայաստանի Հանրապետության ռազմական վերջին նախարարը վարչապետ Սիմոն Վրացյանի կառավարության կազմում: ՀՅԴ անդամ էր: Դրոն ծնվել է 1884-ին՝ այն ժամանակ Ռուսական կայսրության տարածքում գտնվող Սուրմարի/Սուրմալու գավառի Իգդիր բնակավայրում: Դրոն մահացել է 1956-ի մարտի 8-ին Բոստոնում: 2000-ի մայիսի 29-ին վերահուղարկավորվել է Ապարանի Ճակատամարտի հուշահամալիրի աջ եզրաթմբի վրա: Բաշ Ապարանի ճակատամարտում հաղթանակը կերտողներից էր:

Ալեքսանդր Մյասնիկյանը (1886-1925) Հայաստանի խորհրդայնացումից հետո 1921-ի հունվարին նշանակվել է Հայկական ԽՍՀ Ժողկոմխորհի առաջին նախագահ (վարչապետ) և ռազմական գործերի ժողկոմ: Ծնվել է 1886-ին Նոր Նախիջևանում՝ Դոնի Ռոստով: ԽՍՀՄ կոմունիստական կուսակցության անդամ էր: Զոհվել է 1925-ի մարտի 22-ին Թիֆլիսի օդանավակայանում, երբ թռչում էր Աբխազիա:

Հայկ Բժշկյանցը (1887-1937)՝ Գայը, կարճ ժամանակ՝ նախքան Խորհրդային Հայաստանի միացումը ԽՍՀՄ-ին 1922-ին, եղել է ռազմական ժողկոմ: Ծնվել է Իրանի Թավրիզ քաղաքում: Որոշ ժամանակ՝ 1903-1918 թվականներին, անդամակցել է Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությանը: Գնդակահարվել է 1937-ի դեկտեմբերին՝ «հակասովետական ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու» մեղադրանքով:

Վազգեն Սարգսյանը (1959-1999), Հայաստանի Հանրապետության պաշպանության նախարար է եղել Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին: Ծնվել է 1959-ի մարտի 5-ին Արարատի մարզի Արարատ գյուղում: Եղել է իշխող ՀՀՇ և ՀՀԿ կուսակցությունների անդամ: Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 1991-ի դեկտեմբերի 5-ից մինչև 1992-ի հոկտեմբերի 20-ը, ապա 1995-ի հուլիսի 25-ից մինչև 1999-ի հուլիսի 11-ը: 1999-ի հոկտեմբերի 27-ին ահաբեկչության զոհ է դարձել, երբ զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը:

Վազգեն Մանուկյանը ծնվել է 1946-ի փետրվարի 13-ին Գյումրիում: 1992-ի հոկտեմբերի 20-ից մինչև 1993-ի օգոստոսի 21-ը եղել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար և պաշտպանության հարցերը համակարգող պետական նախարար՝ 1992-ի սեպտեմբերից մինչև 1993-ի օգոստոս, նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակ: Եղել է ՀՀՇ-ի հիմնադիրներից և ԱԺՄ-ի հիմնադիրն ու նախագահը:

Սերժ Սարգսյանը ծնվել է 1954-ի հունիսի 30-ին Ստեփանակերտում: Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին՝ համապատասխանաբար 1993-ի օգոստոսից մինչև 1995-ի հուլիս և 2000-2007 թվականներին: Եղել է Կոմկուսի, ապա՝ ՀՀՇ-ի, ապա՝ ՀՀԿ-ի անդամ և այդ կուսակցության առաջնորդը 2007-ից:

Վաղարշակ Հարությունյանը ծնվել է 1956-ի ապրիլի 28-ին Ախալքալաքում: Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցել է (1999-2000 թվականներին.) Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք: Նախարարի աթոռը թողնելուց հետո եղել է Հանրապետություն և Ազգային վերածնունդ կուսակցությունների անդամ: Հարությունյանը գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության անդամ և կրկին պաշտպանության նախարար է նշանակվել 2020-ի նոյեմբերի 20-ին: Գեներալ-լեյտենանտ է:

Միքայել Հարությունյանը ծնվել է 1946-ի փետրվարի 10-ին Ադրբեջանի Շամախի շրջանում: Պաշտպանության նախարարի աթոռը զբաղեցրել է 2007-ի ապրիլի 25-ից մինչև 2008-ի ապրիլ՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում: Գեներալ-գնդապետ է, անկուսակցական:

Սեյրան Օհանյանը եղել է Հայաստանի պաշտպանության ամենաերկարակյաց նախարարը՝ ավելի քան ութ տարի: Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2008-ի ապրիլի 14-ից մինչև 2016-ի սեպտեմբերի 9: Օհանյանը ծնվել է 1962-ի հուլիսի 1-ին Շուշիում: Գեներալ-գնդապետ է, անկուսակցական:

Վիգեն Սարգսյանը պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2016-ի հոկտեմբերի 3-ից մինչև 2018-ի մայիսը: Ծնվել է 1975-ի մայիսի 10-ին: Նախարար նշանակվելուց հետո դարձել է իշխող ՀՀԿ-ի անդամ:

Դավիթ Տոնոյանը պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվել է 2018-ի մայիսի 11-ին: Պաշտոնավարել է մինչև 2020-ի նոյեմբերի կեսերը: Ծնվել է 1967-ի դեկտեմբերի 27-ին Ղազախստանի Ուստ-Կամենոգորսկ քաղաքում։ 2010-2017 թվականներին եղել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, 2017-2018 թվականներին՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար։ Անկուսակցական է։

Թաթուլ Հակոբյան