Հինգ անձ ձերբակալվել է՝ ՀՀ կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ քննություն է տարվում։

«2021 թվականի հունվարի 28-ին` ժամը 17:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում նախապես հայտարարված հավաքի ընթացքում, մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, ՀՀ կառավարության շենքը զավթելու փորձ է արվել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-219-րդ հոդվածի (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու փորձ) 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով»,- ասվում է հաղորդագրությունում։

ՔԿ-ից տեղեկացնում են, որ նախաքննության ընթացքում 5 անձ է ձերբակալվել՝ կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու կասկածանքով: Կատարվում է նախաքննություն:

Հունվարի 28-ին ընդդիմությունը Հանրապետության հրապարակում հանրահավաք էր իրականացրել՝ իշխանության հրաժարականի և ժամանակավոր կառավարություն ձևավորելու պահանջով։ Հանրահավաքի ընթացքում բախում էր տեղի ունեցել ոստիկանների և քաղաքացիների միջև, 26 անձ բերման էր ենթարկվել։

Երեկ՝ հունվարի 28-ին, նաև բերման էր ենթարկվել Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչեցրած սպառնալիքի առնչությամբ։

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի։

Մեկնաբանել