Կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալված անձինք են Արագած Ախոյանը, Արշակ Զաքարյանը, Վահագն Չախալյանը, Տիգրան Չոբանյանը և Իսրայել Հակոբկոխյանը։ Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Վահագն Չախալյանի և Տիգրան Չոբանյանի պաշտպան Միքայել Շխիմյանը։
Փաստաբանը հայտնեց, որ ձերբակալման դեմ բողոքներ է ներկայացվել դատարան։
Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ ՀՀ կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու կասկածանքով հինգ անձ է ձերբակալվել։
Հունվարի 28-ին ընդդիմությունը Հանրապետության հրապարակում հանրահավաք էր իրականացրել՝ իշխանության հրաժարականի և ժամանակավոր կառավարություն ձևավորելու պահանջով։ Հանրահավաքի ընթացքում բախում էր տեղի ունեցել ոստիկանների և քաղաքացիների միջև, 26 անձ բերման էր ենթարկվել։
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի։