Սեպտեմբերի 27-ից հունվարի 28-ը արձանագրվել է 72 քաղաքացիական անձանց սպանության դեպք․ Արցախի ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը թարմացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական անձանց սպանության դեպքերի վերաբերյալ հրապարակված միջանկյալ զեկույցը, որում ներառվել են նաև 2020թ. դեկտեմբերի 22-ից հետո որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված քաղաքացիական անձանց սպանության դեպքերը:

Թարմացված զեկույցի համաձայն՝ 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2021թ. հունվարի 28-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից 72 քաղաքացիական անձանց սպանության դեպք, որից 41-ը՝ թիրախային հարվածների հետևանքով, 31-ը՝ գերեվարման մեջ․ «Արձանագրվել են խոշտանգման և դիակների խեղման, անխուսափելիորեն քաղաքացիական մահերի հանգեցնող թիրախային հարվածների մի շարք դեպքեր»,- նշվում է զեկույցում։

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է նաև 163 քաղաքացիական անձի վիրավորման դեպք։

«Պաշտպանի աշխատակազմը շարունակում է տիրապետել անհետ կորած քաղաքացիական անձանց վերաբերյալ տվյալների, որոնց մի մասը հավանաբար գտնվում է ադրբեջանական գերության մեջ, իսկ մյուս մասը ենթադրաբար սպանվել ադրբեջանական զինված ուժերի կողմից: Այդ մասին են վկայում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած արցախյան բնակավայրերում քաղաքացիական անձանց դիակների հայտնաբերման պարբերական դեպքերը: Որոշ զոհերի մարմիններ գտնվել են մահից տևական ժամանակ անց, ինչը պահանջում է խորը մասնագիտական հետազոտություն կատարված հանցագործությունների հետքերը բացահայտելու համար, այդուհանդերձ որոշ դեպքերով ներկայացվել են նաև դատաբժիշկ-փորձագետի նախնական եզրակացությունները»,- ասված է զեկույցում։

Կարդացե՛ք նաև՝ Հադրութում 3 քաղաքացիական անձանց աճյուններ են հայտնաբերվել։

Մեկնաբանել