Չինաստանը Իրանին սուպեր հեղուկանավ կմատակարարի մայիսին

Խոսքը $1,2 մլրդ ընդհանուր արժողությամբ գործարքի մասին է, որը հեղուկացված բնական գազի փոխադրման 12 հեղուկանավի կառուցում է նախատեսում։ Իրանական NITC ընկերությունը չինական կողմի հետ գործարքը կնքել է դեռ 2010թ.։ 12 հեղուկանավերից առաջինը NITC-ն կստանա 2012թ. մայիսին, ևս 7-ը՝ ընթացիկ տարվա վերջին, իսկ մնացած 4-ը Իրանը կստանա 2013թ. վերջին։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։

Հիշեցնենք, որ 2012թ. հունվարին Եվրամիությունը հավանություն տվեց Իրանի նկատմամբ սահմանափակումների նոր փաթեթին, որն ուղղված է երկրի միջուկային ծրագրի ֆինանսավորման աղբյուրների կրճատմանը։ Եվրամիության պատժամիջոցները նախատեսում են ինչպես իրանական նավթի ներկրման էմբարգո, այնպես էլ ամեն տեսակի համագործակցության դադարեցում իրանական ֆինանսական հաստատությունների հետ։ Նավթային էմբարգոն ամբողջությամբ պետք է ուժի մեջ մտնի այս տարվա հուլիսի 1-ին, իսկ մինչ այդ եվրոպական երկրներին թույլատրվում է իրանական նավթ գնել առկա գործարքներով։

Ռուսական RBC Daily-ն հաղորդում է, որ միջազգային պատժամիջոցները նշանակալի ազդեցություն չեն գործել չինական կողմի հետ NITC-ի գործարքի վրա, և առայժմ վճարումները ժամանակին են կատարվել։ Այդուհանդերձ, Իրանը դեռ պետք է մարի չինացի գործընկերների գումարի զգալի մասը։

Մեկնաբանել