Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի փոխվարչապետերը համաձայնել են ստեղծել փորձագիտական ենթախմբեր

Հունվարի 30-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հանդիպումը, հաղորդում է ՀՀ կառավարության կայքը։

Եռակողմ աշխատանքային խմբի մասնակիցները որոշում են կայացրել ստեղծել փորձագիտական ենթախմբեր՝ երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փոխադրումների հարցերով և փոխադրումների ապահովման, այդ թվում՝ անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և այլ տիպի հսկողության հարցերով:

Ենթախմբերի ձևավորումը նախատեսված է ավարտել մինչև փետրվարի 2-ը, իսկ առաջին նիստը անցկացնել մինչև փետրվարի 5-ը:

Որոշվել է նաև եռակողմ աշխատանքային խմբի հերթական հանդիպումն անցկացնել Մոսկվայում: Ամսաթիվը համաձայնեցվելու է համանախագահների կողմից` աշխատանքային կարգով:

Մեկնաբանել