Հայ-ամերիկյան հարաբերություններ․ անցյալը, ներկան և ապագան

Ստելլա Մեհրաբեկյանը զրուցել է ԱՄՆ-ում ՀՀ նախկին փոխդեսպան Արմեն Խարազյանի հետ՝ հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա վիճակի և զարգացման հեռանկարների, տարածաշրջանում ուժերի դասավորության և ԱՄՆ դերակատարության մասին, անդրադարձել ամերիկահայության ջանքերին։ 

ԲԱՅԴԵՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ․ ԲԱՅԴԵՆԸ ԼԱՎ ԼՈՒՐ Է ԹԵ ԱՇԽԱՐՀԻ, ԹԵ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

— ԱՄՆ-ն ունի նոր նախագահ, և Միացյալ Նահանգների սահմաններից դուրս քննարկվում է, թե ինչ է բերելու նա այս կամ այն տարածաշրջան: Մի ընդհանուր հարց ունեմ՝ Բայդենը լա՞վ, թե՞ վատ լուր է հայության համար։

— Բայդենը հայության, նաև Միացյալ Նահանգների ժողովրդի և աշխարհի համար շատ ավելի լավ լուր է, քան նրա նախորդ վարչակազմը, որովհետև նախ Բայդենը վերականգնելու է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության այն սկզբունքներն ու ուղղությունները, որոնք Միացյալ Նահագներին տվել են աշխարհում առաջատար ուժի դեր։ Նա վերականգնելու է ԱՄՆ-ի վարկանիշը, մտադիր է վարել ակտիվ, ներգրավված, վճռական քաղաքականություն, վերականգնել Տրանսատլանտյան դաշինքի հիմքերը, որոնք խարխլվել էին Թրամփի օրոք, վերադառնալ գլոբալ քաղաքականության և տարածաշրջանային քաղաքականության առանցքային խնդիրներին, ձգտելու է նաև շատ ավելի տրամաբանված ու կանխատեսելի ազգային անվտանգություն ու արտաքին քաղաքականություն վարել, հատկապես Ռուսաստանի, Չինաստանի հետ և աշխատելու է վերանորոգել դաշնակիցների հետ իր հարաբերությունները, որոնք Թրամփի օրերին քայքայման են ենթարկվել, հատկապես խոսքը վերաբերում է Եվրոպայի հետ Ամերիկայի դաշնակցային հարաբերություններին։ Ինչպես գիտենք, Միացյալ Նահանգները Իրանի հետ պատրաստվում է վերականգնվել Միջուկային պայմանագրի շրջանակում իր մասնակցությունը, ունեն Թուրքիայի հետ խնդիրներ։ Հայաստանի համար սա ի՞նչ տարբերություն կարող է տալ։ Ռուսաստան, Իրան և Թուրքիա՝ երեքն էլ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ լուծումների սպասող լուրջ խնդիրներ են։

ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ ԵՐԲԵՄՆ ԱՎՏՈՊԻԼՈՏ, ԵՐԲԵՄՆ՝ ԴՐԵՅՖ, ԵՐԲԵՄՆ՝ ԲԱՐՁԻԹՈՂԻ ՎԻՃԱԿ

— Բայդենի ընտրվելուց հետո Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը հրապարակեց իր առաջնահերթությունները նոր վարչակազմի հետ աշխատանքում, ես մեջբերում եմ․ «Արցախի Հանրապետության անվտանգության պաշտպանություն, պատերազմական հանցագործությունների, շարունակվող թշնամանքի համար Բաքվի և Անկարայի պատասխանատվություն և ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության ամրապնդում, նույնիսկ վերակտիվացում»։ Այս վերջին կետի վրա եմ ուզում կենտրոնանալ։ Հաճախ կարծիք է հնչում, որ հայ-ամերիկյան հարաբերությունները բարձիթողի վիճակում են։ Դուք կիսո՞ւմ եք այդ կարծիքը։

— Կիսում եմ։ Եվ դա նոր չէ սկսվել։ Դա սկսել է շատ վաղուց։ Ես կարող եմ ասել, որ նույնիսկ Տեր-Պետրոսյանի վարչակազմի օրերից հայ-ամերիկյան հարաբերությունները եղել են երբեմն ավտոպիլոտի, երբեմն՝ դրեյֆի, երբեմն՝ բարձիթողի վիճակում, բայց միշտ ստորադաս վիճակում պաշտոնական Երևանի տեսանկյունից հայ-ռուսական հարաբերություններին, որ,ը ըստ իս, կեղծ սկզբունք է և չի օգնել Հայաստանին ստեղծել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում այն իրավահավասարությունը, որի հիման վրա կարելի էր ակնկալել ԱՄՆ-ի հետ ռազմավարական  բնույթի հարաբերություններ։ Կարծում եմ՝ վաղուց այստեղ լուրջ քայլեր անելու ժամանակն է։ 

— Հայաստան պետության ոչ բավարար ջանքերի՞ արդյունք է, ոչ թե ամերիկյան կողմի։

— Այո, բացարձակ ճիշտ եք։ Միշտ  չէ, որ ամեն վարչակազմի օրոք հնարավոր է այն, ինչ հնարավոր էր նախորդ վարչակազմի օրոք, որովհետև ամեն ինչ կապված է այդ վարչակազմի՝ միջազգային հարաբերություններին տրվող ուշադրությունից ու կարևորությունից, առաջնահերթություններից։ Բայց, օրինակ, Թրամփի ժամանակ 0-10 սանդղակով եթե Հայաստանի հնարավորությունները 2,5 էին, Բայդենի ժամանակ դրանք կարող են լինել 8,5։ Բայց նույնիսկ Թրամփի օրոք եղած հնարավորությունները Հայաստանը չի օգտագործել այնքանով, որքանով հնարավոր էր։ Հայաստանի խնդիրն է սա, ոչ թե ԱՄՆ-ի։

— Այսինքն Ձեր սանդղակով Հայաստանն այսօր պետք է առավելագույն ջանքերն ու առավելագույն հնարավորություններն օգտագործի։

— Այո։ Ես կարծում եմ՝ դա Հայաստանը պետք է անի։ Այստեղ կարելի է խոսել ոլորտների մասին, կարելի է խոսել բացթողումների մասին, կարելի է խոսել կոնկրետ քայլերի մասին։ Ես կասեի՝ առաջին քայլը պետք է լինեն Երևանի և Վաշինգտոնի խորհրդակցությունները կարիքների գնահատման մասին՝ կարիքների գնահատում, հնարավորությունների ճշտում, դրանց հետ կապված ռիսկերի մեղմման մասին խոսակցություններ, պայմանավորվածություն ընդհանուր քաղաքական շրջանակի շուրջ, դրա ռազմավարական արժեքի գնահատական, դրա ինտեգրում Հայաստանի  ընդհանուր ազգային անվտանգության ռազմավարական  հայեցակարգում և դրանից հետո՝ իրականացում, բայց այնպես, որ միաժամանակ դա չբերի բացասական հետևանքների Հայաստանի այլ հարաբերությունների համատեքստում։ Պարզաբանեմ։ Խոսքը նրա մասին չէ, որ Ռուսաստանից թույլտվություն վերցնեն ԱՄՆ-ի հետ աշխատելու համար, խոսքը նրա մասին է, որ Երևանի խնդիրները աշխարհի հետ որոշվեն Երևանից, Երևանի տեսլականով, Երևանի տեսադաշտով՝ հաշվի առնելով գլոբալ քաղաքականությունը և տարածաշրջանային քաղաքականության թե՛ դինամիկան, թե՛ առաջնահերթությունները։ Հայաստանը իրոք կարող է և պետք է ԱՄՆ-ի հետ զարգացնի շատ ավելի կարևոր, ավելի ծանրակենտրոն հարաբերություններ։

ԱՄՆ-ՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

— Թերևս նկատած կլինեք՝ այս օրերին Հայաստանում բուռն քննարկվում է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հնարավոր նշանակումը, ըստ ամենայնի, նա կնշանակվի, և բանավեճը ծավալվում է նախ այն հարցի շուրջ, թե արդյոք այդտեղ պետք է քաղաքական նշանակում լինի, թե դիվանագիտական նշանակում լինի, մեկ այլ հարց է, թե արդյոք Լիլիթ Մակունցն ունի այն մասնագիտական որակներն ու փորձը, արդյոք համապատասխանում է այդ պատասխանատու պաշտոնին։ Ձեր նկատառումները՝ հաշվի առնելով նաև, որ բնակվում եք Վաշինգտոնում։

— Ես կարող եմ ասել, որ քանի որ տիկին Մակունցի ենթադրյալ նշանակման մասին ԱՄՆ-ին պաշտոնական հարցում չի արվել, խոսել դրա մասին առնվազն այն ձևաչափով, որով մենք երկուսով ենք այսօր խոսում, թերևս ճիշտ չի լինի երկու պատճառով՝ թե՛ տիկին Մակունցի հանդեպ դա արդար չի, որովհետև եթե նա նշանակվի, եթե հայցվի ագրեման, նա գա Միացյալ Նահանգներ, ճիշտ չէ, որ նախքան ագրեման հայցելը ապագա դեսպանի թեկնածուի մասին լինեն նման խոսակցություններ։ Մյուս կողմից, դա արդար չէ ներկա դեսպանի նկատմամբ, որովհետև եթե կա դեսպան, որն աշխատում է և ագրեման չի հայցվել նոր դեսպանի մասին, սակայն մամուլը սկսում է քննարկել բուռն կերպով նոր դեսպանի հավանական թեկնածությունը զանազան նրբերանգներով, դա նաև ազդում է ներկա դեսպանի աշխատանքի վրա։ 

Երրորդ՝ դեսպանի նշանակումը պետության ղեկավարի, տվյալ դեպքում՝ կառավարության ղեկավարի  հայեցողության խնդիր է, նա է որոշում՝ որ դեսպանը իր համար որ մայրաքաղաքում ավելի վստահելի և ավելի նպատակային կլինի։ Սա որևէ կերպ չի անդրադառնում թե՛ ներկա դեսպանի, թե՛ որևէ հավանական նոր դեսպանի մասնագիտական որակների վրա։ 

Չորրորդ՝ անկախ ամեն ինչից՝ եթե խոսքը գնում է տիկին Մակունցի մասին, պետք է ասեմ, որ Հայաստանը չունի բավարար չափով կին դեսպաններ աշխարհում։ Եվ դա կարևոր է։ Հայաստանը պետք է կարողանա աշխարհին ներկայանալ նաև մի տեսքով, որն իրեն շատ ավելի ընդունելի կդարձնի աշխարհին, շատ ավելի ընկալելի և շատ ավելի ժամանակակից։ Հայաստանը կարող է դա անել․ Հայաստանում կանայք հասել են այնպիսի բարձր մասնագիտական  մակարդակի, որակի, որ կարող են ներկայացնել Հայաստանը որևէ մակարդակով որևէ ատյանում։ Եվ այս առումով ես պետք է ասեմ, որ եթե որևէ տեղ Հայաստանը կին դեսպան է նշանակում, դա կարևոր է։

Հաջորդը՝ եթե վարչապետը որոշում է նշանակել որևէ կարևոր մայրաքաղաքում մեկին, ով հայտնի է իր հետ ուղիղ հարաբերություններ ունենալու մեջ, և կարող է ուղիղ կապ պահպանել երկրի ղեկավարի հետ, դա միշտ դրական է, դա դեսպանի աշխատանքի ամենակարևոր մասերից մեկն է։

— Մերձավոր թիմակի՞ց, այսինքն։

— Մեկը, որ կարող է հեռախոսը վերցնել և ծայրահեղ պահին զանգահարել պետության ղեկավարին և հարց բարձրաձայնել և չվախենալ դրանից կամ առաջարկ անելուց, կամ ղեկավարի կողմից առարկությանը առարկելուց։ Ես չեմ ասում, որ ներկա դեսպանը չի անում դա, վստահ եմ, որ անում է, այլապես նա նման հաջողությամբ չէր կարող ծառայել Վաշինգտոնում։ Այս խոսակցությունների մեջ ես ցանկանում եմ, որ մենք չվնասենք ոչ ներկա դեսպանի աշխատանքին, ոչ էլ ապագա դեսպանի վարկանիշին՝ վաղօրոք չհասունացած խոսակցություններ վարելով նրա մասնագիտական կարողությունների, վարչապետի զանազան ենթադրյալ մտադրությունների մասին նրա նշանակման կոնտեքստում։ Համայնքը սիրում է և հարգում ներկա դեսպանին, աշխատում է նրա հետ, դեսպանն իրեն արժանապատիվ դրսևորել է և պատվով կատարում է Հայաստանի ներկայացուցչի պարտականությունները։ Մեր խնդիրը մեկն է՝ Հայաստանը պետք է Վաշինգտոնում ունենա հաջող ներկայացվածություն և պետք է կարողանա անել այնպես, որ այդ  ներկայացվածությունը նպաստի թե՛ հայ-ամերիկյան հարաբերությունների մերձեցմանը, թե՛ Հայաստանում  ԱՄՆ-ի քաղաքականության ավելի անմիջական, օբյեկտիվ ընկալմանը։

ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑ․ Ո՞ՐՆ Է ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԴԵՐԸ

— Խոսենք Արցախի մասին։ Արցախի դեմ ագրեսիան երբ սկսվեց, ակնհայտ էր Միացյալ Նահանգների թույլ դերակատարությունը, թեև Թրամփի կողմից հրադադարի փորձ արվեց, բայց տեսանք, որ դա ապարդյուն էր, որից հետո եղավ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը, այնուհետև Մոսկվայում եռակողմ հանդիպումը, և անհերքելի է, որ այս ամենում միանձնյա գործում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մեկ համանախագահ՝ Ռուսաստանը։ Բայդենի գալով ի՞նչ ակնկալիքներ ունենալ։ Արդյո՞ք հնարավոր է կարգավորման գործընթացում կոնֆիգուրացիայի փոփոխություն, ԱՄՆ-ի ավելի ակտիվ ներգրավում, ի վերջո կա դեռ Արցախի կարգավիճակի չլուծված հարցը, գերիների վերադարձը։ Հարցեր, որոնք կենսական են հայկական կողմի համար։

— Ես կարծում եմ՝ Միացյալ Նահագները, այո, արդեն հայտարարել է իր նպատակի մասին՝ ավելի ակտիվ ներգրավվել գերծընթացում։ Թրամփի օրոք խնդիրը միայն Մինսկի գործընթացում ԱՄՆ-ի համանախագահության թույլ դերը չէր, ընդհանրապես Թրամփի հետքաշումն էր միջազգային առանցքային խնդիրներում ամերիկյան որևէ ֆունկցիոնալ դեր ունենալուց, որը նկատվեց Սիրիայում, որը թույլ տվեց Ռուսաստանին և Թուրքիային՝ երկու ավտորիտար էքսպանսիոնիստական, կոռումպացված ռեժիմների աշխատել իրար հետ առանցքային մի տարածաշրջանում՝ Սիրիայում, գտնել շահերի համընկնում, ինչպես նաև ունենալ շահերի բախումներ և գտնել ինչ-որ մոդուս։ Սիրիայում նրանց այս սիրախաղը նաև արտացոլվեց Լիբիայում, և պատահական չէ, որ հաջորդ թույլ օղակը Լեռնային Ղարաբաղն էր, Արցախի հակամարտության գոտին, որովհետև Ռուսաստանն ու Թուրքիան աշխատեցին՝ օգտվելով Թրամփի վարչակազմի՝ միջազգային քաղաքականության մեջ իր դերի հրաժարումից, և նաև ինչ-որ չափով օգտվելով նաև Հայաստանի արտաքին քաղաքական և ազգային անվտանգության այն պարադիգմի ձախողումից, որը Հայաստանը կառուցել էր շուրջ 30 տարի։ Սա Փաշինյանի վարչակազմի խնդիրը չէ միայն, թեև Փաշինյանն է իր վարչակազմով պատասխանատու արդյունքի համար։ Բայց տապալվել, ձախողվել է Հայաստանի՝ 30 տարի կառուցված ազգային անվտանգության ռազմական պարադիգմը։ Երկու խնդիր չի լուծվել այդ պարադիգմի արդյունքում, թեև հենց դրանք էին, որ պետք է լուծվեին։ Առաջին՝ Թուրքիայի ակտիվ ռազմական ներգրավումը Կովկասում, ընդ որում, Արցախյան հակամարտության մեջ, երկրորդ՝ Արցախի պաշտպանությունն ու անվտանգությունը։ Պուտինը խոսել է նրա մասին, թե հայ-ռուսական պայմանագրերը չեն ենթադրում Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների ներգրավում, երբ խոսքը գնում է Հայաստանի տարածքից դուրս գնացող հակամարտությունների կամ խնդիրների մասին։ Բացարձակապես այդպես չէ։ Հայ-ռուսական պայմանագրերը չեն խոսում տարածքային չափանիշներով, դրանք բանակցվել և ստորագրվել են Հայաստանի անվտանգության չափանիշներով։ Արցախում Հայաստանի զինվորականներն են, Արցախում Հայաստանի պաշտպանության համակարգն է ձախողվել, Արցախում մենք զոհեր ենք տվել։ Չկա ավելի կորիզային անվտանգության հարցադրում, քան Արցախում Հայաստանի պարտությունն է։ Չկա նաև ավելի կորիզային հարցադրում, քան Թուրքիայի ռազմական ներգրավումն է Արցախում, ընդ որում՝ Ռուսաստանի հետ համատեղ։ Խնդիրն այստեղ է, և մենք պետք է սա հասկանանք, սա ուղղենք։ Արցախյան հակամարտությունում հետևանքները, որ մենք այսօր կրում ենք, Արցախով չեն սահմանափակվում, ոչ էլ Միացյալ Նահանգների դերով՝ իբրև Մինսկի խմբի համանախագահ, և սխալ կլիներ Միացյալ Նահանգներին բերել-նվազեցնել, դիմինուտիվ (չնչին – խմբ․) դեր տալ՝ իբրև Մինսկի խմբի համանախագահի։ ԱՄՆ-ը ռազմավարական ուժ է, գլոբալ ուժ է, ընդ որում՝ ՆԱՏՕ-ում իր առաջատար դերով, Միացյալ Նահանգները իրականում Հայաստանի համար վիրտուալ հարևան է։ Արարատ լեռը գտնվում է մի դաշինքի տարածքում, որի անվտանգության առաջատարն ու պատասխանատուն ԱՄՆ-ն է։ Արարատ լեռը նաև Հայաստանի անձնագրերի վրա է։ Տեսեք այն մերձությունը, որ Հայաստանին և ԱՄՆ-ին կապում է միմյանց հետ։ Դա շատ ավելի մոտ և մարդկայնորեն ավելի ակտիվ, կենսունակ  ու արդյունավետ կապ է, քան որևէ այլ հարաբերություն, որ Հայաստանն ունի որևէ այլ երկրի հետ։

ԱՄՆ-Ի ԴԵՐԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ

— Միացյալ Նահանգների ավելի ակտիվ ներգրավմամբ, ինչպես Դուք եք կանխատեսում, տարածաշրջանում և արցախյան կարգավորման գործընթացում հնարավո՞ր է արդյոք շահերի բախում, շահերի համապատասխանեցման շրջան Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև։

— Ես հետևյալ կարծիքին եմ՝ այն, ինչ որ պատերազմում տրվել է դիվանագիտությամբ հետ չի բերվում։ Բերվում է պատերազմով։ Եթե Քարվաճառից հայկական զորքերը հետ են քաշվում կամավոր՝ Քարվաճառի տարածքը մեզ ոչ ոք հետ չի տալու կամավոր։ Միացյալ Նահանգների ներգրավվածությունը այս հակամարտության մեջ, այս փուլում տարածքներ հետ չի տալու, հետ է տալու Հայաստանի ռազմական պատրաստվածությունը՝ վերցնել ու պահել այդ տարածքները։ Դրա համար ես Միացյալ Նահանգների հետ ավելի շատ կխոսեի, եթե խոսքը արցախյան հակամարտության կարգավորման մասին է, հակամարտության կարգավորման այնպիսի տարբերակի մասին, որտեղ Ադրբեջանի և Նախիջևանի միջև այդ տրանսպորտային կապը չլիներ հավասար մակարդակի վրա արցախյան կարգավիճակի հետ, այլ դիտվեր ընդհանրապես տարածաշրջանային կոնտեքստում ապաշրջափակումների մաս՝ ոչ ավելի կարևոր մաս, քան Կարս-Գյումրի երկաթուղու բացումը կամ Իջևան-Ղազախ եկաթուղու բացումը։ Խոսքը Ադրբեջանին ելք տալու մեջ չէ Նախիջևանի հետ, խոսքը ընդհանրապես տարածաշրջանային ապաշրջափակումների մասին է։ Միացյալ Նահանգների դերը նաև կարևոր է տարածաշրջանային դիվանագիտության մեջ։ Այսօր Թուրքիան ու Ռուսաստանը խոսում են Հայաստանի մասին, առանց Հայաստանի մասնակցության։ Դա, ինձ թվում է, անթույլատրելի է։ Հայաստանը պետք է կարողանա Թուրքիայի հետ ունենալ ուղիղ երկխոսություն իրեն վերաբերող և նաև իրեն հետաքրքող այլ հարցերով։ Դա չի նշանակում Թուրքիայի հետ գնալ պարտվողական հաշտեցման, բայց, կներեք, Ադրբեջանի հետ Արցախյան հակամարտության իրադարձությունների արդյունքում տեղի ունեցող գործընթացները շատ ավելի ստորացուցիչ են, քան այն, ինչ կարող է Հայաստանը Թուրքիայի հետ անել այսօր։ Եվ պետք է անի՝ թույլ չտալով, որ որևէ երրորդ երկիր որոշի, թե Հայաստանը ինչ է անում իր հարևանի հետ։ 

Միացյալ Նահանգները այստեղ դեր ունի։ Միացյալ Նահանգները նաև դեր ունի Իրանի հետ, նրա հետ հարաբերությունների հնարավոր բարելավման ենթատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական ուղեծրի մեջ։ Ես կարծում եմ՝ Հայաստանն այստեղ խնդիր ունի կարողանալու ռազմավարական տեսլական մեջտեղ բերել, որը համարժեք կլիներ թերևս Բաքու-Ջեյհան Ադրբեջանի ռազմավարական տեսլականին և կունենար նույնպիսի ռազմավարական ազդեցություն տարածաշրջանի ու հարակից տարածաշրջանների ապագայի վրա, ինչպիսին Բաքու- Ջեյհանն է։ Դա կարող է լինել Սև ծով-Պարսից ծոց միջանցքի ստեղծումը, որտեղ Հայաստանը կարող է դեր ունենալ և պետք է ձգտի դեր ունենալ։ Մենք չանենք՝ Ադրբեջանը կանի՝ Սև ծով չի անի, թերևս Վրաստանով կանի։ 

Ադրբեջանը դա կարող է անել նաև Նախիջևանով և Թուրքիայով։ Սա է խնդիրը։ Այս հարցի մեջ դեռ խաղաքարտերը չեն բաժանվել, չեն պարզվել, կարիքներ ու առաջնահերթւոթյուններ թերևս այդպես հստակ սահմանված չկան։ 

Նաև հայ-ամերիկյան հարաբերությունների մեջ ես կկարևորեի էներգետիկ անվտանգության ոլորտը, տարածաշրջանային հաղորդակցությունների ոլորտը՝ թե՛ ճանապարհային, թե՛ կոմունիկացիոն, տիեզերական պլատֆորմների կառուցման ոլորտը, և Հայաստանի ռազմական և հատկապես  օդային պաշտպանության հարցերում անվտանգության խնդիրները։ Միայն երկկողմ հարաբերությունները ռազմավարական բնույթի բարձրացնելու վերաբերյալ հայ-ամերիկյան խորհրդակցությունների շրջանակում է, որ հնարավոր կլինի հասկանալ՝ որն է հայ-ամերիկյան հարաբերությունների պոտենցիալ սահմանը, մինչև ուր կիարող է Հայաստանի Հանրապետությունը Միացյալ Նահանգների հետ աշխատել՝ իր ազգային անվտանգության խնդիրները լուծելու համար։ 

Նաև իհարկե տնտեսական զարգացումը կա, ժողովրդավարության աջակցությունը կա, իրավունքի և օրենքի իշխանության խնդիրը կա։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները ես չեմ տեսնում Ռուսաստանում՝ հայ-ռուսական հարաբերությունների մեջ։ Տեխնոլոգիայի խնդիր կա։ ԱՄՆ-ը համաշխարհային առաջատար տեխնոլոգիայի աղբյուր է, Ռուսաստանը՝ ոչ։ Այն պատերազմը, որտեղ մենք պարտվեցինք, տեխնոլոգիական բնույթի պատերազմ էր, ինչպես նաև կառավարման մեթոդների։ Ժամանակակից պատերազմի վարման պատերազմ էր, որտեղ Հայաստանը տանուլ տվեց։  Ռուսաստանը չունի այդ կարողությունները։ Եթե դրանք պիտի ունենանք՝ կունենանք Միացյալ Նահանգներից։ 

Մյուս կողմից, Իսրայելի հետ հարաբերություններն են նորից տարածաշրջանային կարևորագույն խնդիր, որտեղ Միացյալ Նահանգներն ունի կենտրոնական դերակատարություն, և Հայաստանը պետք է կարողանա այս հարցը պահել իր ուշադրության կենտրոնում ԱՄՆ-ի հետ։

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳ․ ԱՄՆ-ՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԻԶՄ ՉԿԱ, ԿԱ ԱԿՏԻՎԻԶՄ

— Խոսեցինք  տարածաշրջանային օրակարգի, հայ-ամերիկյան օրակարգի մասին, վերջին հարցս վերաբերում է համահայկական օրակարգին։ Ես կրկին վերջում ուզում եմ մեջբերել Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանին, որն ասել է՝ «հայոց աշխարհում բոլոր նավերը պետք է նավարկեն նույն ուղղությամբ, հատկապես երբ հարցը վերաբերում է մեր միջազգային օրակարգին»։ Արդյոք կա՞ համահայկական օրակարգ, եթե ոչ՝ ինչպե՞ս այն ձևավորել, և արդյոք այդ օրակարգի գլխավոր տեղը պետք է զբաղեցնի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։

— Գիտեք՝ Միացյալ Նահանգներում մենք գործ ունենք կազմակերպված հայկական ակտիվիստական քարոզչության հետ, սա լոբիզմ չէ, լոբիզմը վճարովի քարոզչությունն է․,  վճարովի աշխատանքն է, որ Ադրբեջանն ու Թուրքիան են անում։ Հայաստանը լոբիզմ մեծ հաշվով չի անում և չի արել։ Եղել են առանձին դրվագներ լոբիստական ուժեր ներգրավելու՝ կոնկրետ խնդիրների լուծման համար՝ 89-ից ի վեր, նույնիսկ Խորհրդային Միության  տարիներին, բայց լոբիզմ որպես այդպիսին Հայաստանը չունի, ամերիկահայությունն ունի կազմակերպված ակտիվիստական քարոզչություն, որը ոչ շահութաբեր գործունեություն է, որտեղ փող չի տրվում, չի առնվում, հաճախորդ և պատվիրատու հարաբերություններ չկան այդ համայնքի և համայնքի հիմնական շահառուի միջև։ Այս առումով ամերիկյան հայկական կազմակերպված քարոզչությունը թե՛ Հայ դատի հանձնախումը, թե՛ Ամերկայի հայկական համագումարը լուծում են ամերիկահայությանը հուզող խնդիրների և հետաքրքրող խնդիրների օգտին քարոզչություն։ Հիմնականում քարոզչությունն ուղղված է Միացյալ Նահանգների օրենսդիր մարմնի ուղղությամբ, որովհետև հանրային ակտիվիզմը ավելի շատ ազդեցություն ունի հենց այդ ռեժիմում։ Օրինակ՝ ամերիկյան գործադիր օղակների, ինչպես նաև անվտանգության, պաշտպանության, հետախուզական և արտաքին քաղաքականության շրջանակների նկատմամբ նման աշխատանք չկա այն ինտենսիվությամբ, այն ծավալով, որով կա օրենսդիրի հետ։  Լոբիստները շատ հաճախ աշխատում են հենց գործադիրի և հենց պաշտպանական ու անվտանգության համայնքների հետ։ Թուրքիայի պարագայում նաև այստեղ դեր է խաղում 70 տարի շարունակ թուրք-ամերիկյան հարաբերություններում ստեղծված փոխադարձ ընկալման մշակույթը՝ ՆԱՏՕ-ով ամրապնդված, ամերիկյան, թուրքական ռազմական հարաբերություններով։ Պատկերացրեք Երևան-Մոսկվա հարաբերությունները Խորհրդային Միության ժամանակ։ Կան սերտ համագործակցության հարաբերություններ, անձնական հարաբերություններ, Թուրքիայում ամերիկյան ռազմական ներկայություն և այլն, և դա ձևավորել է որոշ մշակույթ, որին մենք բախվել ենք տարիներ շարունակ։ Ժամանակն է այդ մշակույթի նկատմամբ շատ ավելի հանձնառու և շատ ավելի տեր կանգնողի դիրք գրավել և կարողանալ ստեղծել հայ-ամերկյան հարաբերություններում նման մշակույթ, որի պարագայում մենք կարող ենք Միացյալ Նահանգների հետ ունենալ փոխադարձ վստահության ռազմավարական օրակարգին միտված հարաբերություններ։ Այդ առումով, ես կարծում եմ, ամերիկահայության խնդիրը ամերիկահայության հետաքրքրությունների, շահերի առաջմղումն է, որոնք երբեմն, շատ հաճախ համընկնում են Հայաստանի շահերին ու հետաքրքրություններին, բայց դրանք նույնական չեն և իհարկե նույն կենտրոններից չեն ղեկավարվում։ Երևանը չի կառավարում ո՛չ Հայկական համագումարին, ո՛չ Հայ դատի հանձնախմբին։ Դա որոշվում է այստեղ, Երևանն անում է իր քաղաքականությունը։ Ես կարծում եմ, որ Հայաստանի անկախությունը, սակայան, բոլորիս համար արժեք է՝ թե՛ Ամերիկայի քարոզչության, թե՛ որևէ լոբիստական աշխատանքի և թե՛ Երևանի։ Անկախությունն է, որ պետք է լինի կիզակետը մեր բոլոր խնդիրների, մտահոգությունների և շահերի, որի շուրջ պետք է կառուցվի մնացածը։ Միացյալ Նահանգներին այսօր ձեռնտու է անկախ, ժողովրդավարական, ուժեղ, իրավունքի երկիր Հայաստանը։ Դա Միացյալ նահանգների կենսական շահերից է բխում՝ հատկապես այն վակուումի պարագայում, որը մենք տեսնում ենք  թուրք-ամերիկյան հարաբերություններում։ 

Տարածաշրջանում կա՛ խաղալու դեր, և Հայաստանը պետք է կարողանա այդ դերը, այդ դերակատարի հանձնառությունը ցուցաբերել և հայտ ներկայացնել, թե ինչ չափով՝ այլ խնդիր է։ Բայց Հայաստանը պետք է դա անի, եթե Հայաստանը դա չանի, որևէ մեկը կանի, կամ թուրքերը կվերականգնեն իրենց խարխլված դիրքերը։ Եվս մեկ հարց 907 բանաձևի մասին՝ Ազատության աջակցության մասին օրենքի 907-րդ բաժնի մասին, որը ևս դրված է հայկական կազմակերպված քարոզչության օրակարգում, և իմ, կարծիքով, այստեղ կարիք կա թարմ հայացքի։ 

907 ԲԱՆԱՁԵՎԻ ՄԱՍԻՆ․ ԱՅՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՉԻ ՎՆԱՍՈՒՄ, ՎՆԱՍՈՒՄ Է ՄԵԶ

Ժամանակին համայնքը կարողացել է անցկացնել 907 բանաձևը, որով արգելվում էր Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանին պետական կառավարական օգնությունը,   և դա ներկայացվել է իբրև համայնքի հաջողություն։ Այո, թերևս  դա համայնքի ինքնագնահատման համար մեծ դեր է խաղացել, բայց նաև ստեղծել է խնդիր հայ-ամերիկյան հարաբերություններում։ Դրա պատճառով Միացյալ Նահանգները ստիպված է եղել ընդունել գործադիր քաղաքական ուղեցույց, որն ասում էր, որ այնքան ժամանակ, քանի դեռ 907 բանաձևով Միացյալ Նահանգներն Ադրբեջանը չեն կարող կառավարական օժանդակություն ցուցաբերել, այդքան ժամանակ Միացյալ Նահանգները Հայաստանի նկատմամբ կկիրառի մի քաղաքականություն, որով Հայաստանը ենթակա չլինի ԱՄՆ-ի ռազմական օժանդակության՝ ներառյալ ամերիկյան ռազմական կրթության հիմնադրամից տրվող հավանական գումարները։ Ռազմական կրթությունը, ռազմական գնումները, ռազմական օժանդակությունը 90-ականներից փակվել են Հայաստանի համար, որովհետև 907 է եղել․ և մենք չենք կարողացել Միացյալ Նահանգների հետ գալ ընդհանուր հայտարարի՝ պահել 907-ը, բայց բացել Հայաստանի համար ռազմական օժանդակությունը։ 

90-ականներից Միացյալ Նահանգների հետ ռազմական համագործակցություն չունենալով՝ ստիպված ես Ռուսաստանի հետ աշխատել։ Իսկ ռազմական համագործակցություն ստեղծելը որևէ երկրի հետ տարիների խնդիր է։ Ռազմավարական հեռանկարի խնդիր է։ Սպառազինությունների, դրանց սպասարկման, դրանց պահեստամասերի, օպերատիվ տակտիկական մյուս բոլոր նկատառումների, մարդկային ռեսուրսների զարգացման խնդիր է, ուսուցման խնդիր է, 907-ի բերումով Հայաստանի վրա դրված ռազմական օժանդակության արգելքի պատճառով Հայաստանը զրկվել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ մեծ առումով ռազմական համագործակցություն զարգացնելուց: Սրա մասին շատ քիչ է խոսվել: Սա կարևոր խնդիր է: Միաժամանակ 907-ը չի խանգարել Ադրբեջանին զարգանալ թե՛ ռազմական, թե՛ տնտեսական առումով և թե՛ կառուցել ենթակառուցվածքները և հասնել այսօր մի պահի, որ նա Հայաստանի նկատմամբ ռազմական գերակայություն է ապահովել: 

Այսինքն՝ 907-ը Ադրբեջանին չի վնասում, վնասում է մեզ: Ահա մի բախում, որտեղ ինչպես տեսնում եք՝ համայնքի տեսանկյունից նվաճում համարվող երևույթը Հայաստանի ազգային անվտանգության համար աղետալի նշանակություն է ունեցել: Ես կցանկանայի, որ մեր համայնքը, նաև Հայաստանը կարողանային մի քիչ ավելի մասնագիտական, խորքային հայացք նետել այս խնդիրներին և ձևակերպել արդիական օրակարգ:

Անհրաժեշտ է ձերբազատվել կարծրատիպային, կաղապարային որոշումներից և ամենակարևորը՝ ձերբազատվել կաթվածահար անող մտայնությունից, թե Ամերիկայի հետ հարաբերություններ կառուցելիս միշտ պետք է մտածել, թե ինչ կասի Ռուսաստանը: Սա ամենակեղծ, ամենից ոչ կոմպետենտ հարցադրումն է: Այո՛, պետք է մտածել, բայց չպետք է ստորադասել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները Ռուսաստանի ենթադրյալ, հավանական արձագանքին: Սա պարզապես անհամարժեք մոտեցում է, և այն պետք է հաղթահարել, այլապես Հայաստանը այսօր էլ չի կարողանա օգտվել իր այն հնարավորություններից, որ ունի Միացյալ Նահանգների հետ:

Պատրաստեցին Լուսինե Վարդանյանը և Գեղեցիկ Ոսկանյանը