2020-ին տնտեսական ակտիվությունը նվազել է 7,5 տոկոսով

2020-ի հունվար-դեկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2019-ի համեմատ նվազել է 7,5 տոկոսով: Ընդ որում, ՏԱՑ-ը 2020-ի դեկտեմբերին 2019-ի նույն ամսվա նկատմամբ անկում է ապրել 8,8 տկոսով, իսկ 2020-ի նոյեմբերի նկատմամբ՝ աճել 27,7 տոկոսով:

Ինչպես հայտնում են Հայաստանի վիճակագրական կոմիտեից, 2020-ին ամենամեծ անկումը գրանցվել է ծառայությունների ոլորտում՝ 14,7 տոկոս: Առևտրաշրջանառությունը կրճատվել է 14 տոկոսով, շինարարության ծավալը՝ 9,5 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 0,9 տոկոսով:

Չնչին աճել է գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 1,4 տոկոս և էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 1,2 տոկոս:

Զգալի անկում է ապրել արտաքին առևտրաշրջանառությունը՝ 13,8 տոկոս: Ընդ որում, արտահանումը կրճատվել է 3,9 տոկոսով՝ տարվա կտրվածքով կազմելով ավելի քան 2,5 մլրդ դոլար, ներմուծման ծավալները նվազել են 17,7 տոկոսով՝ կազմելով շուրջ 4,5 մլրդ դոլար:

Տարվա կտրվածքով դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ հաշվարկվել է 489, սակայն դեկտեմբերին այն կազմել է 518 դրամ: