Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը ազատման դիմում է գրել

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը աշխատանքից ազատման դիմում է գրել։ Տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց ինքը՝ Նարեկ Բաբայանը։

Նարեկ Բաբայանը հերքեց նաև մամուլում շրջանառվող լուրերը, թե ազատման դիմում է գրել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ լարված հարաբերությունների պատճառով․ «Սուրեն Պապիկյանի հետ կապված չէ, ոչ մի լարվածություն և որևէ խնդիր չկա»,- ասաց նա։

Հարցին, թե այլ՝ մասնավոր հատվածում աշխատանքի անցնելու նպատակով է թողնում պաշտոնը, Նարեկ Բաբայանը պատասխանեց․ «Քննարկվում է, ոչ մասնավոր տեղում»։

Նարեկ Բաբայանը պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ էր նշանակվել 2018թ. հունիսի 11-ին։

Մեկնաբանել