Շուշիի վերաբերյալ շատ բաներ ինձ համար անհասկանալի են․ Արծրուն Հովհաննիսյան

Շուշիի վերաբերյալ շատ բաներ ինձ համար անհասկանալի են։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Նոյեմբերի 6-ին ես եղել եմ Շուշիում, նոյեմբերի 7-ին, 8-ին և 9-ին տրամագծորեն մի քանի անգամ իրավիճակը կտրուկ փոխվել է Շուշիում՝ ըստ ՊՆ տեղեկությունների»,- հայտնեց նա։

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ պատերազմի 44 օրերի ընթացքում տեղեկությունները ստացել է բացառապես պաշտպանության նախարարությունից, գլխավոր շտաբի օպերատիվից և պաշտպանության բանակից։

«Չկա պատերազմ որտեղ չեն սխալվել, չկա պատերազմ որտեղ տեղեկատվության խզվածք չի առաջանում, ուսումնասիրել է պետք։ Ես որևէ կեղծ ինֆորմացիա չեմ ասել»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը։

Հովհաննիսյանի խոսքով՝ պատերազմի 44 օրերի ընթացքում մոտ 400 հրապարակում է արել, որից 170-ը՝ «հաղթելու ենք» կարգախոսով, 160-ից ավելի հրապարակումները՝ ռազմաճակատում ծանր դրության մասին։

«Այսինքն, 50-50 հարաբերակցությամբ։ Ես չեմ ասել «հաղթում ենք», ես ասել եմ՝ «հաղթելու ենք», դրանք տարբեր բաներ են։ Բայց 160-ից ավելի հրապարակումներ եղել են, որ վիճակը շատ ծանր է, գոյության կռիվ է և նմանաբնույթ սթափեցնող կոչեր։ Ես մինչև վերջին օրը որպես զինվորական պարտավոր էի հավատալ և հավատում էի, որ հաղթելու ենք։ Իմ հավատալու հիմքը եղել են այն տղաները, որոնք հերոսաբար են կռվել, դա կանոնավոր զորքն է, միջին սպայական կազմն է։ Ես իրավունք չունեի նրանց չհավատալ»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։