ԼՂ հակամարտության կարգավորման հարցը պետք է քննարկել նաև Թուրքիայի հետ․ Մեդվեդև

ԼՂ հակամարտության կարգավորման հարցը պետք է քննարկել նաև Թուրքիայի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդև, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Թուրքիան մեր հարևանն է և շատ կարևոր գործընկեր, ինչպես նաև Ադրբեջանի համար մտերիմ երկիր է։ Այդ գործոնը հնարավոր չէ հաշվի չառնել։ Մենք պարտավոր ենք հաշվի առնել այն իրողությունները, որոնք առկա են մեր տարածաշրջանում։ Իսկ իրողություններն այնպիսին են, որ այսօր այդ հարցը պետք է քննարկել նաև թուրք գործընկերների հետ»,- ասել է նա։

Մեդվեդևը հիշեցրել է 2016 թ․ ԼՂ-ում հակամարտությունը, որից հետո, նրա խոսքով՝ առաջարկվել է խնդրի լուծման քարտեզ․ «Այն ժամանակ քարտեզ էր պատրաստվել, բայց, ցավոք, երկրները դրանից չօգտվեցին։ Ամեն ինչ հանգեցրեց նոր՝ մեծ թվով զոհերով հակամարտության։ Եթե չլիներ ՌԴ նախագահի աշխատանքը, հակամարտությունը կարող էր շարունակվել մինչ օրս»,- ասել է նա։

Ինչ վերաբերում է ԼՂ կարգավիճակին, Դմիտրի Մեդվեդևը նշել է, որ հարցը պետք է քննարկել ապագայում․ «Այսօր բոլորի համար միանգամայն ակնհայտ է, որ ԼՂ կարգավիճակի հարցն իրոք չի լուծվել, բայց այն այժմ հնարավոր չէ քննարկել, որովհետև կարգավիճակի շուրջ քննարկումների այդ դաշտի ցանկացած էլեկտրիֆիկացում հանգեցնում է հզոր էլեկտարական հոսքի առաջացման։ Առավել ևս, որ կողմերի դիրքորոշումներն այստեղ շատ տարբեր են, նույնիսկ Հայաստանի ներսում դեռ քննարկումներ են ընթանում։ Իսկ ես հիշեցնեմ, որ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը։ Այդ պատճառով կարգավիճակի մասին հարցն ավելի լավ է հետաձգել»,- նշել է նա։

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին ավելի վաղ խոսել էին նաև ՌԴ նախագահը և արտգործնախարարը։ Մասնավորապես, Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ներկայում ԼՂ կարգավիճակի թեման որպես առաջնահերթ հարց առաջ քաշելու լավագույն ժամանակը չէ, այն մնում է ապագայի համար։ Իսկ Վլադիմիր Պուտինը նշել էր՝ Ղարաբաղի կարգավիճակը պետք է անփոփոխ մնա և որոշվի ապագայում։

Մեկնաբանել