Արցախի ԱԳՆ-ն դատապարտում է «Գորշ գայլերի»՝ Շուշիում հավանական գործունեությունը

Լրջագույն մտահոգության տեղիք են տալիս ծայրահեղ աջ ազգայնական «Թուրքական ազգայնական շարժում» կուսակցության և դրան հարող ծայրահեղական նեոֆաշիստական «Գորշ գայլեր» կազմակերպության մտադրությունները՝ որոշ նախագծեր իրականացնելու Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում, մասնավորապես՝ Շուշի քաղաքում: Նման հայտարարությամբ է հանդես եկել Արցախի արտգործնախարարությունը։

«Ծայրահեղ աջ նեոֆաշիստական ուժերի տեղափոխումը Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ, ինչպես նաև Արցախի դեմ զինված ագրեսիայի ժամանակ միջազգային ահաբեկիչների օգտագործումը ոչ միայն Արցախի ու Հարավային Կովկասի, այլև դրանց սահմաններից դուրս գտնվող տարածաշրջանների նկատմամբ Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության նույն շղթայի օղակներն են»,- ասվում է հայտարարությունում։

Արցախի ԱԳՆ-ն դատապարտում է Թուրքիայի և Ադրբեջանի այս քաղաքականությունը և պահանջում է, որ միջազգային հանրությունը, շահագրգիռ կազմակերպություններն ու կառույցները համապատասխան անհապաղ քայլեր ձեռնարկեն` ուղղված նման ապակառուցողական նախաձեռնությունների կանխմանն ու կասեցմանը:

«Գորշ Գայլերը» թուրքական երիտասարդական ազգայնական կազմակերպություն է։ Ստեղծվել է 1968 թ․, հավատարիմ է պանթուրքիզմի և նեոֆաշիզմի գաղափարախոսությանը: Կազմակերպության գրոհայինները մեղադրվում էին մի շարք սպանությունների և ահաբեկչական գործողությունների, այդ թվում՝ Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ի դեմ մահափորձի մեջ: 1990-ական թվականներից անցել է քրդական անջատողական շարժման և ազգային-կրոնական փոքրամասնությունների դեմ պայքարի։