ՄԱԿ-ը կոչ է անում անհապաղ ազատ արձակել գերիներին

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով փորձագետները կոչ են արել շուտափույթ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում գերեվարված զինվորականներին և քաղաքացիական անձանց։

«Բոլոր ազատազրկվածները պետք է վերադառնան իրենց տներ, իսկ զոհվածների հարազատները պետք է հնարավորություն ունենան իրենց հարազատների աճյունները ստանալ՝ կրակի դադարեցման մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրի համապատասխան։ Անհետ կորածների ճակատագրի և գտնվելու վայրի մասին տեղեկատվություններ չհայտնելը կամ զոհվածների աճյունները վերադարձնելը մերժելը կարող գնահատվել որպես բռնի անհետացում»,- ասվում է հայտարարությունում։

ՄԱԿ-ի փորձագետները արձանագրում են, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղում բռնկված հակամարտությունը հանգեցրել է ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց գերեվարման։ Հայտարարությանում նշվում է, որ բազմաթիվ հաղորդումներ կան քաղաքացիական անձանց և ռազմագերիների նկատմամբ մարդու իրավունքների խախտումների, ինչպես նաև զոհվածների մարմինների պղծման մասին:

«Մենք անհանգստացած ենք, որ ռազմագերիները և այլ պաշտպանված անձինք ենթարկվում են արտադատական սպանությունների, բռնի անհետացումների, կտտանքների և այլ տեսակների դաժան վերաբերմունքի: Ոչ մի բացառիկ հանգամանք ՝ լինի դա պատերազմական վիճակ, ներքին քաղաքական անկայունություն, թե ցանկացած այլ արտակարգ դրություն, չի կարող խոշտանգումների և բռնի անհետացումների արդարացում լինել։ Հակամարտությունում նման գործողությունները կարող են նաև սահմանվել որպես ռազմական հանցագործություններ»,- հայտարարել են փորձագետները:

Նրանք Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններին կոչ են անում մանրակրկիտ, արագ և անկողմնակալ ձևով ստուգել հակամարտության ընթացքում և դրանից հետո մարդու իրավունքների ոտնահարման մասին վկայող հաղորդագրությունները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։

Հայտարարության տակ ստորագրած 7 փորձագետները հայտնում են, որ շարունակելու են փոխգործակցել Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ, և ուշադիր հետևելու են իրավիճակին:

Ավելի վաղ Եվրամիությունն էր կոչ արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել մնացած 57 գերեվարված հայ զինծառայողներին։

Մեկնաբանել