Կյանքից հեռացել է աշխարհահռչակ օպերային երգչուհի Լիլի Չուգասզյանը

Ապրիլի 12-ին 90 տարեկանում մահացել է ամերիկահայ անվանի երգչուհի Լիլի Չուգասզյանը` 1960-80-ականների աշխարհի ամենահայտնի կոնտրալտոներից մեկը: New York Times թերթն անդրադարձել է աշխարհահռչակ օպերային երգչուհու մահվան լուրին` ապրիլի 12-ին լույս տեսած «Լիլի Չուգասզյան, 90, թավշյա ձայն» խորագրով իր հոդվածում, որի հատվածները ներկայացնում ենք ստորև.

«Միսս Չուգասզյանը շուրջ 25 տարի «Մետրոպոլիտեն» օպերային թատրոնի առաջատար երգչուհին էր. 1962-1986թթ. այս բեմում նա ելույթ է ունեցել 290 անգամ:  Քննադատներն ու օպերայի սիրահարները Լիլի Չուգասզյանին անվանում են «իսկական կոնտրալտո»: Ի տարբերություն մյուսների`նրա ձայնը խորն էր, թավշյա և հղկված»:

«Լիլի Չուգասզյանը մշտապես գովասանքի է արժանացել իր «զգայուն երաժշտականության», ուժեղ դրամատիկ կերպարների ստեղծման և անթերի արտասանության համար (նա հայախոս էր)»:

Երգչուհին ծնվել է 1921 թ. Չիկագոյում: Ծնողները Միացյալ Նահանգներ են ներգաղթել 1909թ. Արևմտյան Հայաստանից: Լիլի Չուգասզյանը սկսել է երգել վաղ տարիքից` ելույթ ունենալով  դպրոցական հանդեսներում և եկեղեցիներում: Երաժշտական կարիերան սկսել է 1940-ականներին Չիկագոյում: 1955թ. հանդես է եկել մենակատարի դերում Մաալերի 2-րդ սիմֆոնիայում:

Օպերայում առաջին բեմելը 1959թ. Բելինիի «Նորմա» օպերայում Ադալգիզայի դերերգն էր:

«Մետրոպոլիտեն» օպերային թատրոնի բեմում Չուգասզյանի դերերի շարքում են Ամներիսը` Վերդիի «Աիդա»-ում, Էրդան` Վագների «Հռենոսի ոսկին», և Մամա Լուչիան` Մասկանյիի «Գյուղական պատիվ» օպերաներում:

Բեմական կյանքի ավարտից հետո երկար տարիներ նա դասավանդել է Յեյլի նշանավոր համալսարանի երաժշտական քոլեջում:

Լիլի Չուգասզյանն ունի երեք զավակ: Ամուսինը` Ջորջ Գավեջյանը, վախճանվել է 1987թ.: