Հայաստանը հաստատել է «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործումը

Հայաստանի առողջապահության նախարարությունը հաստատել է կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործումը: Տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեցին առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հարցին, թե աշխատանքներ տարվում են «Սպուտնիկ V» պատվաստանյութի ձեռքբերման ուղղությամբ, նախարարությունից հղում արեցին հունվարի 20-ի հայտարարությանը, ըստ որի՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութերի ձեռքբերման հնարավորություններն ու առաջարկները քննարկվել է COVAX FACILTY նախաձեռնության երկրորդ պատուհանի ընթացքում։

Նախարարությունը որոշել էր չմերժել նախաձեռնության շրջանակներում առաջարկված COVID-19-ի դեմ AstraZeneca ընկերության պատվաստանյութի ձեռքբերումը՝ նախատեսված բնակչության 3%-ի համար:

Բրիտանական AstraZeneca-ն ձեռքբերելիս հաշվի է առնվել հնարավորինս վաղ ժամկետում հասանելիությունը՝ 2021թ․ մարտ և արժեքի մատչելիությունը:

ԱՆ-ը հայտնել է նաև, որ  COVID-19-ի դեմ պատվաստումներն իրականացվեկու է փուլային՝ սահմանելով ռիսկի խմբերի հետևյալ առաջնահերթությունը։

1-ին փուլում կպատվաստվեն տարեցների խնամքի կենտրոնների բնակիչները և աշխատակիցները, բուժաշխատողները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները, 65 տարեկան և բարձր տարիքի անձինք, 16-ից 64 տարեկան քրոնիկ հիվանդները:

Համաճարակային իրավիճակից և պատվաստանյութի առկայությունից ելնելով՝ հաջորդ փուլում կպատվաստվեն դասախոսները, ուսուցիչները, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, զինծառայողները, արդարադատության ոլորտի աշխատակիցները, հանրային տրանսպորտի աշխատակիցները, պետական ծառայողները: