Դատավոր Դանիբեկյանը թույլատրել է Քոչարյանին փետրվարի 3-8-ը բացակայել Հայաստանից

Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին դատավոր Աննա Դանիբեկյանը թույլատրել է փետրվարի 3-ից մինչև 8-ը լքել Հայաստանի տարածքը․ այս մասին փետրվարի 2-ին դատարանում հայտարարեց դատախազ Գևորգ Բաղդասարյանը։ 

Նա դատավորից պահանջեց պարզաբանում ներկայացնել իր որոշման վերաբերյալ. «Մեզ հայտնի չէ, թե Ռոբերտ Քոչարյանին ինչի՞ հիման վրա է թույլատրվում մեկնել Հայաստանից, ինչո՞վ է դա պայմանավորված։ Մենք պետք է այդ մասին տեղեկացված լինենք»։

Բաղդասարյանը հիշեցրեց, որ նախորդ դատական նիստերից մեկում բարձրացվել է Քոչարյանի՝ երկրից բացակայելու թույլտվություն տրամադրելու հարցը, սակայն որևէ պարզաբանում այդ առնչությամբ չի տրվել։

Դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց, որ հասկանալի է միջնորդությունը և անդրադառնալով դատախազի պահանջին՝ այդպես էլ որևէ պարզաբանում չներկայացրեց։ Նա նկատեց, որ եթե մեղադրող կողմն առարկություն ունի, կարող է բողոքարկել դատարանի որոշումը։