Ալիևը թուրք ազգայնականների հետ քննարկել է գրավյալ շրջաններում դպրոցների բացումը

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության փոխնախագահ Մևլյութ Քարաքայան Բաքվում հանդիպել է Իլհամ Ալիևին․ հայտնում են ադրբեջանական կայքերը։

Հանդիպման ժամանակ թուրք պաշտոնյան, փոխանցելով կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի ողջույնը, խոսել է գրավյալ շրջաններում մշակույթի և արվեստի դպրոցների հիմնադրման ցանկության մասին՝ նշելով, որ այդ հարցի շուրջ հանդիպումներ է ունեցել ադրբեջանցի մի շարք պաշտոնյաների հետ: 

Իլհամ Ալիևը, դրականորեն վերաբերվելով նախաձեռնությանը, ասել է, որ դպրոցների կառուցման համար համապատասխան վայրեր կտրամադրվեն: Կողմերը մտքեր են փոխանակել նաև Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունների մասին:

«Ազգայնական շարժման» առաջնորդ Բահչելին, ներկայացնելով ծայրահեղ աջակողմյան թևը, 2018թ. խորհրդարանական ընտրություններից հետո իշխող «Արդարություն ու զարգացում» կուակցության հետ ձևավորել է կոալիցիա՝ «Ժողովրդական դաշինք»: «Ազգայնական շարժում» կուսակցության հովանու  ներքո է ստեղծվել «Գորշ գայլեր» կազմակերպությունը, որը դավանելով պանթյուրքիզմի և նեոֆաշիզմի գաղափարներ, համարվում է կուսակցության արմատական թևը:

Persecution.org կայքը հունվարի վերջին հայտնեց, որ «Գորշ գայլեր» կազմակերպությունը մտադիր է նախագծեր իրականացնել գրավյալ տարածքներում, մասնավորապես՝ Շուշի քաղաքում: 

Այդ տեղեկությանն արձագանքել է Արցախի արտաքին գործերի նախարարությունը․ «Ծայրահեղ աջ նեոֆաշիստական ուժերի տեղափոխումը Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ, ինչպես նաև Արցախի դեմ զինված ագրեսիայի ժամանակ միջազգային ահաբեկիչների օգտագործումը ոչ միայն Արցախի ու Հարավային Կովկասի, այլև դրանց սահմաններից դուրս գտնվող տարածաշրջանների նկատմամբ Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության նույն շղթայի օղակներն են»։

Գեորգի Միրզաբեկյան