Արցախցիների վարկերը մասնակի կամ լրիվ կներվեն

Պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում վարկային միջոցներով ձեռք բերված կամ վերանորոգված գույքի սեփականատերերի համար ներվելու կամ փոխհատուցվելու են բոլոր տեսակի վարկերը և փոխառությունները։ Իսկ տնտեսվարող սուբյեկտների համար, որոնց գույքը մասամբ մնացել է այդ համայնքներում կամ ոչնչացվել է, նախատեսվում է պարտավորությունների ներում կամ կորստին համամասնորեն փոխհատուցում։ Այս մասին հայտնում է Արցախի նախագահի պաշտոնական կայքը։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ փետրվարի 2-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հետպատերազմյան ժամանակաշրջանում նախատեսվող պետական աջակցության այն ծրագրերին, որոնք ուղղված կլինեն քաղաքացիների վարկերի և փոխառությունների դիմաց առաջացած պարտավորությունների մասնակի կամ լրիվ փոխհատուցմանը։

Նախագծի հաստատման դեպքում, առաջիկայում պետական աջակցությունից կարողանալու են օգտվել ֆիզիկական և իրավաբանական այն անձինք, որոնք ունեն մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը ստացած հիպոթեքային, բիզնես և սպառողական վարկեր ու փոխառություններ։

«Մասնավորապես, հիփոթեքային վարկերի համար 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 1-ը ժամանակացույցով նախատեսված բոլոր վճարումները Արցախում փաստացի ապրող քաղաքացիներին փոխհատուցվելու են պետության կողմից՝ մինչև 30 մլն դրամ չափով։ Բայց 5 տարվա ընթացքում բնակտարածքը վաճառելու դեպքում՝ աջակցության գումարը վերադարձվելու է պետությանը»,- ասվում է հաղորդագրությունում։

Բիզնես վարկերի, փոխառությունների կամ լիզինգի համար՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 31-ը հաշվարկված տոկոսագումարները հատուցվելու են, իսկ մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը ժամանակացույցով նախատեսված մայր գումարների վճարումները բաշխվելու են վարկի հետագա ժամկետի վրա։ Նշված վարկերի փոխհատուցման ծրագրից կարողանալու են օգտվել այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք գործում են և նրանց գործունեությունը շարունակական է։

Ֆիզիկական անձանց՝ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը ստացած սպառողական վարկերի և փոխառությունների մասով նախատեսվում է 3 տարի ժամկետով փոխհատուցել պարտավորությունները՝ առավելագույնը 3 մլն դրամ չափով։ Ըստ նախագծի՝ աջակցությունից կարողանալու են օգտվել միայն Արցախում փաստացի բնակվող շահառուները։

Պետական աջակցության ծրագրով լրացուցիչ արտոնություններ են նախատեսվում շահառուների մի շարք կատեգորիաների համար։ Մասնավորապես՝ Արցախի պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված, անհայտ բացակայող համարվող քաղաքացիների կամ նրանց ընտանիքների, հաշմանդամ դարձած անձանց համար։ Առավել մանրամասն՝ այստեղ։