2020-ի տնտեսական անկումը կկազմի 7,8 տոկոս․ ԿԲ

Հայաստանի ֆինանսական շուկայում 2021-ին որոշակի պասիվություն է կանխատեսվում․ այս մասին փետրվարի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտնեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ խոսելով վարկավորման, մասնավորապես, հիփոթեքային վարկերի մասին։

«Բոլորի ակնկալիքը 2021-ից ՀՆԱ-ի 7- 8 տոկոս անկման շրջանակներում է։ Դա նշանակում է, որ առնվազն մեր հայրենակիցների եկամուտների նվազում ենք ունենալու։ Ու այդ պարագայում ակնկալել, որ հիփոթեքը կամ երկարաժամկետ այլ վարկերը, որոնք կապված են եկամուտների հետ, նույն թափով շարունակելու են աճել կամ լինել, ինձ թվում է՝ մի փոքր լավատեսական է»,- նշեց ԿԲ նախագահը՝ ավելացնելով, որ բանկերից ստացվող ազդակների համաձայն՝ վարկավորման ընդհանուր ծավալն այս տարի կարող է ավելի ցածր լինել, քան 2020-ին էր։

Վարկավորման ակտիվությունը պահելու համար, ԿԲ-ի ղեկավարության համոզմամբ, կառավարությունը պետք է փորձի տնտեսական ակտիվությունը խթանել պետական համապատասխան ծրագրերով ու որոշումներով։ Գալստյանը շեշտեց՝ 2021-ի ընթացքում, հաճախորդների ֆինանսական վիճակի վատթարացմամբ պայմանավորված, բանկերն ավելի զուսպ կգտնվեն վարկեր տրամադրելու հարցում։

Խոսելով գնաճի մասին՝ Գալստյանը հայտնեց, որ 2020-ի դեկտեմբերին Հայաստանում արձանագրվել է 3,4 տոկոս գնաճ, որը հիմնականում պայմանավորված է եղել ներմուծված պարենային ապրանքների գների աճով։

Գնաճային սպասումների ֆոնին ԿԲ–ն փետրվարի 2-ին որոշում է կայացրել բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 0,25 տոկոսով՝ այն սահմանելով 5,5 տոկոս։

«Նման պայմաններում տեսանելի կանխատեսվող հորիզոնում գնաճը կգտնվի նպատակային 4 տոկոսի սահմաններում»,– ասաց ԿԲ նախագահը։

Լրագրողի այն դիտարկմանը, որ առկա խնդիրների կողքին նշվում է միայն կորոնավիրուսն ու պատերազմը, արդյոք ներքաղաքական իրավիճակը ռիսկեր չի՞ պարունակում, Գալստյանը պատասխանեց, որ դա ընդհանուր ֆոնային կոմպոնենտ է, որը ինքնըստինքյան ավելացնում է ընդհանուր անորոշությունը և կարող է ազդեցություն ունենալ հետագա հնարավոր ներդրումների վրա, բայց այս պահին դատողություններ անելը շատ դժվար է։

Գեղեցիկ Ոսկանյան