Վերջին մղոնի ռազմավարությունը

Սա համեմատաբար նոր տերմին է, թեև Արևմուտքում ու Ռուսաստանում կիրառվում է արդեն մոտ տասը տարի: Խոսքը վերաբերում է հեռահաղորդակցության օպտիկամանրաթելային ենթակառուցվածքների համատեղ օգտագործմանը: Իսկ ավելի կոնկրետ՝ «վերջին մղոնը» բնակարանից (հաճախորդից) մինչև կապի մոտակա հանգույց ընկած տարածությունն է:

Հայտնի է, որ օպտիկամանրաթելային ցանցը լայնաշերտ ինտերնետի, ֆիքսված հեռախոսակապի ու հեռուստահաղորդումների փոխանցման ամենաարդյունավետ միջոցն է: Սակայն տնտեսապես արդյունավետ չէ, երբ մի քանի օպերատոր միաժամանակ տվյալ բնակավայր կամ բնակելի շենք մուտք գործելու համար առանձին ենթակառուցվածք է ստեղծում: Հատկապես գյուղական վայրերում մալուխ կամ կաբել հասցնելը բավական աշխատատար է ու թանկարժեք: «Վերջին մղոնի» քաղաքականությունը թույլ է տալիս օպերատորներին օգտվել արդեն իսկ առկա ցանցից, եթե առկա է ազատ թողունակություն:

Հայաստանում այս խնդիրը դառնում է արդիական այն պատճառով, որ մի քանի օպերատորներ ցանկություն ունեն համահանրապետական ցանց ստեղծել: Նման մտադրությամբ է հայկական շուկա մտնում մասնավորապես ռուսական «Ռոստելեկոմ»-ը: Նրա հետ մրցակցելու հնարավորություն ունեն արդեն իսկ տեղական շուկայում հաջողությամբ գործող օպերատորները՝ «Յուքոմ»-ը, «ԱրմենՏել»-ը, «Ղ-Տելեկոմ»-ը, «Օրանժ Արմենիա»-ն: Եթե ենթակառուցվածքների համատեղ օգտագործման խնդիրը չկարգավորվի, ապա անիմաստ հսկայական ռեսուրսներ կվատնվեն, հատկապես մարզերում:

Առայժմ այս քաղաքականությանը խոչընդոտում է օրենսդրական դաշտում առկա անորոշությունը: «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 25-րդ հոդվածն արդեն իսկ պարտադրում է գերիշխող օպերատորին՝ թույլ տալ այլ օպերատորների վարձակալել տվյալ գծի ազատ թողունակությունները: Պայմանով՝ եթե այդ թողունակությունը չի սպառվի առնվազն երեք տարվա ընթացքում: Սակայն նույնիսկ այդ պարագայում, այլ օպերատորի խնդրանքի հիման վրա, և հաշվի առնելով տեխնիկական ու տնտեսական հնարավորությունները, գերիշխող օպերատորը պարտավոր է կառուցել պահանջվող ենթակառուցվածքները:

Օրենքի այս դրույթը գործնականում չի կիրառվում այն պատճառով, որ օրենքը պատասխանատվություն չի սահմանում գերիշխող օպերատորի նկատմամբ, եթե վերջինս առանց հիմքի մերժում է մյուս օպերատորներին: Կան նաև այլ պատճառներ: Օպերատորներից մեկը՝ «ԱրմենՏել»-ը, ունի ամենաընդգրկուն ցանցը, որ ձևավորվել է դեռ խորհրդային շրջանում ֆիքսված հեռախոսակապի համար: Այդ ցանցն արդիականացվել է և օգտագործվում է նաև ինտերնետի մատակարարման համար:

Այլ օպերատորների մոտ գայթակղություն կա օգտագործել այդ ցանցը, ինչին «ԱրմենՏել»-ն ընդդիմանում է նույնիսկ այն դեպքերում, երբ տեխնիկատնտեսական այլ լուծումներ պարզապես չկան: Օրինակ՝ որոշ դեպքերում «ԱրմենՏել»-ի ցանցը անցկացված է կոյուղու ենթակառուցվածքներով, ինչը կրկնել (այսինքն՝ կոյուղու ենթակառուցվածքներով նոր խողովակ անցկացնել) մյուս օպերատորները ի վիճակի չեն: Հարց է առաջանում՝ պե՞տք է արդյոք «ԱրմենՏել»-ը տրամադրի իր խողովակը մյուս օպերատորների մալուխներն անցկացնելու համար ու ի՞նչ պայմաններով պետք է դա անի: Խնդիրն այն է, որ այլ օպերատորների կողմից «ԱրմենՏել»-ի ցանցի օգտագործումը դիտվում է որպես շուկայում «ԱրմենՏել»-ի մրցակցային դիրքերը թուլացնելու և սեփականն ամրապնդելու միջոց: Բնականաբար՝ «ԱրմենՏել»-ը դրան ընդդիմանում է և իր հերթին օգտագործում է իր գերիշխող դիրքը՝ մյուս օպերատորներին ծավալվել թույլ չտալու համար:

Կա նաև այլ խնդիր: Ռուսաստանում 2008թ. ընդունվեց ծրագիր, որով «վերջին մղոնի» քաղաքականությունն օգտագործվելու է հենց ֆիքսված կապի մենաշնորհը ջարդելու համար: Այսինքն՝ բոլոր օպերատորները հավասար հասանելիություն կստանան «վերջին մղոնի» հանգույցին, իսկ հաճախորդն այդ դեպքում ինքը կընտրի, թե ում ծառայությունից օգտվել: Ընդ որում՝ խոսքը վերաբերում է ոչ միայն միջքաղաքային, այլև ներքաղաքային զանգերին: Այսպիսով՝ «ԱրմենՏել»-ի մտահոգությունը նաև այն է, որ «վերջին մղոնը» կարող է հանգեցնել ֆիքսված հեռախոսակապի մենաշնորհի վերացմանը:
«Վերջին մղոնի» քաղաքականությանը խոչընդոտ է նաև այն, որ օպերատորները տարբեր բովանդակություն կարող են հաղորդել ենթակառուցվածքներին: Եթե գերիշխող դիրք գրավողը ինտերնետ մատակարարում է, ենթադրենք, 1 Մբ/վրկ արագությամբ, ապա նույն ենթակառուցվածքով մեկ այլ օպերատոր կարող է 10 անգամ ավելի արագ ինտերնետ մատակարարել: Այդ դեպքում գերիշխող դիրք գրավողը պարզապես կորցնում է հաճախորդներին, իսկ ենթակառուցվածքների վարձակալության գումարները կարող են դա չփոխհատուցել:

Ենթակառուցվածքների վարձակալության սակագինը էական նշանակություն ունի «վերջին մղոնի» քաղաքականության համար: Տրամաբանորեն՝ վարձակալության սակագինը չպետք է գերազանցի վերջնական սպառողին մատակարարվող ծառայության սակագնին, որպեսզի մրցակցային անհավասարություն չստեղծվի: Այդ պատճառով սակագները պետք է սահմանվեն ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից: Ներկայում այդ հարցը քննարկման փուլում է: Հանձնաժողովը մտադիր է միջազգային փորձագետների հրավիրել՝ «վերջին մղոնի» քաղաքականությունն ու սակագները մշակելու համար: Հանձնաժողովն այս հարցի կարգավորման համար աջակցություն է ստանում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից: Ամենայն հավանականությամբ, մենք դեռ մեկ-երկու տարի պետք է սպասենք, մինչ օպերատորների մոտ փոխհամաձայնություն ստեղծվի «վերջին մղոնի» շուրջ: