Հրադադարից հետո Արցախ է վերադարձել ավելի քան 100 հազար մարդ․ Մեսրոպ Առաքելյան

Հրադադարից հետո Արցախ է վերադարձել ավելի քան 100 հազար մարդ։ Փետրվարի 3-ին խորհրդարանում այդ մասին հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում սոցիալական ծրագրերի ու ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ քննադատություններին պատասխանելով՝ Առաքելյանը ասաց. «Պատերազմից հետո Արցախում էլեկտրամատակարարումն ամբողջությամբ ավերված էր։ Այժմ 24 ժամ հոսանք է ապահովված, իսկ ձեր համեմատությունը, որ Ադրբեջանը սա է արել, նա է արել, ասեմ, որ Շուշիի զինվորականներն ու փոքրաթիվ բնակչությունը հիմա ամբողջությամբ մթի մեջ են»։

Խոսելով սոցիալական ծրագրերի մասին՝ նախարարը հայտնեց, որ Արցախում ներկայում 1 000 բնակարան է կառուցվում՝ մշտական բնակության հանձնելու համար, կիսակառույց շենքերն էլ վերանորոգվում են։ Գազամատակարարումը, էլեկտրամատակարարումն ու հեռահաղորդակցությունը ամբողջությամբ, ըստ նախարարի, վերականգնված են։

«Հայաստանի կառավարությունը ավելի քան 15 միլիարդի աջակցություն է ցուցաբերել Արցախի բնակչությանը»,- հայտարարեց նա՝ ասելով, որ ըստ էության Արցախում եկամտային հարկ ներկայում չկա։

Առաքելյանը նաև հայտարարեց, որ Արցախի բյուջեն պատերազմի հետևանքով 50 մլրդ դրամի եկամուտներից զրկվել է, որն ամբողջությամբ փոխհատուցվելու է ՀՀ կառավարության կողմից, իսկ կենսաթոշակներն ու պետական աշխատակիցների աշխատավարձերը պատշաճ վճարվում են։

Մեկնաբանել