Իրանական կամուրջներ՝ Հարավային Կովկասում․ ամփոփելով Զարիֆի տարածաշրջանային շրջագայությունը

Գեորգի Միրզաբեկյան

Հունվարի 24-30-ը տեղի է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի տարածաշրջանային շրջագայությունը, որի շրջանակում նա այցելել է Ադրբեջան, Ռուսաստան, Հայաստան, Վրաստան, Թուրքիա, ինչպես նաև՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն: Իրանական կողմի աննախադեպ ակտիվությունը տարածաշրջանային գործընթացներում, անշուշտ, կապված է Հարավային Կովկասում հետպատերազմյան իրավիճակի հետ։ Թեհրանը փորձում է գտնել տարածաշրջանային երկրների շահերի ընդհանրություններ և հասնել համագործակցության:

Առաջին կանգառը՝ Բաքու

Զարիֆի առաջին կանգառը Բաքուն էր, որ որտեղ նա հանդիպել է նախագահ Իլհամ Ալիևին և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին: Բաքվի օդանավայականում ճեպազրույցի ժամանակ Զարիֆը շեշտել է՝ բանակցությունների հիմնական թեման վերաբերելու է տարածաշրջանային համագործակցությանը․ Իրանը մեծ նշանակություն է տալիս բոլոր երկրների հետ երկկողմ հարաբերություններին։ Զարիֆը հայտնել է, որ Բաքվում օրակարգի հիմնական թեմաներից մեկը վերաբերելու է հաղորդակցության ուղիներին․ մասնավորապես, քննարկվելու են Հյուսիս-Հարավ և Հարավ-Արևմուտք միջանցքների շահագործման հարցերը:

Ալիև-Զարիֆ հանդիպմանը Ադրբեջանի նախագահը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, էներգետիկ ոլորտների առաջընթացի կապակցությամբ և շեշտել, որ նախորդ տարվա համեմատությամբ, միայն բեռնափոխադրումների ծավալը ավելացել է 20 տոկոսով: Ալիևը հատուկ ուշադրություն է դարձրել գրավյալ տարածքների զարգացմանը՝ մեծ սպասումներ ունենալով իրանական կողմի ներգրավվածությունից: Հատկապես կարևորվել է էներգետիկ համագործակցությունը Խուդաֆերինի ջրամբարի շուրջ նոր էլեկտրակայանների կառուցման վերաբերյալ:

Մոհամմադ Ջավադ Զարիֆն իր հերթին շնորհավորել է Ադրբեջանին տարածքների «ազատագրման» կապակցությամբ՝ նշելով, որ դրանով երկու երկրների «բարեկամության սահմանը կարող է երկարել»։ Հետպատերազմյան իրավիճակը տարածաշրջանային նոր համագործակցության համար նոր խթան համարելով՝ Զարիֆը շեշտել է 3+3 ձևաչափի կարևորությունը և վստահություն հայտնել, որ այն բխում է դրանում ներգրավված բոլոր երկրների շահերից: Իրանի արտգործնախարարը կարևորել է «ազատագրված տարածքների» վերականգնումը և հայտնել այդ գործում իրանական ընկերությունների մեծ հետաքրքրության մասին:

Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը Զարիֆը կարևորել է 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունն ու հունվարի 11-ին Մոսկվայում Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ համաձայնությունը: Բայրամովը շնորհակալություն է հայտնել պաշտոնական Թեհրանին Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը մշտապես ճանաչելու համար: Նրա բնորոշմամբ՝ այդ մոտեցումը գործել է նաև 44-օրյա պատերազմի ժամանակ և մեծապես կարևորվել Ադրբեջանում: Բայրամովը անդրադարձել է Ադրբեջան-Իրան համագործակցությանը տարբեր ոլորտներում՝ առանձնացնելով նաև COVID 19-ի դեպ համատեղ պայքարի աշխատանքները:

Երկրորդ կանգառը՝ Մոսկվա

Ադրբեջանից հետո Զարիֆը մեկնել է Մոսկվա, ռուսաստանցի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ քննարկել հետպատերազմյան Հարավային Կովկասը։ Կողմերը միակարծիք էին, որ տարածաշրջանի խաղաղությունը շատ կարևոր է և բխում է բոլոր երկրների շահերից: Մոսկվայում անցկացվել է միայն Լավրով-Զարիֆ հանդիպում։ Ռուսաստանի նախագահ Պուտինը իրանցի դիվանագետին չի ընդունել։

Մոսկվայից հետո՝ Երևան

Մոսկվայից հետո Զարիֆն այցելել է Երևան և հանդես եկել ուշագրավ ուղերձով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, մասամբ ի հակակշռումն Ադրբեջանին հասցեագրած շնորհավորանքի, Իրանի ԱԳ նախարարը Հայաստանի տարածքային ամբողջականությունը որակել է Իրանի համար կարմիր գիծ՝ միաժամանակ կարևորելով բոլոր ժողովուրդների կրոնական և իրավական ազատությունները: Բացի այդ, Զարիֆի բնորոշմամբ, Իրանն ու Հայաստանը ունեն տարածաշրջանային ընդհանուր մտահոգություններ:

Տարածաշրջանային համագործակցության հարցը գերակա է եղել նաև Թբիլիսիի բանակցություններում։ Իրանի պատվիրակության ղեկավարը հանդիպել է երկրի վարչապետ Գիորգի Գախարիային և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին: Հայտնի է դարձել, որ կողմերը քննարկել են Պարսից ծոցը Սև ծովին կապող միջանցքի հեռանկարները:

Զարիֆի բանակցությունները՝ Ստամբուլում

Իրանի արտգործնախարարի նախավերջին այցը տեղի է ունեցել Թուրքիա, որտեղ հանդիպել է թուրք պաշտոնակից Մևլյութ Չավուշօղլուին, ապա՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Երկու երկրներն ունեցել են բանակցությունների լայն շրջանակ, որը վերաբերել է Սիրիային, Իրաքին, Պարսից ծոցին, ինչպես նաև Հարավային Կովկասին: Չավուշօղլուն ողջունել է 3+3 ձևաչափը՝ նշելով դրա իրագործումից կշահի առաջին հերթին Հայաստանն ու հայ ժողովուրդը, և որ պաշտոնական Երևանից ակնկալվում են «կառուցողական մոտեցումներ»: Թուրքիայում գոհունակություն են հայտնել Անկարայի և Թեհրանի հարաբերություններով՝ պայմանավորվելով զարգացնել դրանք տնտեսական, հաղորդակցության և էներգետիկայի ոլորտներում: Թուրք-իրանական բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններով ստեղծվելու են երկաթուղային նոր գծեր, ինչպես նաև նոր թափ են առնելու առևտրային կապերը: Չավուշօղլուն նաև անդրադարձել է ԱՄՆ-Իրան հարաբերություններին և պատրաստակամություն հայտնել նպաստելու հնարավոր երկխոսությանը:

Զարիֆը Էրդողաղանին հրավիրել է Թեհրան և հայտարարել, որ իր երկրում նախատեսված է Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպում, որն իր նպաստն է բերելու խաղաղության գործում: Իրանը՝ ի դեմս Զարիֆի, կոչ է արել տարածաշրջանի բոլոր կողմերին նայել ապագային և հասնել ամուր համագործակցության:

Այց Նախիջևան՝ եռամյա դադարից հետո

Տարածաշրջանային այցի վերջին հանգրվանը Նախիջևանն էր, որտեղ բանակցություններ են անցկացվել տեղի իշխանությունների հետ՝ ի դեմս Գերագույն խորհրդի նախագահ Վասիֆ Թալիբովի: Ուշագրավ է, որ Զարիֆը Նախիջևան էր մեկնել 3 տարվա ընդմիջումից հետո: Այցը բավական հագեցած էր ու առարկայական․ իրանական դիվանագիտության ղեկավարը գտնվել է և՛ իրանական, և՛ նախիջևանյան Ջուղաներում։ Վերջինում, մասնավորապես ծանոթացել է երկաթուղային և մաքսային ծառայության ենթակառուցվածքներին:

Զարիֆի համոզմամբ՝ Նախիջևանն ու Հայաստանը հատկապես երկաթուղային տարանցիկ ճանապարհի համար կարևոր դերակատարություն են ունենալու՝ Պարսից ծոցը Սև ծովին և Ռուսաստանին կապող միջանցքի ապահովման առումով: Իրանական Tasnim News Agency լրատվամիջոցի հաղորդմամբ՝ այցի ընթացքում քննարկվել է Նախջևանի պետական համալսարանում պարսից լեզվի ուսուցումը։ Նախիջևանյան կողմին շնորհակալություն են հայտնել դոկտոր Մոհամմադ Ջավադ Զարիֆի «Բազմակողմանի դիվանագիտություն» աշխատությունը ադրբեջաներեն թարգմանելու համար:

Ամփոփում

Զարիֆի տարածաշրջանային այցը, անշուշտ, կարևոր էր տարածաշրջանում հետպատերազմյան գործընթացների համատեքստում։ Յուրաքանչյուր երկրում իրանցի նախարարը քննարկել է ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ 3+3 ձևաչափի հարցերը: Իրանը փորձում է ակտիվ դեր ստանձնել հետպատերազմյան վերաձևումներում և առաջարկել սեփական մոտեցումները՝ ներառելով բոլոր շահագրգիռ կողմերին: Այդ համատեքստում նշանակալի է հատկապես Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն այցը, և ելնելով այնտեղ քննարկած թեմաների բնույթից՝ Իրանը փաստացիորեն ընդունել է Նախիջևանի կարևորությունն ու գործնականում դրա անկախ կամ կիսանկախ աշխարհաքաղաքական գործոն լինելը: Հարկ է նկատել, որ ադրբեջանական աղբյուրները, մինչև հանդիպումները ներկայացնելով Զարիֆի այցերի աշխարհագրությունը, ըստ հերթականության նշել էին միայն հինգ երկիր՝ բաց թողնելով Նախիջևանը:

Մեկնաբանել