Հարավային Ավստրալիայի խորհրդարանը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը

Ավստրալիայի Հարավային Ավստրալիա նահանգի խորհրդարանի ստորին պալատը պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը և դատապարտել է Ադրբեջանին ու Թուրքիային բնիկ հայկական տարածքներ ներխուժելու համար: Այս մասին հայտնում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը։

Այս բանաձևը հաջորդել է ավելի վաղ՝ 2020 թվականի հոկտեմբերին Նոր Հարավային Ուելսի օրենսդիր մարմնի կողմից ընդունված մեկ այլ բանաձևին, որով նահանգը ճանաչում էր Արցախի անկախությունը և «կոչ անում Դաշնային կառավարությանը ևս ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ որպես հակամարտության միակ մշտական լուծում՝ հետագայում խուսափելու նման ռազմական ագրեսիայից»: Նշենք, որ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետը հայազգի Գլեդիս Բերեջիկլյանն է։

Օրենսդիր Թոմ Կուցանտոնիսի առաջ քաշած պատմական բանաձևում նաև ասվում է, որ «Թուրքիայի նախագահ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի գործողությունները, որոնք իրականացվում են պանթուրքիստական ազգայնականության քաղաքականության համատեքստում, նախկինում հանգեցրել են ցեղասպանության, իսկ այժմ սպառնում են Արցախի հայկական բնակչության նկատմամբ էթնիկ զտում իրականացնել»: