Արցախի տարածքային կորուստներից հետո ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի հացահատիկի արտադրությունը

Էկոնոմիկայի նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացրել է «ՀՀ-ում գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը», որով նախատեսվում է հանրապետությունում ապահովել շուրջ 24,3 հազար հա նշված մշակաբույսերի ցանքատարածություններ և բերքատվության մակարդակը բարձրացնել մինչև 30 %-ով։

Նախագծի ընդունումը, ըստ Էկոնոմիկայի նախարարության՝ պայմանավորված է պատերազմի հետևանքով պարենամթերքի ինքնաբավության մակարդակի բարձրացման և անասնակերի ապահովման խնդիրների մեղմման անհրաժեշտությամբ։

«2019 թվականին պաշտոնական տվյալներով Արցախում հացահատիկի և հատիկաընդեղենի ցանքատարածությունները կազմել են 74,4 հազար հա և Արցախից Հայաստան է ներկրվել շուրջ 40 հազար տոննա հացահատիկ և հատիկաընդեղեն: Ռազմական դրության արդյունքում ստեղծված իրավիճակի պայմաններում Արցախում վարելահողերը կրճատվել են, և ընթացիկ տարում հնարավոր չի լինի ապահովել դեպի Հայաստան արտահանման ծավալները։ Միաժամանակ ՀՀ շրջանների կողմից օգտագործվող արոտավայրերի կորստի պատճառով, 2021 թվականին կունենանք նաև անասնակերի ապահովման խնդիր: Ուստի անհրաժեշտ է տեղական արտադրության ծավալների ավելացման միջոցով, բարձրացնել պարենամթերքի ինքնաբավության մակարդակը և նպաստել անասնակերի արտադրության ծավալների ավելացմանը»,- ասվում է նախագծի հիմնավորման մեջ։

Ծրագրով մասնակի կսուբսիդավորվի գարնանացան ցորենի, գարնանացան գարու, վարսակի, հաճարի, լոբու, ոսպի, ոլոռի, սիսեռի, առվույտի և կորնգանի սերմերի գնումը։ Նախարարությունից նշում են, որ սերմի 1 կգ համար տրվող սուբսիդավորման գումարը հնարավորություն կտա շահառուներին մատչելի պայմաններով՝ շուկայական գնից առավել ցածր գնով՝ շուրջ 50 տոկոս, իսկ սահմանամերձ բնակավայրերում՝ շուրջ 70 տոկոս, ձեռք բերել որակյալ սերմեր և ցանք կատարել: Ընդ որում, նույն շահառուի կողմից մշակվող ցանքատարածությունների մակերեսների հանրագումարը չի կարող գերազանցել 20 հա–ը։

Ծրագրի շրջանակում ձեռք բերված հատիկաընդեղեն մշակաբույսերի սերմերի ցանքը պետք է պարտադիր կատարվի մինչև տվյալ տարվա հունիսի 10–ը, իսկ հացահատիկային և կերային մշակաբույսերի դեպքում՝ մինչև տվյալ տարվա մայիսի 10-ը:

Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեից կծախսվի շուրջ 701,44 մլն դրամ։

Մեկնաբանել