Հայաստանն ակտիվ բանակցություններ է վարում «Sputnik V» պատվաստանյութի ձեռքբերման շուրջ

Մեր մասնագետներն ակտիվ բանակցություններ են վարում ռուսական «Sputnik V» պատվաստանյութի ձեռքբերման շուրջ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպմանը հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, հաղորդում է ԱՆ-ը։

Ըստ հաղորդագրության՝ նախարար Ավանեսյանն իր երախտագիտությունն է հայտնել Ռուսաստանին` նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեմ պայքարում ցուցաբերած անգնահատելի աջակցության համար։

«Մեզ համար շատ կարևոր է ռուսական կողմի հետ սերտ համագործակցությունը, պարբերաբար տեղեկատվությունն ու փորձի փոխանակումը, և այսօր էլ մեր մասնագետներն ակտիվ բանակցություններ են վարում ռուսական «Sputnik V» պատվաստանյութի ձեռքբերման շուրջ: Այս համատեքստում կուզեի նշել, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը «COVAX FACILITY» նախաձեռնության շրջանակներում համագործակցության համաձայնագիր է ստորագրել, այդուհանդերձ, պատրաստ ենք նաև ձեռք բերել ռուսական «Sputnik V» պատվաստանյութի լրացուցիչ խմբաքանակներ այս նախաձեռնության շրջանակներում», – ասել է Անահիտ Ավանեսյանը:

Ավելի վաղ նախարարությունից հայտնել էին, որ Հայաստանը բնակչության 3%-ի համար ձեռք է բերելու COVID-19-ի դեմ AstraZeneca ընկերության պատվաստանյութը։

Lancet գիտական ամսագիրը հրապարակել էր ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի կլինիկական հետազոտությունների երրորդ փուլի արդյունքները։ Նախնական տվյալներով՝ SARS-CoV-2 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արդյունավետությունը 91,6 տոկոս է։