Երկաթուղային հուշեր. Իջևան, Նախիջևան, Բաքու և այլուր

Տարածաշրջանային հաղորդակցության ուղիներն ապաշրջափակելու մասին խոսակցություններն ինձ տարան խորհրդային վերջին տարիներ:

Գնացքներն այն ժամանակ տեղաշարժվելու նախընտրելի միջոցներն էին քաղաքացիների համար:

1986-ի աշնանը Թբիլիսի-Երևան գնացքով՝ Այրում կայարանից հասա Երևան, ապա նույն օրը երեկոյան Երևան-Կապան գնացքով Սյունիքի ամենամեծ քաղաքը, որտեղ մասնակցելու էի երկար տարածության վազքի Խորհրդային Հայաստանի առաջնությանը:

Թբիլիսի-Երևան գնացքից պարբերաբար օգտվում էի 15 տարեկանից, երբ ամեն անգամ հասնում էի Երևան՝ «Հրազդան» մարզադաշտից դիտելու «Արարատի» հանդիպումները: Դեպի Կապան ճամփորդությունը նորություն էր: Այսօր Թբիլիսի-Երևան ուղին միակն է, որ շարունակեց աշխատել նաև Հայաստանի անկախությունից հետո, մյուսները փակվեցին ղարաբաղյան և աբխազական հակամարտության բռնկումից հետո:

Դեպի Կապան գնացքը դուրս էր գալիս երեկոյան, անցնում Նախիջևանով՝ Արաքս գետի երկայնքով, կրկին մտնում Խորհրդային Հայաստանի տարածք՝ Մեղրիի շրջան, ապա մտնում Զանգելան, այնտեղից թեքվում դեպի Կապան: Առաջին անգամ գնացքի պատուհանից տեսա Մայր Արաքսը: Հիշողությանս մեջ մնացել են խորհրդային սահմանապահները, որոնք մտնում էին գնացքի վագոնները և ստուգում ուղևորների փաստաթղթերը: Մրցումներից հետո նույն գնացքով վերադարձա Երևան, ապա Այրում կայարան:

Դեպի Կապան երկաթուղային ճանապարհը փակվեց 1992-ի փետրվարին: Այդ ժամանակ փակվեց նաև Երևան-Բաքու երկաթուղին: Դա Խորհրդային Հայաստանի ամենակարևոր փոխադրամիջոցն էր, որով իրականացվում էր ապրանքաշրջանառության ավելի քան 80 տոկոսը: Հայաստանի կապը Ռուսաստանի և խորհրդային մյուս հանրապետությունների հետ իրականացվում էր հենց այս երկաթուղով:

Երևան-Բաքու մարդատար գնացքից առաջին անգամ օգտվել եմ 1987 թվականի դեկտեմբերի 29-ին, երբ մեկնում էի խորհրդային բանակ: Երևանից երեկոյան դուրս եկող գնացքը Բաքու էր հասնում մյուս օրը կեսօրից հետո: Եվս երկու անգամ այդ ուղուց օգտվել եմ բանակում ծառայության տարիներին: Եթե բեռնափոխադրումների համար Խորհրդային Հայաստանն օգտվում էր հիմնականում Երևան-Բաքու-Մախաչկալա ուղուց, ապա մարդատար գնացքները հիմնականում երթևեկում էին Վրաստանի տարածքով: Երևան-Մոսկվա և Երևան-Ռոստով գնացքները անցնում էին աբխազական տարածքով:

Հայաստանը Ադրբեջանի հետ կապող ևս մեկ գնացք կար, որը գործարկվեց խորհրդային վերջին տասնամյակներում՝ Իջևան-Բաքու մարդատարը: Այդ գնացքից օգտվել եմ երկու անգամ: 1988-ի հունիսին Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը տանը դիտելու նպատակով երեք շիշ հայկական կոնյակ խոստացա իմ անմիջական հրամանատարին՝ մայոր Ալիևին: Ադրբեջանցի այս զինվորական բժիշկը և նրա ադրբեջանուհի կինը մեր Կալինինոյի, այսօր՝ Տաշիրի շրջանի գյուղերից էին: Մայորը հայերեն հասկանում էր, իսկ կինը, որի անունը չեմ հիշում, հրաշալի գիտեր հայերեն: Հասկանում ե՞ք՝ մենք հայաստանցիներ էինք անկախ ազգությունից: Իջևան-Բաքու գնացքը Հայաստանի տարածքում ուներ միայն մեկ կայարան՝ Իջևանը, մյուս բոլոր կայարանները Ադրբեջանում էին:

Խորհրդային Հայաստանը երկաթուղային կապ ուներ նաև Իրանի հետ: Նախիջևանի Ջուլֆա քաղաքից երկաթուղու մեկ ճյուղը շարունակվում է դեպի իրանական Ջուլֆա, ապա Թավրիզով դեպի Թեհրան: Հայրենադարձության տարիներին պարսկահայերը Խորհրդային Հայաստան են եկել այս երկաթուղով:

Խորհրդային վերջին տարիներին կառուցվում էր նաև Իջևան-Հրազդան գիծը, որով Երևանն ու Բաքուն պետք է կապվեին: Այս նախագիծը, ակայն, մնաց անավարտ, քանի որ փլուզվեց Խորհրդային Միությունը: Այսօր էլ, Դիլիջան-Իջևան ճանապարհին կարելի է տեսնել բազմաթիվ կամուրջներ, որոնց վրայով անցնելու էր գնացքը:

Աբխազական երկաթուղին փակվեց 1992-ի օգոստոսին, երբ բռնկվեց պատերազմը Վրաստանի և Աբխազիայի միջև: Բարեկեցիկ կյանքով ապրող հայերը Սուխումի, Գագրայի, Սոչիի լողափերից օգտվելու համար նախընտրում էին Երևան-Ռոստով գնացքները: Այս ուղուց օգտվել եմ մեկ անգամ՝ 1990-ի հունվարին, երբ Նոյեմբերյանի ֆուտբոլի թիմը, որի կազմում խաղում էի նաև ես, մեկնում էր Եվպատորիա՝ Ղրիմ ուսումնամարզական հավաքի:

Հայաստանը երկաթուղային գործող կապ ուներ նաև Թուրքիայի հետ՝ Գյումրի-Կարս: Այս գիծը աշխատել է խորհրդային տարիներին և անկախության շրջանում մի կարճ ժամանակ՝ մինչև 1993-ի գարուն: Այստեղով էր Եվրոպայի կողմից Հայաստանին տրամադված ցորենը հասնում մեր հանրապետություն: Այն փակվեց, երբ Թուրքիան, ի համերաշխություն Ադրբեջանի և ի բողոք հայկական ուժերի Քելբաջար մտնելու, ապրիլի 2-ին կառավարական որոշումով շրջափակման ենթարկեց Հայաստանը:

Ես չգիտեմ՝ բացվելո՞ւ են արդյոք հաղորդակցությունները և շրջափակված սահմանները Անդրկովկասում: Չգիտեմ նաև՝ գալո՞ւ է խաղաղություն, թե ոչ:

Թաթուլ Հակոբյան

Մեկնաբանել