Հաջորդ շաբաթ Հայաստանում կսկսվեն «Սպուտնիկ V»-ով պատվաստումները

Հաջորդ շաբաթ Հայաստանում կմեկնարկի կորոնավիրուսի դեմ պատվաստումը ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով։ Այս մասին 1lurer.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը։

Այս օրերին ձեռք բերվելիք «Սպուտնիկ V»-ի մեկ դեղաչափը Հայաստանի համար կկազմի մոտ 10 դոլար՝ գումարած տեղափոխման ծախսերը: Գայանե Սահակյանի խոսքով՝ սա այս պահին Հայաստանին առաջարկվող տարբերակներից ամենահարմարն ու ամենամատչելին է, բայց քաղաքացիների համար, այսպես թե այնպես, պատվաստումն անվճար է լինելու:

«Խոսքը գնում է առայժմ մինչև 10 հազար մարդու մասին, հետագայում արդեն կծավալվենք՝ մեր ֆինանսական միջոցներից ելնելով»,- հայտնել է Գայանե Սահակյանը։

Առաջին փուլով Հայաստանում պատվաստման հնարավորություն կտրվի ռիսկի 4 խմբի: Կորոնավիրուսով հիվանդացության վիճակագրությունը ցույց է տվել, որ պատվաստումն առաջնահերթություն է 65-ից բարձր տարիք ունեցողների համար, խնամքի սոցիալական կենտրոնների բնակիչների ու աշխատակիցների, քրոնիկ հիվանդություններ ունեցողների և բուժաշխատողների համար: Ինչ վերաբերում է Հայաստանի մյուս քաղաքացիներին, որոնք ռիսկի խմբերում չեն, պատվաստման հնարավորություն կունենան, լավագույն դեպքում, մարտի վերջին:

«Պարտադիր ոչ մի պատվաստում չի լինելու: Մեր երկրում որևէ պատվաստում պարտադիր հիմունքներով չի կատարվի, բայց, բոլոր դեպքերում, չեմ կարծում, որ մարդը կգերադասի ավելի ծանր հետևանքներ ունենալ, քան պատվաստումը»,- նշել է Գայանե Սահակյանը։

Փետրվարի 3-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպմանը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր, որ ակտիվ բանակցություններ են վարվում ռուսական «Sputnik V» պատվաստանյութի ձեռքբերման շուրջ։

Ավելի վաղ նախարարությունից հայտնել էին, որ Հայաստանը բնակչության 3%-ի համար ձեռք է բերելու COVID-19-ի դեմ AstraZeneca ընկերության պատվաստանյութը։

Lancet գիտական ամսագիրը հրապարակել էր ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի կլինիկական հետազոտությունների երրորդ փուլի արդյունքները։ Նախնական տվյալներով՝ SARS-CoV-2 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արդյունավետությունը 91,6 տոկոս է։

Մեկնաբանել