Բերման է ենթարկել զինվորների ծնողներից խոշոր գումարներ պահանջած գնդապետը

Ազգային անվտանգության ծառայությունը պարզել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության՝ կոչումով գնդապետ բարձրաստիճան պաշտոնատար անձը ժամկետային զինվորական ծառայող Դ.Հ.-ի օգտին ակնհայտ ապօրինի գործողության, այն է՝ առանց բավարար հիմքերի նույն զորամասի մեկ այլ ստորաբաժանում տեղափոխելու համար, 2020 թվականի սեպտեմբերի 13-ին վերջինիս մորից անձամբ պահանջել է խոշոր չափերի՝ 2 000 ԱՄՆ դոլար գումար կաշառք, որից 490 000 ՀՀ դրամ գումարը ստացել է հաջորդ օրը ՝ «Աջարաբեթ» կայքի իր օգտահաշվին փոխանցման եղանակով:

ԱԱԾ-ն հայտնում է, որ նույն պաշտոնատար անձը, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայտարարված զորահավաքի պայմաններում զորակոչված և ՀՀ տարածքում տեղակայված զորամասերից մեկում նախնական զինվորական պատրաստություն անցնող զորահավաքային զինվորական ծառայության մեջ գտնվող Յ.Տ.-ի օգտին ակնհայտ ապօրինի գործողության, այն է՝ առանց բավարար հիմքերի ռազմական գործողությունների կատարման վայրերում տեղակայված զորամասեր ծառայության չուղարկելու համար, 2020 թվականի նոյեմբերի 7-ին միջնորդի միջոցով Յ.Տ.-ի ծնողներից պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ 2 500 ԱՄՆ դոլար գումար կաշառք, որից 987 470 ՀՀ դրամին համարժեք 2 000 ԱՄՆ դոլար գումարը ստացել է նույն օրը:

Նույն անձը, շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում Մ.Գ.-ի որդուն՝ Ռ. Կ.-ին, ցանկալի վայրում ծառայության նշանակումը կազմակերպելու համար, դեկտեմբերի 17-ին պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ 10 000 դոլար կաշառք: Այդ կապակցությամբ կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ համաձայնություն գալուն նպաստելուց հետո պաշտոնատար անձը ստացել է կաշառքի գումարը:

«Հիշյալ պաշտոնատար անձն իր պաշտոնից բխող հեղինակությունն ու դիրքն օգտագործելով՝ մեկ այլ ժամկետային զինվորական ծառայող Վ. Հ.-ի օգտին ակնհայտ ապօրինի գործողության, այն է՝ առանց բավարար հիմքերի մեկ այլ զորամաս տեղափոխելու համար 2021 թվականի հունվարի 6-ին վերջինիս հորից անձամբ պահանջել է խոշոր չափերի՝ 1 000 000 ՀՀ դրամ գումար կաշառք, որը 2021 թվականի հունվարի  7-ին և 8-ին համապատասխանաբար 350 000 ՀՀ դրամ և 650 000 ՀՀ դրամ չափով կրկին ստացել է «Աջարաբեթ» կայքի իր օգտահաշվին փոխանցման եղանակով»,- ասվում է հաղորդագրությունում։

Ըստ ԱԱԾ-ի՝ նշված անձի գործողությունները չեն սահմանափակվել միայն ժամկետային և զորահավաքային զինծառայողների օգտին գործողություններ կատարելու համար կաշառք ստանալով։ Առավել մանրամասն՝ այստեղ։

Հարուցված քրեական գործի շրջանակներում բերման է ենթարկվել ՀՀ ՊՆ գնդապետը, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությունների մեջ կասկածվող կամ դրա հետ առնչություն ունեցող շուրջ մեկ տասնյակ անձինք, ովքեր ձերբակալվել և հարցաքննվել են կասկածյալի դատավարական կարգավիճակում: