Երեք օրում Հայաստանից Ռուսաստան է մեկնել 3 900, Հայաստան եկել՝ 3 400 մարդ․ փոխվարչապետ

Վերջին երեք օրերի ընթացքում՝ Ռուսաստանի հետ օդային հաղորդակցության բացումից հետո, Հայաստանից Ռուսաստան է մեկնել 3 900 մարդ, իսկ Հայաստան եկել՝ 3 400 մարդ․ կառավարության՝ փետրվարի 4-ի նիստում այդ մասին հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Փետրվարի 1-ից գործում է «Ճամփորդիր առանց Covid-19»-ի հավելվածը, որը ենթադրում է սահմանանցման կետերում թեստավորում և բացասական թեստի դեպքում սահմանի հատման թույլտվություն։

Մհեր Գրիգորյանի խոսքով՝ Մոսկվայի երեք օդանավակայաններում այս հավելվածն անխափան աշխատում է, որոշ խնդիրներ եղել են առաջին օրվա մեկնողների մեծ հոսքի հետ կապված։

***

Փետրվարի 1-ից Ռուսաստանը բացեց սահմանները Հայաստանի քաղաքացիների համար։ ՀՀ քաղաքացիները կարող են մեկնել Ռուսաստան կորոնավիրուսի բացասական թեստի առկայության դեպքում։ Սա պիլոտային ծրագիր է, որը գործելու է մինչև մարտի 1-ը։

Մեկնաբանել