Քրիստին Լագարդ․ գլոբալ տնտեսությունն անկայուն է

Համաշխարհային տնտեսական աճի գլխավոր սպառնալիքը եվրոգոտին է, նշել է ԱՄՀ ղեկավարը՝ հավելելով, որ եվրոպացի քաղաքական գործիչների ձեռնարկած միջոցառումները բավարար չեն, թեև այս ուղղությամբ զգալի աշխատանք է տարվել։ «Միջոցառումները ձեռնարկվել են մաս-մաս, հատվածաբար և երբեմն նաև՝ շատ ուշ։ Սակայն եթե այս ամենը միավորենք, ապա նրանք բավական շատ բան են արել»,- եվրոպացի առաջնորդների աշխատանքը գնահատել է Լագարդը։

Եվրոպայում կան երկրներ, որոնք կարող են չհաղթահարել բյուջեի դեֆիցիտի կրճատման պարտավորությունները։ «Իսպանիան և Իտալիան արագ են շարժվում բարեփոխումների ճանապարհով։ Հարցը միայն այն է, թե կկարողանան արդյոք նրանք պահպանել ընթացիկ տեմպը։ Մի բան է օրենքներ ընդունելը, մեկ այլ բան՝ համոզվել, որ դրանք կատարվում են։ Իսկ այս հարցում դեռ բացակայում է որոշակիությունը»,- ասել է Լագարդը։

ԱՄՀ ղեկավարի կարծիքով՝ համաշխարհային տնտեսական վիճակի բարելավմանը չի կարող նպաստել անգամ ԱՄՆ-ի և որոշ երկրների տնտեսության բարելավումը։ Որպես ամփոփում՝ Լագարդը հույս է հայտնել, որ ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի՝ հաջորդ շաբաթ Վաշինգտոնում կայանալիք գարնանային հանդիպման ընթացքում իրեն կհաջողվի համոզել մասնակիցներին՝ մեծացնել խնդրահարույց երկրների վարկավորման ծավալները։

Ի դեպ՝ Reuters-ի կողմից հարցված փորձագետները ԱՄՀ-ին անհրաժեշտ լրացուցիչ միջոցների ծավալը գնահատում են $400-500 մլրդ՝ ավելի վաղ կանխատեսված $500-600 մլրդ-ի փոխարեն։