Տարեվերջին Հայաստանի պետական պարտքը կկազմի 8,9 մլրդ դոլար․ Ջանջուղազյան

Այս տարվա ավարտին Հայաստանի պետական պարտքը կկազմի մոտ 8,9 մլրդ դոլար։ Նախատեսված է, որ կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 66,3 տոկոս է կազմելու։ Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, կառավարությաննիտսից հետո լրագրողների հետ ճեպազրուցում ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

ՀՀ պետական պարտքը անցյալ տարվա վերջին մոտեցել էր 8 մլրդ դոլարին՝ 7 մլրդ 968 մլն դոլար։ Այժմ Հայաստանը լրացուցիչ 750 մլն դոլարով պարտքային բեռն ավելացնում է, իսկ նախարարի կանխատեսմամբ՝ տարեվերջին պետական պարտքը ընդհանուր կկազմի մոտ 8․9 մլրդ դոլար։

«2021 թ․ բյուջեի մասին օրենքով արդեն նախատեսված է և 500 մլն ԱՄՆ դոլարին համարժեք՝ մոտ 242 մլրդ դրամ պետական բյուջեում նախատեսված է որպես պակասուրդի ֆինանսավորման աղբյուր՝ միջազգային ֆինանսական շուկայից։ Այդ գումարները ծախսվում են բյուջեով նախատեսված ուղղություններով, քանի որ բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուր է։ Սա ոչ թե լրացուցիչ, չհաշվարկած պարտքի ներգրավում է, այլ հակառակը՝ օրենքով 2021 թ․ համար պակասուրդը ֆինանսավորելու նպատակով նախատեսված աղբյուրի ընդամենը իրականացումն է»,- ասաց Ատոմ Ջանջուղազյանը։

Ֆինանսների նախարարի խոսքով՝ պետական պարտքի ավելացման հարցում արտառոց որևէ բան չկա։ Ըստ նրա՝ ռիսկերը կառավարելի են։

«Ռիսկային շեմ հասկացությունը պետք է, կարծում եմ, իմաստավորել, որովհետև յուրաքանչյուր շեմն էլ ունի իր ռիսկերը։ Որպես կանոն, զարգացող երկրների համար 70 տոկոսից բարձր պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, այն դեպքում՝ երբ հստակ չէ հետվերադարձի սցենարը, թե ինչպես է կառավարությունը նախատեսում պարտքը վերադարձնել ավելի կարառավարելի միջակայք, համարվում է բարձր կամ առնվազն միջին ռիսկայնություն ունեցող։ Մենք պետք է մտածենք ոչ թե պարտքը բացարձակ թվով նվազեցնելու մասին, այլ պետք է մտածենք ՀՆԱ-ի ավելի արագ աճի մասին, ինչը մեր ծրագրերի մաս է»,- նշեց Ջանջուղազյանը։