Սերժ Սարգսյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանին

Ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ երեկ՝ փետրվարի 3-ին, տեղի է ունեցել ՀՀԿ ղեկավար, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքների հետ կապված հարցերի լայն շրջանակ։

«Նախագահ Սարգսյանը ռուսաստանյան կողմին շնորհակալություն է հայտնել ՌԴ ղեկավարության` կրակի դադարեցման ռեժիմի պահպանմանը միտված հետևողական ջանքերի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մարդասիրական խնդիրների լուծման համար, ինչպես նաև առանձնահատուկ շեշտել է Ռուսաստանի Դաշնության` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի գործունեության շարունակության կարևորությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի` հիմնարար սկզբունքների, այդ թվում` ժողովրդի ինքնորոշման սկզբունքի հիման վրա, վերջնական խաղաղ կարգավորման նպատակով»,- գրել Աշոտյանը։

Ըստ գրառման՝ ընդգծվել է ռազմագերիների ու Ադրբեջանում պահվող այլ անձանց` Հայաստան վերադարձի, զոհված զինծառայողների մարմինների որոնման ուղղությամբ արդյունավետ ջանքերի գործադրման կարևորությունը։

«Դեսպանի խնդրանքով` նախագահ Սարգսյանը անդրադարձել է ներքաղաքական իրավիճակին, ինչպես նաև տարածաշրջանային նոր աշխարհաքաղաքական իրողություններին վերաբերող հարցերին։ Դեսպան Կոպիրկինն իր հերթին քննարկվող թեմաների շրջանակներում ներկայացրել է Ռուսաստանի դիրքորոշումն ու նրա կողմից գործադրվող ջանքերը»,- նշվում է ՀՀԿ փոխնախագահի գրառման մեջ։

Հունվարի 25-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էր իր տանը հյուրընկալել ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Մեկնաբանել