Հայաստանը 750 միլիոն դոլարի պարտատոմս է թողարկել՝ 3,8 տոկոսով

Հայաստանը 750 միլիոն դոլարի պարտատոմս է թողարկել՝ 3,8 տոկոսով. կառավարության նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս թողարկմամբ մենք ներգրավել ենք, թողարկել ենք 750 մլն ԱՄՆ դոլարի պարտատոմս, և շատ կարևոր է արձանագրել, որ թողարկումը տեղի է ունեցել մեր հանրապետության պատմության ամենանպաստավոր պայմաններով՝ ամենացածր տոկոսով: Եվ սա, իհարկե, շատ կարևոր ազդակ է մեր տնտեսության համար: Առաջինը՝ սրանով մակրոտնտեսական կայունության երաշխիք է ձևավորվել: Երկրորդը՝ ըստ էության, կարող ենք ասել, որ ետապատերազմյան տնտեսական շոկի հաղթահարման առաջին լրջագույն ազդակն է, ինչը նաև վկայում է, որ միջազգային ներդրողները վստահություն են տածում Հայաստանի տնտեսական ապագայի և կառավարության կողմից վարվող քաղաքականության նկատմամբ:

Նաև ուզում եմ արձանագրել, որ քանի որ այս թեմայով կան որոշակի քննարկումներ, այս թողարկումն ամենևին էլ արտահերթ, արտառոց կամ արտակարգ երևույթ չէ, որովհետև նախատեսված է 2021 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման գործիքակազմում: Այս առումով կարող ենք արձանագրել, որ տնտեսական տարին սկսել ենք շատ ուժեղ դրական ազդակով և հույս ունենք, որ այս դրական ազդակն իր հետ կառաջացնի շղթայական ռեակցիա:

Արձանագրեմ, որ թողարկման տոկոսը 3,8 տոկոս է: Ընդ որում, ուզում եմ հիշեցնել, որ 2019 թվականի թողարկումը, որը նույնպես շատ հաջող էր գնահատվում և էլի աննախադեպ ցածր տոկոսով էր տեղի ունեցել, 4,2 տոկոսով էր: Եվ այս արձանագրումը և նորությունը չափազանց կարևոր է: Կարևոր է նշել, որ մեր պարտատոմսերի պահանջարկը կամ առաջարկը, կարելի է երկու ձևով էլ ասել, եղել է շատ ավելի մեծ՝ շուրջ 3 մլրդ պահանջարկ է եղել: Բայց այս պահին մենք որոշել ենք ներգրավել 750 մլն դոլարը»,- կառավարության նիստին ասաց Փաշինյանը։

Հայաստանն առաջին անգամ եվրապարտատոմսեր թողարկեց 2013 թվականին։

Մեկնաբանել