Հոգեբանական աջակցություն կտրվի պատերազմին մասնակցած անձանց և հանրությանը

Կառավարությունը հաստատել է Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած անձանց և հանրության հոգեբանական վերականգնման կարգը: Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը նշել է, որ ռազմական գործողությունների ավարտից հետո բնակչության 15-30 տոկոսի մոտ արտահայտվում է հետտրավմատիկսթրեսային խանգարում: Ըստ այդմ, հոգեբանական մթնոլորտի առողջացման համար անհրաժեշտ է ձեռնարկել մի շարք վերականգնողական միջոցառումներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի թիրախավորել ինչպես պատերազմական գործողություններին ուղղակի առնչվող անձանց, այնպես էլ՝ ընդհանուր բնակչությանը:

Ծրագրով նախատեսված թիրախային խմբերն են՝ անհայտ կորած անձանց կամ ռազմագերիների ծնողները, ընտանիքի անդամները, գերության մեջ գտնված անձինք, նրանց ընտանիքի անդամները, ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում կամ հաշմանդամություն ստացած անձինք, նրանց ընտանիքի անդամները, զոհված զինծառայողների կամ քաղաքացիական անձանց ընտանիքի անդամները, ռազմական գործողություններին մասնակցած անձինք, այդ թվում՝զորահավաքային զորակոչով ներգրավվածները և կամավորականները, տեղահանվածները, ուղղակի մասնակցություն չունեցող անձինք: Ծրագիրը նախատեսված է իրականացնել ոչ միայն ՀՀ-ում, այլև Արցախում:

Կառավարությունը նախատեսում է հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի ոլորտում մասնագիտացած, վերջին 3 տարիների ընթացքում հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի ոլորտում ծառայություններ մատուցած կազմակերպությունից ձեռք բերել ծառայություններ՝ իրականացնելու բնակչության, մասնավորապես՝ պատերազմական գործողություններին առնչակից քաղաքացիների հոգեբանական աջակցության կազմակերպման համակարգման և լոգիստիկ պլանավորման ծառայությունների կազմակերպումը: