Հայաստանն անկում է գրանցել «Ժողովրդավարության համաթիվ 2020» զեկույցում

Բրիտանական «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ» (Economist Intelligence Unit – EIU) հետազոտական և խորհրդատվական ընկերությունը հրապարակել է իր «Ժողովրդավարության համաթիվ 2020» զեկույցը, ըստ որի՝ Հայաստանը դարձյալ դասակարգվել է որպես «հիբրիդային ռեժիմ»։ 167 երկրների շարքում Հայաստանը հայտնվել է 89-րդ տեղում՝ 5,35 միավորով։ Նախորդ տարվա՝ «Ժողովրդավարության համաթիվ 2019» զեկույցում Հայաստանը 86-րդ տեղում էր՝ 5,54 միավորով․ այսինքն՝ գրանցել է անկում 0,19 միավորով։

Ինչպես նշում են զեկույցի հեղինակները, 2020-ին Հայաստանի դիրքերի նվազումը՝ 2018-2019-ի բարելավումից հետո, պայմանավորված է ղարաբաղյան պատերազմի ընթացքում Հայաստանի կառավարության սահմանած ռազմական դրությամբ, որն «էականորեն սահմանափակել է քաղաքացիների ազատությունները, այդ թվում՝ արտահայտման ազատությունը»։

Շեշտվում է, որ ռազմական դրությունը պահպանվել է անգամ հրադադարից հետո և օգտագործվել է որպես «հակակառավարական ցույցերը ցրելու և ընդդիմության առաջնորդներին բերման ենթարկելու պատրվակ»։

Տարածաշրջանային պատկեր

 Վրաստանը նույնպես «հիբրիդային ռեժիմ» է՝ 91-րդ տեղում, Ադրբեջանը՝ 146-րդը «ավտորիտար»-ների շարքում, Թուրքիան՝ «հիբրիդային ռեժիմ» է 104-րդ տեղում, Իրանը՝ «ավտորիտար»՝ 152-րդ տեղում։

«Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ» (Economist Intelligence Unit – EIU) հետազոտական և խորհրդատվական ընկերության ժողովրդավարության համաթիվը գնահատում է ժողովրդավարության մակարդակը 165 անկախ պետություններում և երկու տարածքներում։ Առանձնացվում են չորս ռեժիմներ՝ «լիարժեք ժողովրդավարություն», «թերի ժողովրդավարություն», «հիբրիդային ռեժիմ» և «ավտորիտար ռեժիմ»: Գնահատումն իրականացվում է 0-10 միջակայքում (0 միավորը բացարձակ ավտորիտար, 10 միավորը՝ լիարժեք ժողովրդավար)։