Լևոն Տեր-Պետրոսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանին

Փետրվարի 5-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը։

«Ավելի քան մեկ ժամ տևած զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք ընդգծվել է միջազգային հանրության, մասնավորապես ԱՄՆ կողմից իրականացվող և ակնկալվող հումանիտար օգնության կարևորությունը: Հրատապ խնդիր է դիտվել մանավանդ ռազմագերիների անհապաղ վերադարձը և Արցախի ու Հայաստանի բնակչության, պատերազմում զոհվածների ընտանիքների, վիրավորների եւ հաշմանդամների սոցիալական կարիքների ապահովումը»,- գրել է Մուսինյանը։

Նրա տեղեկացմամբ՝ հանդիպմանը մասնակցել են նաև դեսպանատան քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Քիմբերլի Զափֆելը և ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

Հունվարի 25-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր տանը հյուրընկալել էր ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Մեկնաբանել