ՄԻՊ-ն առաջարկում է հակամենաշնորհային «կոմպլաենսի ինստիտուտ» ներդնել

Մենաշնորհի դեմ արդյունավետ պայքարի նպատակով մարդու իրավունքների պաշտպանը առաջարկել է ներդնել կոմպլաենսի ինստիտուտ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից

Ըստ օմբուդսմենի՝ ինստիտուտի ներդնումը կապահովագրի բիզնեսին տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության խախտումներից և հնարավորություն կտա խուսափել տուգանքներից, ինչպես նաև պետության կողմից կապահովվի երկրում գործարար միջավայրի բարելավման և զարգացմանն ուղղված հակամենաշնորհային քաղաքականության իրականացումը։

Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է կատարել հետևյալ փոփոխությունները․

• սահմանել հակամենաշնորհային կոմպլաենսի (տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության պահանջներին համապատասխանության ներքին ապահովման համակարգ) հասկացությունը,

• սահմանել, որ հակամենաշնորհային օրենսդրության պահանջներին համապատասխանության ներքին ապահովման համակարգի կազմակերպման համար տնտեսվարող սուբյեկտը կամ տնտեսվարող սուբյեկտի հետ միասին մեկ խմբի մեջ մտնող անձանց ընդունվող ներքին ակտը (ակտերը) պետք է պարունակեն՝

1) տնտեսվարող սուբյեկտի գործունեության իրականացման հետ կապված տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության խախտման ռիսկերի գնահատման իրականացման կարգի պահանջներ․

2) տնտեսվարող սուբյեկտի կողմից իր գործունեության հետ կապված տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության խախտման ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումներ․

3) տնտեսվարող սուբյեկտի կողմից հակամենաշնորհային կոմպլաենսի կիրարկման նկատմամբ հսկողության իրականացմանն ուղղված միջոցառումներ․

4) տվյալ իրավական ակտին կամ տվյալ փաստաթղթերին (ներքին քաղաքականություն, կանոնակարգ) տնտեսվարող սուբյեկտի աշխատակիցներին ծանոթացնելու մեխանիզմ․

5) հակամենաշնորհային կոմպլաենսի կիրարկման համար պատասխանատու պաշտոնատար անձի մասին տեղեկություններ:

• Որպես պատասխանատվության մեղմացուցիչ հանգամանք հաշվի առնել իրավախախտում թույլ տված կազմակերպության կողմից հակամենաշնորհային կոմպլաենսի արդյունավետ ներդրման հանգամանքը։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշակած օրենսդրական նախագծերի փաթեթը ուղարկվել է Ազգային ժողով և Կառավարություն։