Ընտրություններից հրաժարվելն ունի երեք պատճառ․ Իշխան Սաղաթելյան

«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանի կարծիքով՝ «Իմ քայլի»՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու մտքից հրաժարվելն ունի երեք հիմնական պատճառ։

Առաջինը, ըստ նրա՝ այն է, որ «Իմ քայլի» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանը հասկացել է՝ ընտրությունների միջոցով վերարտադրվել չի կարող։

«Երկրորդ՝ նույն անձը հասկացել է, որ այդ ճանապարհով գնալու դեպքում լուրջ խնդիրներ է ունենալու սեփական թիմի հետ, քանի որ խորհրդարանում բախտի բերմամբ հայտնված «ուսապարկերի» մեծ մասը զգացել է մանդատն անվերադարձ կորցնելու վտանգը։ Երրորդ՝ մտածում են՝ շարժումը մարել է, և մի քիչ էլ հասարակությանը կեղծ օրակարգերով շեղելու դեպքում իրենց արածը կմարսվի, կանցնի, կգնա»,- ֆեսբուքի իր էջում գրել է Իշխան Սաղաթելյանը։

Նրա կանխատեսմամբ՝ այժմ այն քաղաքացիները, որոնք մտածում էին ընտրությունների միջոցով իշխանությունը փոխելու մասին, արդեն դուրս կգան փողոց:

Իշխան Սաղաթելյանը հայտնում է, որ փետրվարի 20-ին՝ ժամը 15։00-ին, Ազատության հրապարակում տեղի կունենա «Հայրենիքի փրկության շարժման» առաջիկա հանրահավաքը։

Փետրվարի 7-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որից հետո հայտարարություն էր տարածել․ «Հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ»,- նշված էր հայտարարությունում։

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի։