Արտահերթ ընտրությունների անհրաժեշտությանը կանդրադառնանք ճանապարհային քարտեզն ամփոփելիս։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
«Իմ քայլը» խմբակցությունը երեկ՝ փետրվարի 7-ին, վարչապետի հետ հանդիպումից հետո հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ «հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ»։ Խմբակցությունը ընտրություններ չանցկացնելու որոշումը հիմնավորել էր նրանով, որ «արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից»։
«Մենք շարունակելու ենք ճանապարհային քարտեզի իրագործման աշխատանքները և ամփոփելիս արդեն նոր կանդրադառնանք արտահերթ ընտրություններ անհրաժեշտությանը»,- նշեց Մակունցը։
2020-ի նոյեմբերի 9/10-ի զինադադարի համաձայնագրի ստորագրումից հետո, որը վերջ դրեց Ղարաբաղում պատերազմին, հանրային բողոքի ցույցերի և այլ դրսևորումների արդյունքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց տասնհինգ կետից բաղկացած ճանապարհաին քարտեզի մասին՝ նոյեմբերի 18-ին։
ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ Լիլիթ Մակունցը տվեց «հանրային պահանջի» ձևակերպումը․ «Հանրային պահանջի ձևակերպման առաջնային մեխանիզմներից մեկը դա ընդդիմության և ընդհանրապես քաղաքական ուժերի կողմից ներկայացվելու տեսքով է։ Եվ քանի որ այդ քաղաքական ուժերը, ինչպես մենք նշել էինք՝ խորհրդարանական ընդդիմությունը, ինչպես նաև արտախորհրդարանական ընդդիմության գերակշիռ մեծամասնությունը, այդ պահանջը չի ձևակերպել։ Իհարկե, ցանկացած քաղաքական ուժի շփման շրջանակը, այդ թվում՝ քաղաքացիների հետ, որոշակի ձևով սահմանափակված են, բայց նաև մեր շփումները քաղաքացիների հետ չեն հաղորդում մեզ այդպիսի ազդակներ»։
Խորհրդարանական ընդդիմությունն ասում է, որ վարչապետի՝ ընտրությունների վերաբերյալ հուշագիր ստորագրելու մասին պայմանը չեն ընդունել, ոչ թե արտահերթ ընտրությունների օրակարգը։ Լիլիթ Մակունցի կարծիքով՝ շատ կարևոր է, թե ինչպես պետք է անցկացվեն ընտրությունները։
Հարցին, թե սահմանադրական ճանապարհով իշխանության ձևավորմանը գործընթացը փակուղի տանելուց հետո, այլ՝ անցանկալի, թեժ իրավիճակ չի՞ ստեղծվի, Լիլիթ Մակունցը պատասխանեց․ «Ընդդիմության կողմից իշխափոխության պահանջը հնարավոր է իրականացնել բացառապես ընտրությունների միջոցով։ Դրանով է պայմանավորված եղել, որ մենք ասել ենք՝ եկեք արտահերթ ընտրություններ անցկացնելու տարբերակը քննարկենք և չենք առարկել»։
«Իմ քայլը» խմբակցության ղեկավարը վստահեցնում է, որ ընտրություններ չանցկացնելու որոշմանը վրա չի ազդել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարությունը․ «Մեր որոշումները որևէ կերպ «վախենալու» կոնտեքստում չեն կարող լինել, որովհետև մեր կողմից է հենց հնչել արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկը»։