Լիտվայի խորհրդարանի Հայաստանի հետ միջխորհրդարանական խմբի անդամները հայտարարություն են արել, որով կոչ են անում Ադրբեջանին արագացնել աճյունների, ռազմագերիների ու պատանդների փոխանակումն ու նրանց վերադարձը Հայաստան։ Այս մասին հայտնում է Լիտվայում ՀՀ դեսպանությունը։
«Կոչ ենք անում Ադրբեջանին արագացնել աճյունների, ռազմագերիների, պատանդների փոխանակումն ու անհապաղ կասեցնել վերջիններիս նկատմամբ հարուցված քրեական գործերը և վերադարձնել Հայաստան: Գերիների անհապաղ և առանց նախապայմանների վերադարձն Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության մթնոլորտի վերականգման առաջին քայլերից մեկը կլինի։ Կոչ ենք անում նաև Եվրոպական միության մարմիններին Ադրբեջանի հետ ներկա և ապագա հարաբերությունների համատեքստում հետևողականորեն բարձրացնել մարդասիրական այս հարցը»,- ասված է հայտարարությունում։
Ավելի վաղ Եվրամիությունը և ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով փորձագետներն էին կոչ արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել գերեվարված հայ զինծառայողներին։