ՊՎԾ-ն ստուգումներ է սկսել առողջապահության նախարարությունում 

Պետական վերահսկողական ծառայությունը (ՊՎԾ) ստուգումներ է սկսել առողջապահության նախարարությունում։ Այս մասին «Սիվիլնեթ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՊՎԾ-ից։ 

ՊՎԾ-ից հայտնել են նաև, որ «ուսումնասիրության բովանդակության և ընթացքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումն այս պահին նպատակահարմար չէ ու չի բխում ուսումնասիրության արդյունավետությունից»։ «Ուսումնասիրության արդյունքներն ամփոփելուց և ՀՀ վարչապետին զեկուցելուց հետո ըստ անհրաժեշտության այն կհրապարակայնացվի»,- հայտնել են վերահսկողական մարմնից։ 

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ևս հաստատում է ՊՎԾ-ի կողմից իր ղեկավարած գերատեսչությունում ստուգումներ սկսելու փաստը։ Հարցին, թե արդյոք ստուգումները վերաբերում են կորոնավիրուսի դեմ պայաքարի շրջանակում ստացված հատկացումներին և ծախսերին, Ավանեսյանը պատասխանեց. «Ամբողջ ծավալը կդժվարանամ ասել, և՛ կորոնավիրուսով, և՛ բյուջեով որոշակի շրջանակ կա խնդիրների, որոնք ուսումնասիրության փուլում են»։ Նրա խոսքով՝ ուսումնասիրությունը շարունակվում է։ 

Անդրադառնալով օտարերկրյա կառույցների՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Հայաստանին ցուցաբերած աջակցության և այդ շրջանակում ստուգումների մասին, Ավանեսյանն ասաց՝ դոնորներից աջակցությունը հիմնականում եղել է բժշկական սարքավորումների տեսքով։ 

Սիվիլնեթը նոյեմբերի 25-ին հաշվակել էր միջազգային կառույցների կողմից ստացված աջակցության չափը. այն կազմել էր 429 միլիոն դրամ։ 

Տե՛ս նաև՝ Հայաստանը մոտ 429 միլիոն դոլար աջակցություն է ստացել կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Մկրտիչ Կարապետյան