Մեր օրակարգում է ՆԳՆ և պարեկային ոստիկանության ձևավորումը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ոստիկանության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ: Այս մասին հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը։

«Մենք բազմիցս ասել ենք, որ դատաիրավական համակարգի բարեփոխումները մեր այս տարվա կարևորագույն անելիքների շարքում են, և այդ համատեքստում ոստիկանության ոլորտի բարեփոխումները նույնպես չափազանց կարևոր են: Մեր օրակարգում է առաջիկայում ներքին գործերի նախարարության ձևավորման գործընթացը: Զուգահեռ նաև սկսել ենք և այս տարի պետք է արդեն շոշափելիորեն, տեսանելի մեկնարկենք պարեկային ոստիկանության հիմնադրումը: Գործընթացն արդեն սկսված է, և այսօր պիտի քննարկենք նաև, թե այս համատեքստում ինչ հրատապ անելիքներ կան, որպեսզի ծրագիրը, որը, ցավոք, պատերազմի պատճառով մի փոքր հետաձգվել է, ավելի չհետաձգվի, և այս տարի կարողանանք, ինչպես պլանավորված է, իրագործել այդ նախագիծը»,- նշել է Փաշինյանը։

Վարչապետին ներկայացվել է Պարեկային ծառայության ստեղծման ուղղությամբ իրականացված աշխատանքների, այդ թվում՝ ընդունելության արդյունքների և մասնակիցների ընտրության մասին: Մանրամասներ են ներկայացվել կրթական դասընթացի վերաբերյալ, որը, պատերազմով պայմանավորված՝ մի փոքր հետաձգումով, մեկնարկել է 2021թ. հունվարի 18-ից և տևելու է 5 ամիս: Խորհրդակցությանը քննարկվել է նաև Ներքին գործերի նախարարության կառուցվածքի նախնական մոդելը: