Աութսորսը հայաստանյան ՏՏ ոլորտի թույլ կողմերից է

Խոսելով Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացումը աութսորսի հետ կապելու հեռանկարի մասին՝ Արա Մարկոսյանը նշել է, որ կայունության տեսակետից այս ճանապարհով զարգացումը ոլորտի թույլ կողմերից է։ Այդուհանդերձ, այն գոյություն է ունենալու այնքան ժամանակ «քանի դեռ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կլինի աութսորսը»։

Անդրադառնալով տարիներ շարունակ ՏՏ ոլորտի զարգացումը որպես գերակա ճյուղ հռչակելու ու ոլորտում Հայաստանի մրցակցային առավելությունների հարցին՝ Մարկոսյանը նշել է, որ այս առումով հեռանկարային է ծրագրային ապահովման նախագծման այն սեգմենտը, որը կապված է չիպ-դիզայնի հետ։ «Այս բնագավառում Հայաստանը հայտնի է, քանի որ երկրում ներկայացված են աշխարհի երեք խոշոր ընկերություններից երկուսը՝ Synopsys-ը և Mentor Graphics»,- ասել է Մարկոսյանը։

Նա ներկայացրել է նաև հիմնական խոչընդոտները։ «Լավ կլիներ, որ պետությունը ունենար զարգացման ռազմավարական տեսլական և ասեր՝ որ ուղղությամբ է պետք շարժվել և ներդրումներ կատարել։ Պետությունը ցավոք այսօր հնարավորություններ չունի ներդրումներ կատարելու, չունի նաև իր տեսլականը»,- նշել է Մարկոսյան։

Մեկ այլ խնդիր է նաև կրթական համակարգի բարելավումը և դրա համապատասխանեցումը ընկերությունների պահանջներին։ «Խոշոր ընկերությունները, որոնք գալիս են Հայաստան, մշտապես տաղանդներ են փնտրում։ Հայաստանյան բուհերի հիմնական խնդիրը որակյալ կադրերի պատրաստումն է, որպեսզի երկրում ներկայացված ընկերությունները ինչ-որ պահի չկորցնեն հետաքրքրությունը և չգնան Հնդկաստան և Չինաստան»,- ասել է Մարկոսյանը։

Նշենք, որ ԱՄՆ-ում 1981թ. հիմնադրված Mentor Graphics, Inc.-ը էլեկտրոնային նախագծման ավտոմատացման արդյունաբերության աշխարհում երրորդ խոշոր ընկերությունն է։ Mentor Graphics-ը հայկական շուկա մուտք է գործել 2008թ.՝ գնելով Ponte Solutions-ը։ Ներկայում ընկերությունը Հայաստանում 100 աշխատակից ունի։